Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամը (FSD-ին) Հայաստանի հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է ոչ տեխնիկական հետազոտության ծրագիր` մարզի տարածքում ականապատված եւ վտանգավոր տարածքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու եւ ճշգրտելու նպատակով: Հայաստանում նմանատիպ աշխատանքներ են նախատեսված իրականացնել վտանգված տարածքներ ունեցող 5 մարզում, իսկ Սյունիքը որպես առավել վտանգված եւ ամենաշատ ականապատ տարածքներ ուենցող մարզ, այդ աշխատանքների իրականացման մեկնարկման վայրը եղավ:
Ղարաբաղյան հակամարտությունից հետո մարզում ամենաշատ թվով ականապատված տարածքները, ըստ ծրագրի պատասխանատուների, Կապանի տարածաշրջանում են գտնվում, եւ ելնելով աշխատանքների առաջնահերթությունից` նոյեմբերի 1-ից թիմն իր աշխատանքները սկսել է Կապանի տարածաշրջանում: Մինչեւ այսօր թիմերը հետազոտել են Կաղնուտ, Դավիթ-Բեկ, Սրաշեն, Շուռնուխ, Եղվարդ, Ագարակ, Ճակատեն, Հանդ, Ուժանիս համայնքները եւ Բերդիկ պատմական վայրի հարակից անտառային հատվածները, որի ընթացքում առանձնացվել է 31 հաստատված վտանգավոր տարածք: Թիմի ղեկավար Հենրիկ Աբաջյանի խոսքով` հետազոտության ընթացքում հայտնաբերվել են ականներ, չպայթած զինամթերք եւ պայթուցիկ մնացորդներ:
«Մենք ուզում ենք տվյալների բազա ստեղծենք ոչ միայն կառավարության, այլեւ` համայնքների համար, որպեսզի նրանք նույնպես տեղեկացված լինեն վտանգված գոտիների մասին: Բացի այդ, ցանկանում ենք միջազգային հանրությանը նեկայացնենք Հայաստանում տվյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, որպեսզի ստանանք համապատասխան ֆինանսավորում մաքրման եւ վնասազերծման աշխատանքներ սկսելու համար: Շատ կարեւոր է նաեւ տվյալների բազա ունենալ ականներից եւ չպայթած զինամթերքից տուժածների վերաբերյալ», – Կապանի Օրհուս կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ նշեց Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը:
Հանդիպման ներկաները կարեւորեցին այդ աշխատանքները, նշելով, որ այն կնպաստի համայնքների բնակիչներին զերծ մնալ դժբախտ պատահարներից, իսկ մաքրման աշխատանքներից հետո հնարավոր կլինի գյուղատնտեսական նշանակության հողակտորները կրկին մշակման տակ վերցնել: Մասնակիցներից առաջարկ եղավ հետազոտությունների ծրագրում ընդգրկել տեղաբնակներին, ովքեր ավելի քաջածանոթ են տեղանքին եվ վտանգավոր վայրերին, որի դիմաց եւ աշխատավարձ կստանան: Նշվեց նաեւ, որ ականներից տուժած բնակչությունը սոցիալական աջակցության կարիք ունի եւ նախընտրելի կլինի հետագայում այդ հարցի ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկվեն:
Կապանի տարածաշրջանում աշխատանքները կավարտվեն մինչեւ հունվար ամիս, իսկ եկող տարվա հունվարից նմանատիպ հետազոտություններ կիրականացվեն Մեղրու տարածաշրջանում, որից հետո Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում: Հետագա քայլը դոնոր կազմակերպություններ գտնելու հարցն է լինելու, որոնց ֆինանսական աջակցությամբ պետք է վնասազերծվեն, մաքրվեն ականապատ տարածքները եւ հանձնվեն գյուղացիներին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ