Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կբաժանվի ԲՀԿ-ի ժառանգությունը

Դեկտեմբեր 15,2012 11:09

 Եվ այսպես. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշեց չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ավելին` նրա ղեկավարած կուսակցությունը չի սատարելու որեւէ թեկնածուի: Այս որոշումը իրարամերժ կարծիքների ու շահարկումների տեղիք տվեց, եւ դրանք կշարունակեն հնչել ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը: Որոշ ուժեր հիասթափություն ապրեցին, ոմանք «ըմբռնումով մոտեցան» եւ այլն: Սա այլ հարց է:

Սակայն եթե ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, հրաժարվում է սատարել որեւէ թեկնածուի, նույնը չի կարելի ասել ԲՀԿ-ի 400-500 հազարանոց ընտրազանգվածի մասին, որը հիմա կանգնած է ընտրության առջեւ:

Եթե ԲՀԿ-ն ունենար սեփական գաղափարախոսություն, եւ նրա ընտրազանգվածը լիներ այդ գաղափարախոսությունը կրողը, կուսակցությունն այս առումով կլիներ հարաբերականորեն միասնական իր դիրքորոշումների եւ գործողությունների մեջ:

Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ: Հենց այս պատճառով էլ նրա ընտրազանգվածը բազմաշերտ է, եւ յուրաքանչյուր շերտ ուներ կամ ունի իր ակնկալիքները:

Փորձենք ենթադրել, թե ինչ տեղաշարժեր կարող են լինել ԲՀԿ-ի ընտրազանգվածի հիմնական խմբերում:

Գործարարներ

Հայտնի է, որ այս կուսակցության մեջ քիչ չեն գործարարները, որոնց համար առաջնային կարեւորություն ունի սեփական բիզնեսի ապահովությունն ու անձեռնմխելիությունը: Բնական է կարծել, որ այս խումբը ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակի դեպքում տեսնում էր ոչ միայն իր բիզնեսի անվտանգությունը, այլեւ ծաղկումը:

Հետեւաբար, չի բացառվում, որ գործարարների մի մասը փորձի «տանիք» փնտրել այլ ուժերի մոտ, այսպես ասած, «քաղաքականապես» կողմնորոշվի, քանի որ ամեն դեպքում կարեւորը բիզնեսն է:

Կարիերիստներ

Այսպիսիք էլ կան ԲՀԿ շարքերում, որոնք կուսակցություն են մտել զուտ ծառուկյանական բարիքներից օգտվելու համար, նաեւ, ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակի դեպքում, ակնկալելով պաշտոններ ստանալ գործադիրում։

Սակայն ներկա զարգացումների պայմաններում կարիերիստների հույսերը կարծես ի դերեւ են ելնում: Դժվարությունն այն է, որ այլ ուժերի հարել չեն կարող, ասենք, ընդդիմադիր որեւէ ուժի հարելու դեպքում ստիպված պիտի լինեն հրաժարվել պաշտոն ստանալու հեռանկարից: Ուրիշներն էլ դժվար թե նրանց ընդունեն:

Գործերը այլ կերպ կդասավորվեին, եթե ընտրություններից հետո ձեւավորվեր կոալիցիա ԲՀԿ-ի մասնակցությամբ, բայց այդ հեռանկարն էլ չկա: Այսինքն` կարիերիստների համար ստեղծագործական երեւակայության անհրաժեշտություն կա ինքնուրույն աշխատելու եւ արարելու առումով:

Բողոքավորներ

Ընտրազանգվածի բողոքավոր հատված ունի ցանկացած կուսակցություն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընտրազանգվածի բողոքավորներին, ապա միանշանակ չի կարելի ասել, թե ընտրություններում նրանք անպայմանորեն իրենց ձայնը տալու են ընդդիմադիր թեկնածուներին: Նրանց մի զգալի մասը դժգոհ է նաեւ ընդդիմությունից:

Չնայած այս խմբից մի հատվածի անցում ընդդիմադիր դաշտ, այնուամենայնիվ, հնարավոր է, նույնքան հնարավոր, որքան քվեարկելը հօգուտ իշխանության թեկնածուի։

Մարզային բնակչություն

Այս խումբը մարզային բնակչության այն հատվածն է, որին բաժին է հասել ԲՀԿ ղեկավարի բարեգործական ակցիաներից: Իր գերակշիռ մասով այն նույն խումբը, որը գառ ու ոչխար մորթելով` դիմավորում էր թագավորին: Հիմա ընտրություններում անթագավոր մնացած մարդկանց մի զգալի մասը ուղղակի չի մասնակցի ընտրություններին` «մեր ուզածը չի, գնանք ի՞նչ անենք» պատճառաբանությամբ:

Բայց այստեղ կա մի նրբություն: Եթե ԲՀԿ-ի թեկնածուն չի մասնակցում ընտրություններին, եւ կուսակցությունն էլ չի սատարում որեւէ թեկնածուի, բացառված չէ, որ մինչեւ ընտրությունները հայտնվեն այլ «թագավորներ»: Եվ այս դեպքում էլ, թերեւս, մեր «ազգային ավանդույթից» բխում է մեկ այլ պատճառաբանություն` «մեկ ա մեր ուզածը չկա, ինչի՞ չվերցնենք»:

Եվ վերջում

Գագիկ Ծառուկյանի` իր թեկնածությունը ընտրություններում չառաջադրելու որոշումից հետո ԲՀԿ-ն անկասկած ընտրազանգվածի լուրջ կորուստներ է ունենալու: Այդ կորուստները կազդե՞ն բուն կուսակցության վրա` ընդհուպ մինչեւ քայքայում, կախված կլինի կուսակցության նախագահի որդեգրած քաղաքականությունից: Եթե նրան հաջողվի, վերակազմավորելով կուսակցական միջուկը, որդեգրելով հեռահար քաղաքական ռազմավարություն եւ նախապատրաստվելով 2018թ. ընտրություններին, ապա հեռանկարը կարող է խոստումնալից լինել։

Իսկ եթե քաղաքական առումով անորոշ կեցվածքը պահպանվի, ԲՀԿ-ի ապագան կդառնա խիստ կասկածելի:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31