ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը:
Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում դիտարկումը հայկական կողմից անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Եվգենի Շարովը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չարձանագրվեց:
Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու և անմիջական դիտարկում, ինչպես նաև հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից:
ՀՀ պաշտպանության նախարարություն