Հանրապետական կուսակցությունն այսօր համագումար կանի և նախագահի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: Մինչ այդ, Սարգսյանին հաջողվեց անել այնպես, որ նրա գլխավոր հավակնորդ դիտվող Գագիկ Ծառուկյանը հրաժարվի առաջադրվելուց: Սա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն էր, որը սակայն մեռավ դեռ, ըստ էության, չծնված: Մյուս թեկնածուները, որոնց թվում կարող են լինել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության ունակ չեն ներկայիս իրենց ուժերով ընտրություններին հաղորդել այն ինտրիգը, որը կարող է անկանխատեսելի դարձնել հնարավոր արդյունքները: Թեև, եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ դրան ի զորու չէր լինելու նաև Գագիկ Ծառուկյանը:
Պարզապես Ծառուկյանի դեպքում շատ էր լինելու աղմուկը: Հիմա Սերժ Սարգսյանին սպասում են հնարավորինս անաղմուկ ընտրություններ, և սա նրա ու նրա կուսակիցների համար երևի թե երանելի վիճակ է: Սակայն ինչքան իշխանության համար երանելի է այս վիճակը, այնքան այն տխուր է Հայաստանի համար, Հայաստանի հասարակության համար, որը հայտնվում է անայլընտրանք իրավիճակում: Եվ մեծ հաշվով, ինչպես էլ զարգանան իրադարձությունները և ինչպիսին էլ լինի թեկնածուների կազմը, իրավիճակը հենց այդպիսին է լինելու գրեթե երաշխավորված:
Սա Հայաստանի Հանրապետության պարտությունն է, և անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, անկախ ընթացքից և որակից, կարող ենք ասել, որ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին այս ընտրություններից դուրս են գալու պարտված, որովհետև չպարտվելու համար հարկավոր էր որակական այլընտրանք, արժեքային, գաղափարական այլընտրանք, որն այդպես էլ չձևավորվեց:
Սրա համար իրենց պատասխանատվության բաժինն ունեն բոլորը` սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած այլընտրանքի ու ընդդիմության առաջնորդներով: Եվ եթե Սերժ Սարգսյանին այս ամենը ձեռնտու էր զուտ իշխանական ու անձնական շահերի տեսանկյունից, մնում է միայն գուշակել կամ ենթադրել, թե ինչի համար էր այս ամենը ձեռնտու մատուցված խաղի մյուս մասնակիցներին, որոնք խնդիրը արժեքային, գաղափարական տիրույթից տեղափոխեցին ինտրիգային տիրույթ, ուր իշխանությունները իրենց միշտ էլ զգացել են ինչպես ձուկը ջրում: ՀՀԿ-ի այսօրվա համագումարը այս տեսանկյունից հանդիսանում է պարզապես Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի շքերթ:
Կարդացեք նաև
«Ժամանակ»