Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում չկա այնպիսի գրող, որ միայն գիրք գրելով ու տպագրվելով կարողանա ապրել». ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը 55 տարեկան է

Դեկտեմբեր 15,2012 11:22

Այսօր ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի հիմնադրման 55-ամյակի առթիվ Լոռու մարզի գրական կյանքի զարգացման, հայ գրականության մեջ ունեցած վաստակի համար  ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Ոսկե մեդալով»,  ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից շնորհակալագրերով պարգեւատրվելը բաժանմունքի նախագահ  Մանվել Միկոյանի խոսքերով էլ ավելի պարտավորեցնող է:

«Յուրաքանչյուր գնահատական ավելի է պարտավորեցնում, եւ  ես ավելի եմ պարտավորված զգում, որպեսզի բաժանմունքը առավելագույնս ակտիվ աշխատի»:

Չնայած նրան, որ այսօր մարդիկ գիրք կարդալը մոռացել են, այնուամենայնիվ, Մանվել Միկոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ մարզի գրական կյանքում ակտիվ ժամանակաշրջան է:

Ակտիվության պատճառներից մեկն էլ երիտասարդ գրողների` հանրապետական գրական մամուլում տպագրվելու հնարավորությունն է, ինչպես նաեւ  տարաբնույթ գրական մրցույթների, այդ թվում` նաեւ ինտերնետային ձեւաչափով մրցույթների  մասնակցելն ու մրցանակներ ստանալը:

«Մեր կողմից գնահատականի արժանանալն է խթանում: Երիտասարդներին միշտ ներկայացրել եմ հանրապետական գրական մամուլում տպագրվելու, քանի որ  առաջին հերթին երիտասարդներն ունեն աջակցության  կարիք, եւ նրանց   հարկավոր է աջակցել, որ կայանան, ու  մենք ունենանք փոխարինողներ»:

Նա համոզված է, որ ինչպես աշխարհի զարգացած երկրները, որտեղ համացանցն ավելի վաղ է տարածում գտել,  հաղթահարեցին գիրք չկարդալու, գրքից մի պահ կտրվելու փուլը, այնպես էլ մեզ մոտ այդ փուլը ժամանակի ընթացքում կհաղթահարվի, եւ  մարդիկ կվերադառնան տպագիր գրքերի ընթերցանությանը:

Խոսելով խնդիրների մասին` Մանվել Միկոյանը նշում է, որ ՀՀ-ում դեռ չեն եկել այնպիսի ժամանակներ, որ միայն գիրք գրելով մարդը կարողանա հաց վաստակել:

«ՀՀ-ում չկա այնպիսի գրող, որ միայն գիրք գրելով կարողանա ապրել: Բոլորն էլ զուգահեռ ինչ-որ աշխատանք կատարում են, որպեսզի ապրեն:  Երանելի ժամանակներ կլինեին, եթե գրողները միայն գիրք գրելով ու տպագրվելով  իրենց հարցերը լուծեին: Ինչպես վերջերս Լեւոն Անանյանը նշեց`մեզ մոտ գրականությունը եւ ընդհանրապես մշակույթը ոչ թե ապրում, այլ գոյատեւում է »:

Ըստ նրա` պատճառը պետական աջակցության սահմանափակ լինելն է:

Ու չնայած դրան`տարեցտարի մարզում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր համալրում են ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի շարքերը:

«Գրողների միության անդամների քանակով եւ ճանաչվածությամբ Լոռու մարզային բաժանմունքը ՀՀ-ում  Երեւանից հետո երկրորդն է»:

Մանվել Միկոյանը դա պայմանավորում է մարզում  լուրջ գրողների, գրականագետների, թարգմանիչների ծավալած գործունեությամբ եւ նրանց` հանրապետական գրական մամուլում տպագրվելով:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31