«Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թ. իրեն վստահված քաղաքական պենալտին չխփեց: Ժողովրդի կողմից նման հնարավորություններ տրվում են մեկ անգամ: Երկրորդը չի տրվի: Որպես քաղաքական եւ տակտիկական առումներով մարտունակ թեկնածու, կարծում եմ, ժողովուրդն այլեւս նրան չի վստահի: Կես միլիոնանոց բանակը ոտքի տակ` պատրաստ իշխանությունը վերցնելուն, նա պասիվ տակտիկա որդեգրեց: Այսօր ոչ այդ կես միլիոնը կլինի, ոչ էլ, կարծում եմ, նրա զինանոցն ավելի ռազմատենչ է : Բանապարտը կասեր` ամենափառահեղից մինչեւ ամենաստորինն ու նողկալին` մեկ քայլ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրեց իր պատմական պահը»,- Aravot.am-ին իր դիտարկումները ներկայացրեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Մարքսիստը, նաեւ գաղափարական առումով, առաջին նախագահի մուտքը չի ընդունում. «Առ այսօր ՀՀՇ-ն նոր երգեր իր զինանացում չի հորինել: Նույն ռեպերտուարն է, նույն աղիողորմ քյամանչան, նույն դասական լիբերալիզմի շառլատանությունը»: Դ. Հակոբյանը նաեւ արձանագրում է, որ դրական եւ բացասական կողմերով հանդերձ, առաջին նախագահըն իր ազգի համար շատ մեծ գործեր է կատարել ու պատմության մեջ իր ուրույն տեղն ունի. «Նա հանգիստ կարող է իր անցած քաղաքական ուղով մտնել էնշպիլ` իմանալով, որ ժամանակի կատարել է իր պատմական առաքելությունն այնքանով, որքանով կարողացել է: Համենայնդեպս, իր պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ գործերով, հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղը կունենա»:
Ի դեպ, մեր զրուցակիցն «արքունիքից»` նախագահական նստավայրից, տեղեկություններ ուներ, որոնցով կիսվեց: Մասնավորաբար, նրա տեղեկություններով ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ դեռ սակարկում է վարչապետի աթոռը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար: Ինքը` Դավիթ Հակոբյանը, գերադասում է վարչապետի պաշտոնում տեսնել Ռոբերտ Քոչարյանին, քան թե Հովիկ Աբրահամյանին:
Ռոբերտ Քոչարյանի` նախագահական մրցապայքար մտնելու հավանականության մասին էլ ասում է. «Համենայնդեպս, նա այն դինոզավրիկն է, որն այսօրվա ՀՀԿ-ական դինոզավրիկների հետ կարող է դուրս գալ արենա: Կարծում եմ, իր քաղաքական գիշատչությամբ միակ մարդը, ով կարող է կանգնեցնել ՀՀԿ-ականների հաղթարշավը: Եթե նա իր իսկ կողմից արտասանված կարգախոսին հավատարիմ է մնացել, ապա Քոչարյանի համար տղամարդկությունը դրսեւորելու լավ ժամանակն է: Մտիր` եւ եթե ուզում ես ծառայել քո ժողովրդին, նոր պետական մեքենա ձեւավորիր` անցյալի սխալների վրա: Բայց, կարծում եմ, որ նա այդքան համարձակություն չի ունենա`մտնել քաղաքական թատերաբեմ: Ոչ միայն բարոյական արժեքային համակարգի առումով ինքն իրեն անվստահ կզգա, այլ, կարծում եմ, իշխանույուն վերադարձի համար նա տակտիկական այլ հնարքներ կկիրառի»: Մարքսիստն առավել հնարավոր է համարում Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, իբրեւ վարչապետ, այն էլ` 2018-ի նախապատրաստական աշխատանքներում` իշխանությունը փոխանցելու առումով: Բայց, եթե Քոչարյանը վերադառնա, որպես հայրենասեր` դեն շպրտելով իր արատավոր կողմերը, մարքսիստը գրեթե վստահ է, որ դրական զարգացումներ Հայաստանում կլինեն, քան որ նրա համոզմամբ, մեր երկիրը «կոշտ ձեռքի» կարիք ունի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ