Եթե հիշում եք, այս տարվա գարնանը քաղաքամայր Երեւանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում հռչակվեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»։ Գեղեցիկ ու ճոխ միջոցառումներ եղան, արար աշխարհից համապատասխան հյուրեր, գրքին նվիրված հուշարձաններ տեղադրվեցին Երեւանի կենտրոնում։ Այս ամենն, ինչ խոսք, տպավորիչ է, առավել եւս, որ 2012-ին նշում էինք ու դեռ նշում ենք Հայ գրատպության 500-ամյակը։
Բայց…
Եթե Երեւանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք է, ապա մի՞թե դա առաջին հերթին մեր մեծերի հանդեպ գործնական ուշադրությամբ չպետք է արտահայտվեր։
Այցելեք Աբովյան փողոցի թիվ 29 շենքի 4-րդ բնակարան։ Սա հատկապես գրքին, գիր-գրականությանն ու մշակույթին առնչվող պաշտոնյաներին ենք ասում։ Այցելեք, ու տեսնեմ կշարունակե՞ք պնդել, որ Երեւանը «Գրքի մայրաքաղաք» է։ Գուցե շատերը չգիտեն էլ, ուստի ասենք, որ Երեւանի նշված՝ Աբովյան-29, բնակարան 4 հասցեում է գտնվում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:
Կարդացեք նաև
Տեսնել է պետք, թե մեր մեծ գրողի տուն-թանգարանի աշխատակազմը, Կարինե Ռաֆայելյանի գլխավորությամբ, ինչ խնամքով ու ինչպիսի հոգատարությամբ է պահում-պահպանում Դերենիկ Դեմիրճյանի տունը: Այստեղ, սենյակից սենյակ շրջելիս, քեզ թվում է, թե ինչ-որ հրաշքով հայտնվել ես 1940-50-ական թվականներում եւ ահա ուր որ է դուռը կբացվի ու ներս կգա խոսքի մեծ վարպետը. այնքան զգալի է Դերենիկ Դեմիրճյան կենդանի շունչը: Ու հենց միայն այդ զգացողությունն արդեն հուշում է, որ մարդիկ, իրենց գործի հմուտ գիտակը լինելով, ոչ միայն ամեն ինչ անում են այնպես, ինչպես պետք է, այլեւ հոգի են դնում այդ գործի մեջ:
Հապա էլ ինչո՞ւ պետք է որեւէ հակասություն լինի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան այցելելու եւ «Գրքի մայրաքաղաք» կոչվելու մեջ, թերեւս կտարակուսեն շատերը։
Այո, տուն-թանգարանի աշխատակազմը բարեխղճորեն ու սիրով է անում իր գործը: Բայց կան բաներ, որ նրանցից կախում չունեն: Տարիների ընթացքում բնակարանի վերին հարկերից հոսած ջրերը վնասել են Դերենիկ Դեմիրճյանի տան առաստաղն ու պատերը: Բացի դրանից, այդ «ջրոցու» հետեւանքով առանձին ցուցանմուշներ անպիտան են դարձել, ժամանակի հետ պոկվել-թափվել են ծեփը, ու տխուր, շա՛տ տխուր տպավորություն ես ստանում, երբ թանգարանում շրջելուց հետո հանկարծ տեսնում ես այդ վիճակը:
Այնպես չէ, իհարկե, որ պաշտոնավոր մարդիկ ընդհանրապես չեն եղել կամ չեն լինում այստեղ:
Ինչպես տեղեկացանք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանից, օրինակ, այս տարի հատուկենտ պաշտոնյաներ են այցելել իրենց: Այդ քչերի մեջ մեր զրուցակիցը նշեց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին, ու հատկապես խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին: Ի պատիվ կին քաղաքական գործչի պետք է ասել, որ տիկին Նաղդալյանը ոչ թե սոսկ այցելել է, այլեւ համակարգչային տեխնիկա է տրամադրել տուն-թանգարանին:
Շնորհակալություն, իհարկե, բայց կա եւ մնում է հիմնական հարցը։ Թեպետ անցած 18-20 տարիներին այստեղ 1-2 անգամ մասնակի նորոգումներ եղել են (եղած սուղ միջոցների չափով), տուն-թանգարանը արդեն հիմնավոր վերանորոգման կարիք ունի: Բայց ո՞վ պետք է զբաղվի այդ հարցով: Ո՞վ:
Մենք միամտորեն կարծում ենք, որ դրանով պետք է, չէ, ուղղակի պարտավոր է զբաղվել պետությունը, առաջին հերթին իր կառավարությամբ, մշակույթի նախարարությամբ, Երեւանի քաղաքապետարանով:
Կարելի է, ու պետք է, իհարկե, Հայ գրատպության 500-ամյակ նշել: Կարելի է Երեւանում գրքին նվիրված տասնյակ ու տասնյակ արձաններ տեղադրել, կարելի է ճոխ միջոցառումներ անել: Կարելի է…
Բայց գուցե այն բանից հետո կամ այն բանին զուգահեռ, որ քո մեծագույն գրողներից մեկի տուն-թանգարանը բարվոք վիճակի բերես, նորոգես: Էլ չենք խոսում Դերենիկ Դեմիրճյանի արձանը տեղադրելու մասին: Առավել եւս, որ այս տարի լրացավ գրողի ծննդյան 135-ամյակը: Ու մանավանդ որ կա Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումը, կա հատկացված տեղը՝ տուն-թանգարանի առջեւ, կա քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հեղինակած արձանը, որ դեռ հեռավոր 1983-ին մրցույթով հաղթող է ճանաչվել։
Ամեն ինչ կա, միայն հովանավոր ու ֆինանս չկա։ Ու գրողի տուն-թանգարանն էլ, որ սոսկ տուն չէ ու սոսկ թանգարան չէ, այլ գրական-մշակութային օջախ, ասես խեղճացած ծվարել է սննդային մի կրպակի հետնամասում։
Իսկապես ամո՛թ: Ի վերջո, մեկի մասին պատկերացում են կազմում նաեւ նրանով, թե նա ինչպես է վերաբերվում իր ազգի մեծերին ու գործնականում ինչով է դրսեւորում այդ հարգանքն ու մեծարանքը: Եվ հատկապես այդ տեսանկյունից Դերենիկ Դեմիրճյանի տան ծեփաթափ առաստաղն ու ջրված պատերի տեսքը ոչ մի լավ բան չեն հուշում բնավ:
Հ.Գ.- Երբ պատրաստում էի այս հրապարակումը, ֆեյսբուք ցանցով ստորագրահավաքի միանալու հրավեր ստացա։ Պարզվում է՝ անմոռանալի ու անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանն ուղղակի ահավոր վիճակում է, եւ մի խումբ սրտացավ մարդիկ հանդես են եկել նախաձեռնությամբ ու ստորագրահավաք են անցկացնում, որ դիմեն մշակույթի նախարարություն, որպեսզի Խորեն Պալյանի ու Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարան ճանաչվի…
Միացա այդ նախաձեռնությանը, իհարկե։ Ու իհարկե՝ երկրորդելով վերը ասածս «Ամո՛թ»-ը։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»