Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով հերթական դատական նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով 5 օրով կարճատեւ տեսակցության հնարավորություն տալ իր պաշտպանյալին, քանի որ նրա մայրը եւ կինը դեկտեմբերի 1-ին ավտոմեքենայի վթարի հետեւանքով գտնվում են հիվանդանոցում: Մեղադրող Արթուր Դավթյանը առարկեց «կարճաժամկետ մեկնումը», համարելով, որ դատավարական գործողություն չէ: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ինչպես նաեւ տուժողներ Արտակ Բայադյանը, Էդգար Նիկոյանը , Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը չառարկեցին միջնորդությանը: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը անգամ շնորհակալություն հայտնեց նրանց:
Դատավորը փորձեց ամբաստանյալից իմանալ, թե որտեղ է գտնվում նրա երկամյա երեխան եւ ով պետք է պահի նրան, եթե նա օրենքով սահմանված կարգով դրսում գտնվի: Նա ասաց, որ երեխային հավանաբար հանձնի ընկերոջը, իսկ այս պահին երեխան գտնվում է կնոջ հորաքրոջ մոտ, որը 10 օրից մեկնելու է Ռուսաստան:
Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը, ասելով, որ ամբաստանյալի պաշտպանը չբերեց հիմնավոր փաստաթղթեր, թե ընտանիքի 2 անդամը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այսինքն՝ կա օրենքով սահմանված «կյանքին սպառնացող վտանգ»: Բայց միեւնույն ժամանակ չբացառեց, որ եթե ամբաստանյալը ներկայացնի տեղեկություններ իր երեխայի հնարավոր խնամակալի, ինչպես նաեւ հարազատների առողջության վերաբերյալ, չի բացառվում, որ միջնորդությունը կվերանայվի: Միջնորդությունից անմիջապես հետո սկսվեց 4-րդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը: Նշենք, որ երրորդ դատական նիստն է՝ ինչ հարցաքննում են այդ տուժողին (ըստ էության՝ վերջին), հարցաքննեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ապա ամբաստանյալը: Հարցերը գրեթե նույնն էին: Պաշտպանին հետաքրքրում էր, թե ինչպիսին է եղել դեպքի օրը Վահե Ավետյանի վիճակը, թե արդյոք Վահեի կողքին գտնվող Դիանա Նավոյանի ներկայությունը կարո՞ղ էր ազդել նրա վրա, արդյոք մատուցողը վատ է տրամադրված եղել տուժողի նկատմամբ, ով է կանչել Դավիթին, Վահեն մշտապես եղե՞լ է տուժողի տեսադաշտում, արդյոք տուժողը հարվածել է Դավիթ Ադամյանին, ռեստորանային համալիրի լվացարան գնալիս ի՞նչ է արել Դավիթ Ադամյանը եւ այլն:
Կարդացեք նաև
Մատուցող Դավիթ Ադամյանն էլ հարցրեց, թե ինչու են իրեն կանչել, մուտքի մոտ արմունկով իրեն հարվածե՞լ է տուժող Արկադի Աղաջանյանը, արդյոք տուժողը լսե՞լ է, թե ինչպես է Վահեն հայհոյել իրեն: Տուժող Արկադի Աղաջանյանն ասաց, որ իրենք համալիրում ոչ հայհոյել են, ոչ թույլ են տվել որեւէ արարք, որը կարող էր նման ագրեսիվ վերաբերմունքի արժանացներ: Ավարտելով իր խոսքը, նա մատուցողին ասաց. «Ծնողներիդ եւ կնոջդ առողջություն եմ ցանկանում»: Իսկ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի գրեթե նույնաբովանդակ հարցերի կապակցությամբ էլ ասաց. «Ես ինձ համարում եմ բարոյական տուժող: Եթե դա ձեր աշխատանքն է, հաճույք եք ստանում, ինձ վերապրելը դժվար է: Վահե Ավետյանի հետ կապված հարցեր տալը ինձ դժվար է»: Արկադի Աղաջանյանին ակնհայտորեն վրդովեցրել էր պաշտպանի՝ դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք, եթե տուժող եք, ապա ինչո՞ւ եք տուժող հարցը:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանին հետաքրքրեց, թե ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում որքա՞ն մարդ է հավաքված եղել, արդյոք ամբաստանյալներին խփելու ընթացքում տեսե՞լ է, ինչի՞ց է տուժողը ենթադրել, որ հավաքվածները սպասել են Վահեին եւ ընկերներին:
Տուժողը դատարանում ցուցմունք էր տվել, որ երբ ավտոկայանատեղիի ուղղությամբ քայլել են, մարդիկ քայլել են իրենց ետեւից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ