2004թ. դեկտեմբերի 15-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Թեյի միջազգային օր: «Մենք» լրագրողական ակումբը նշում է մեկ օր առաջ`դեկտեմբերի 14-ին:
«Ձմռան ցուրտ օրով որոշել ենք տաքանալ թեյի օգնությամբ: Հայերը շատ են սիրում թեյ: Կան երկրներ, որտեղ իսկապես զարգացած է թեյի մշակույթը`Անգլիա, Չինաստան, արաբական երկներ: Կարծում եմ` մեզ մոտ յուրաքանչյուրիս տանը ամեն երեկո թեյ ըմպելու արարողությունը կա»,- ասում է «Մենք» լրագրողական ակումբի նախագահ Մարգարիտա Շարիմանյանը: Իր խոքով` թեյ շատ է սիրում, այն խմում է ըստ տրամադրության. «Տարբեր տեսակի թեյեր եմ սիրում: Փորձում եմ հնարավորինս շատ տեսակներ օգտագործել: Թեմ ըմպում եմ ամեն օր, երեք բաժակից ոչ պակաս»:
«Кофейная Кантанта» խանութի աշխատակից Մելանիա Եղիազարյանը «Առավոտ երիտասարդական»-ին պատմեց, որ Հայաստանում ավելի շատ տարածված է սեւ թեյի տեսակը, սակայն հետաքրքրություն կա նաեւ կանաչ թեյի հանդեպ. «Կան թեյանման ըմպելիքներ, որոնք պարագվայական են, Հարավ աֆրիկյան են: Դրանք տարածում են գտնում մեզ մոտ»:
Մելանիան ասում է, որ հաճախորդների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ թեյի ճիշտ թրմելու ձեւը. «Դրանք ունեն իրենց թրմելու հատուկ տարբերակը, որպեսզի չազդի ճնշման վրա եւ այլն»:
Չնայած այս ամենին, աշխատակիցն այն կարծիքին է, որ թեյ ըմպելու մշակույթը Հայաստանում գնալով զարգանում է:
Միջոցառման ընթացքում եղավ տարբեր թեյերի դեգուստացիա, հնչեցին հետաքրքիր տեղեկություններ թեյի մասին` ինչպե՞ս են ամբողջ աշխարհում ըմպում այն, որտեղի՞ց է առաջացել: Եղան նաեւ մրցույթներ ու խաղեր, որոնց հաղթողները ստացան մրցանակներ:
Արամ Արարատյան