Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մատաղիսի գործով ամենավերջին դատավարությունը: Թե ՛ դատարանի նախասրահում, և թե ՛ դահլիճի ներսում ասեղ գցելու տեղ չկար, դատարանի մեծ թվով կարգադրիչներ, չգիտես ինչու , հսկում էին դահլիճի մուտքը:
Պաշտպանական ճառով հանդես եկավ 2003 թվականին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի ու Ռազմիկ Սարգսյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Սակայն մինչ այդ, դատարանը լսեց նաև սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հոր` Մովսես Մկրտումյանի վերջին խոսքը, ով, մեջբերելով մի շարք ապացույցներ, պնդեց, որ դատվող այս 3 երիտասարդները բացարձակ անմեղ են, որևէ կապ չունեն իր որդու սպանության հետ: «100 տոկոսով այս երիտասարդները չեն սպանել իմ էրեխին, ոչ մի փաստ չկա, որ իմ էրեխի մահը վրա է եկել էդ օրը `այսինքն 2003 թվի դեկտեմբերի 24-ին, բոլոր փաստերի հիման վրա իմ էրեխեն մահացել է 2004 թվի հունվարի 7-ին: Այդ մասին է խոսում դատաբժշկական եզրակացությունը, բոլոր վկաներն ասում են, որ կռիվը եղել է զորամասում, ոչ թե զորամասից դուրս : 4 ամիս իսկական մեղավորներին ձերբակալեցին, բայց հետո ինչ-ինչ պատճառոներվ նրանց քողարկեցին , էս 3 անմեղ էրեխեքի վրա շինեցին:Նրանք, նորից եմ կրկնում, 100 տոկսով անմեղ են, ես մի գրամ անգամ կասկած չունեմ, որ նրանք անմեղ են , ոչ մի փաստ չկա նրանց դեմ: Եվ հետո էդ երկու էրեխեքը տարբեր օրեր են մահացել, դիահերձման բժիշկները տվել են, որ իմ էրեխի օրգանները թարմ են, իսկ մյուս զինվորը սպանված է եղել 10-14 օր առաջ, եթե նույն օրն են սպանվել, նույն ջրում են հայտնվել, ինչո ՞ ւ պիտի դիակների մեջ էդքան տարբերություն տրվի, նման բան հնարավոր չէ: Ես գիտեմ, որ մեղավորները նրանք են, ում սկզբից ձերբակալել են, 2004 թվականի հունվարի 10-ին հանել են Ռոման Եղիազարյանի դիակը, 11-ին` մյուս օրը, նույն զորամասից փախել է Արման Գրիգորյանը, հենց իրան ձերբակալել են, ամսի 12-ին իր ցուցմունքում ինքը նշել է, որ ինքը նկատել է, որ Զոյայի խանութի մոտ զորամասի պատի տակ Ղևոնդ Եգոյանը, Վահե Հովհաննիսյանը, Սամվել Պողոսյանը, Իվան Գրիգորյանը, զամպալիտ Մայիլյանը ծեծել են էրեխեքին, հետո գցել են Վիլիսի բագաժնիքը, տարել են , չորս ամիս իրանց ուղղությամբ գնացել է, նրանց մեղադրանք է առաջադրվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի կեղծ նամակի հիման վրա Ռազմիկ Սարգսյանին ծեծել, ջարդել են, ստիպված խոստովանել է, որ ինքն է արել: Ինձ էլ էդքան ծեծեն, բոլորս էլ նույն վիճակում կհայտնվենք », -ասաց որդեկորույս հայրը:
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հանդես եկավ պաշտպանական երկար ճառով, որտեղ կետ առ կետ նշեց նախքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի չհիմնավորված լինելը: Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը չի պարզել ՀՀ ՎՃռաբեկ դատարանի որոշման պահանջները, նոր ապացույցներ ձեռք չի բերել, ավելին Վճռաբեկի հարցադրումներին ողջամիտ պատասխաններ չի տվել, ուստիև պահանջեց անմեղ ճանաչել երիտասարդներին: Ամբաստանյալները ևս հայտարարեցին, որ սա կեղծ, ապօրինի գործ է , որը իրենց դեմ հարուցվել է սպառնալիքների տակ, ծեծուջարդով: Ամսի 18-ին կհրապարակվի վճիռը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև