Ոմն 20-ամյա Ադամ Լանզան այսօր առավոտյան մտել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութոն ավանի Sandy Hook տարրական դպրոց եւ հրազենից կրակ բացել երկու դասարաններում գտնվող մարդկանց վրա։
Նա սպանել է 26 մարդ, այդ թվում 20 երեխա։ Ապա Լանզան, ըստ ոստիկանների, ամենայն հավանականությամբ, անձնասպան է եղել։
Զոհերի թվում են դպրոցի տնօրենը, հոգեբանը, ինչպես նաեւ Լանզայի մայրը, ով դասավանդել է այդ դպրոցում։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն, նախքան դպրոց գնալը, Լանզան տանը սպանել է նաեւ իր հորը։
«Անասելի ողբերգական տեսարան է, ես պարզապես խոսքեր չեմ գտնում»,- ասել է Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանության խոսնակ, լեյտենանտ Փոլ Վանսը։
Կարդացեք նաև
Քննիչները տեղում հայտնաբերել են «Բուշմայսթեր», «Գլոք» եւ «Սիգ Սաուեր» տեսակի ինքնաձիգ ատրճանակներ։ Ոստիկանները դպրոցից տարհանել են աշակերտներին եւ ուսուցիչներին։ Հանցագործության դրդապատճառները տակավին հայտնի չեն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ ուղերձով։ Նախագահը ցավակցություն է հայտնել սպանվածների ազգականներին եւ ասել է, որ համայն Ամերիկան աղոթում է նրանց համար։ Նախագահն իր ելույթի ընթացքում դժվարությամբ է զսպել արցունքները։
Օբաման ասել է, թե Ամերիկան առաջին անգամը չէ, որ նման ողբերգություն է ապրում եւ որ դրա կրկնությունը կանխելու համար երկիրը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` անկախ քաղաքական ենթատեքստից։
Ըստ վերլուծաբանների, Օբամայի ակնարկը վերաբերվում է զենքի հսկողությունը խստացնելու գաղափարին, որն ԱՄՆ-ում ունի թե աջակիցներ եւ թե երդվյալ ընդդիմախոսներ։
«Եթե այս դեպքից հետո էլ չպետք է խոսենք զենքի հսկողության մասին, ապա ես չգիտեմ, թե էլ երբ դա անել,- արձագանքելով այսօրվա ողբերգությանն, ասել է Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջերոլդ Նադլերը։
Բարաք Օբաման ասել է, որ դաշնային մարմինները պատրաստ են ըստ ամենայնի աջակցել Կոնեկտիկուտի իրավապահներին։
ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է որպես սգո նշան խոնարհել պետական հիմնարկների տանիքներին տեղադրված պետական դրոշները։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան