Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Դեկտեմբեր 14,2012 20:48

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8- րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ: Պատանի ու նաև երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար: Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00 –ից մինչև ժամը 23:00-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը անելու է հնարավորը, որպեսզի գեղասահքի սիրահարների հաճելի ժամանցն ապահովված լինի: Սահադաշտի տոմսի արժեքն, ի դեպ, անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Տեղում կաշխատեն նաև մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձևի հմտություններին և սահել կսովորեցնեն: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

 

 

   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

   հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել