«Ծառուկյանի` ընտրական մարաթոնից դուրս մնալը, որակում եմ արցախյան վիկինգների դինաստիայի երկրորդ էշելոնի կողմից պետական ահաբեկչություն` դեմոկրատիայի առանցքը կազմող ընտրական իրավունքի ինստիտուտի նկատմամբ: Նաեւ` ուլտիմատում, անվերապահ կապիտուլյացիայի պարտադրանք` վիկինգների դինաստիայի կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում վերջին օրերի վերադասավորումների մասին կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` ի հեճուկս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հավաստիացումների, որ Սերժ Սարգսյանը ուժի կիրառման կողմնակից չէ եւ Գագիկ Ծառուկյանին ոչինչ չի պարտադրել:
Այսպիսով, Հակոբյանի համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտներն ընկան այնպես, ինչպես Լեւ Տոլստոյի Հաջի Մուրադը` «հնձած գառի նման»: Իսկ այն, որ նման կաթվածահար ինստիտուտներով Հայաստանը գնում է նախագահական մարաթոնի, Հակոբյանի համար դա ամենատոտալիտար համակարգի մասին է խոսում. «Քաղաքացուն զրկում են ընտրվելու իրավունքից` կոմպրոմատային մարտավարությամբ»: Այս պարագայի համար էլ մարքսիստն օգնության է կանչում Ղազար Փարպեցուն. «Ամեն մի երկիր ու ժողովուրդ հեշտ ու արագ է անառականում, եթե անառակեցնողը բռնապետական կարգերն են»: Ժողովրդավարական համակարգի կորուստների առումով գերագնահատելով Գագիկ Ծառուկյանի գործողությունները, մարքսիստը միաժամանակ ընդգծում է. «Բայց ազգային շահերը եւ պետականությունը եթե կախված են մի անձի լինել-չլինելուց, ապա այդ ազգը դատապարտված է կործանման: Այնպես որ, վայնասուն բարձրացնելու կարիք չկա եւ հարկավոր է լուրջ նախապատրաստվել ապագա փորձություններին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ