Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կույր եւ վատ տեսնող մարդիկ հիասթափված են «Արեւ» ծրագրից` ժամանակին համակարգիչներ չստանալու պատճառով

Դեկտեմբեր 14,2012 18:41

Թեեւ  կույր եւ վատ տեսնող մարդկանց համար նախատեսված «Արեւ» համակարգչային ծրագիրը Լոռու մարզային գրադարանում գործում է դեռ 2009 թվականից, այնուամենայնիվ, մինչ օրս ծրագրին մասնակցել ու համակարգչային գիտելիքներ է ստացել ընդամենը  70 մարդ:

Գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանի խոսքերով այս մարդկանց հիմնական խնդիրը ոչ թե սովորելու  ցանկության բացակայությունն է, այլ հնարավորություն չունենալը` հասնելու գրադարան. «Պատճառաբանում են, որ ֆինանսների բացակայության պատճառով չեն կարողանում գրադարան հաճախել, շատ քիչ ընթերցողներ ունենք այս տարի, չեն կարողանում տրանսպորտային խնդիրները լուծել, որ գան գրադարան»:

Լոռու մարզային գրադարանի գրադարանային գործի եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի տվյալներով 2011-2012 թթ դասընթացի մասնակիցների հոսքը կտրուկ նվազել է: Վերջին երկու տարվա ընթացքում մարդիկ սահմանափակվել են միայն այցելություններով: «Թեեւ գրադարանը այժմ էլ պատրաստ է դասընթացը վարելու, սակայն, վերջին երկու տարիներին եկել են միայն այցելությունների` նախկինում ստացած գիտելիքները ամրապնդելու համար»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է գրադարանային գործի եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը (լուսանկարում): Նրա խոսքերով, եթե իրականություն դառնա գրադարանի` տրանսպորտային միջոց ձեռք բերելու նախաձեռնությունը, ապա հնարավոր կլինի էլեկտրոնային սպասարկումը իրականացնել տներում: «Աջակցության համար դիմել ենք հովանավորների, բարեգործական կազմակերպությունների:  Եթե օգնեն գրադարանին այդ միջոցը ձեռք բերելու, դրանով իսկ նրանք օգնած կլինեն բազմաթիվ շահառուների: Դրանով կլուծվի եւ կույրերի, եւ թոշակառուների, եւ ծերերի խնդիրը: Առանց տրանսպորտային  միջոցի այդքան այց կատարելը հնարավոր չէ»,-ասում է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա` այդկերպ` կվերանան այն խոչընդոտները, որոնց պատճառով կույր եւ վատ տեսնող անձինք չեն հաճախում  «Արեւ» ծրագրի դասընթացներին: «Կվերանան Ֆինանսական խնդիրներից առաջացած պատճառները, նաեւ ուղեկցող չունենալու խնդիրը հետին պլան կմղվի, քանի որ հնարավոր կդառնա դասընթացը տանը կազմակերպել»,-ասում է նա:

Լոռու մարզի կույրերի սկզբնական կազմակերպություների վարչության նախագահ Հովիկ Ծատուրյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշում է, որ միայն ֆինանսական խնդիրներն ու ուղեկցող չունենալը չեն դասընթացից  հրաժարվելու պատճառը:

Ըստ նրա` մարզի կույր եւ վատ տեսնող մարդիկ հիասթափված են:  «Համակարգիչ ստանալը յուրօրինակ խթան էր: Շատերը հույս ունեին, որ դասընթացից հետո կստանան համակարգիչներ, որով տանը կկարողանան կիրառել իրենց ստացած գիտելիքները, սակայն, ապարդյուն, շատ քիչ թվով մարդիկ են ստացել համակարգիչ` իմ իմանալով 3 մարդ »:

Նրա խոսքերը հաստատում է  վանաձորցի Սիրանուշ Ստեփանյանի փորձը:  Թեեւ վերջինս արդեն տիրապետում է համակարգչային գիտելիքների, սակայն,  տանը համակարգիչ ունենալը դեռ երազանք է: «Անցած տարի ասացին մյուս տարի կստանաս, այս տարի էլ` հաջորդ տարի: Հիասթափված եմ, ամեն տարի մյուս տարվա վրա են գցում: Այդ պատճառով էլ մարդիկ ոգեւորված չեն սովորելու համար, միեւնույն է, այն չեն կարողանալու կիրառել»,-ասում է Սիրանուշ Ստեփանյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջի տվյալներով 2012թ-ին «Արեւ» ծրագրով ուսուցում և համակարգիչ են ստացել 10 հաշմանդամություն ունեցող անձ ողջ ՀՀ-ից: Պաշտոնական տվյալներով Լոռու մարզում ապրում է 224 կույր մարդ, որոնցից 102-ը` մարզկենտրոն Վանաձորում եւ նրա հարակից գյուղերում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31