Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ, պարոն Զաքարյան, խնդրում ենք, մի գնացեք: Ներեցեք մեզ»

Դեկտեմբեր 15,2012 10:05

Մեր ընթերցողին Աշոտ Զաքարյան անունը շատ լավ ծանոթ է. նրան ներկայացնելու կարիք երևի չկա. բայց ամեն դեպքում:Ղարաբաղյան պատերազմի մասնակից, շատերի գնահատմամբ՝ հերոսական մարտական ուղի անցած ազատամարտիկ:

Վազգեն Սարգսյանի թիմի անդամ է եղել, 2002 թվականին Ռազմական ոստիկանության Գյումրիի բաժնի պետ: 2003 թվականի նախագահական ընտրություններում, երբ ընդդիմության միասնական թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն էր, հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի ընտրակեղծարարը լինելուց: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լքել է պաշտոնը և դարձել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: 2004 թվականին ընդդիմության Գյումրիում կազմակերպած հանրահավաքից հետո ձերբակալվել է, շուրջ երկուսուկես ամիս անցկացրել բանտում: 2008 թվականին պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եղել է Գյումրիի նրա նախընտրական շտաբի պատասխանատուներից մեկը, ինչի արդյունքում դարձել է քաղբանտարկյալ. 2008-ի շուրջօրյա հանրահավաքի շուրջօրյա մասնակիցներից լինելով՝ ձերբակալվել է փետրվարի 25-ին՝ Երևանի Թումանյան փողոցից: Մինչև 2009 թվականի համաներումը եղել է քաղբանտարկյալ: Ապա՝ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի ղեկավար: 2011թ. մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքի շուրջօրյա մասնակից է: 2012-ին «Հանրապետություն» կուսակցության հետ հեռացել է Հայ ազգային կոնգրեսից:

Օրերս կայքերից մեկում լուր է տպագրվել այն մասին, որ Աշոտ Զաքարյանը ընտանիքով մեկնում է արտերկիր: Ինչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ղարաբաղյան պատերազմով անցած ազատամարտիկն ընտանիք պահելու խնդիր ունի Հայաստանում (ներողություն այսպիսի ենթադրություն-տեղեկատվության համար): Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրեն ինքնուրույն է պահել, չի գնացել սրա-նրա առաջ վիզ ծռել, որովհետև որքան էլ քաղաքական դիրքորոշումների հետ համաձայն լինենք կամ չլինենք, պետք է ասենք իշխանական ամեն ուժ էլ կցանկանա Զաքարյան Աշոտի նման թիմակից ունենալ: Չի գնացել գործարքների ու որոշել է գնալ Հայաստանից, եթե որոշել է գնալ, նշանակում է՝ էնքա՜ն նեղ է վիճակը, որ մնալու տեղ ուղղակի չկա: Բայց նշանակում է նաև, որ իր արժանապատվությունն ամեն ինչից վեր է դասում, ինքը՝ Ղարաբաղի պատերազմի հերոս, չի ուզում մի հատ հաստավզի կամ որ նույնն է՝ Սերժիկի առաջ խոնարհվել, որովհետև հարգում է իր անցած մարտական ուղին:

Հիմա, սիրելի՛ ընթերցող, մեկ ուրիշ անուն. Եվա Ադամյան: Այս անունը, համոզված ենք, ձեզ ոչ մի բան չի ասում: Եվա Ադամյանի հիմնական գործն այն է, որ ֆեյսբուքում նյութեր է դնում, կարճ մեկնաբանությամբ կամ առանց մեկնաբանության: Հիմա, ուրեմն, Եվա Ադամյանը ֆեյսբուքում դրել է Աշոտ Զաքարյանի հեռանալու մասին լուրը և վերևը գրել. «Давай до свиданья»: Իբր գնում ես, ջանդամ գնաս: Ինչու է այսպես ասում Եվա Ադամյանը. Որովհետև իր ղեկավարությունից լսել է, որ Աշոտ Զաքարյանը ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը: Մենք, իհարկե, ընդունում ենք, որ Աշոտ Զաքարյանը մահացու մեղք է գործել, որովհետև իսկապես ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը: Բայց Եվա Ադամյանի մեծ ախպերներին բարեկամական խորհուրդ ենք տալիս՝ մի հատ դուք ինքներդ ձեզ կողքից նայեք:

Հա, ի դեպ, մեր կարծիքով՝ սին են այն տեսակետները, որ եթե ԲՀԿ-ի հարգարժան գործընկերները Աշոտ Զաքարյանին տրակտոր նվիրեին, նա ոմանց նման կշարունակեր մնալ Հայաստանում և ֆեյսբուքում սաստիկ ձևով կկազմաքանդեր ավազակապետությունը: Իսկ մեր կողմից ընդամենը կասենք՝ Աշոտ, պարոն Զաքարյան, խնդրում ենք, մնացեք: Խնդրում ենք, մի գնացեք: Ներեցեք մեզ»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31