Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանություն. ավտոմեքենաների տեխզննում անելը պարտադիր չէ, բայց կտրոն ունենալը պարտադիր է

Դեկտեմբեր 14,2012 18:03


Այսօր Aravot.am-ը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ապօրինի տուգանում տեխզննման կտրոնը թեթեւ մարդատար կամ բեռնատար ավտոմեքենաների դիմապակուն չփակցրած վարորդներին, եթե դրա համար իրավական ոչ մի հիմք չկա:

Հիշեցնենք, որ այդ մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ բարձրաձայնել էր «Աքիլլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Արթուր Օսիկյանը պատասխանեց. «Ոչ: Ես գտնում եմ, որ ոչ: Պարոն Հովհաննիսյանին ուղղեք հարցը, եթե նա ունի այլ կարծիք: Այնպես չի, որ բոլոր այն առաջարկությունները, նկատողությունները, որոնք հնչեցվեցին` բացարձակ ճշմարտություն են»:

Ըստ Արթուր Օսիկյանի, լսումների ժամանակ շատ լավ առաջարկություններ եղան: Մենք խնդրեցինք ասել, թե հատկապես ո՞ր առաջարկն է գրավել փոխոստիկանապետի ուշադրությունը. «Մասնավորապես այն, որ պետք է հեռուստատեսային հաղորդում լինի: Ոչ միայն վթարը ցույց տան, այլ դրան նպաստող պատճառը, այսինքն` ինչի՞ պատճառով եղավ վթարը: Այսինքն` առանձին նաեւ մեկնաբանություն լինի, թե ինչի հետեւանքով էր, որ վթար եղավ»:

Մեր հարցին` համաձա՞յն եք այն դիտողությանը, որ տեխզննում, որպես այդպիսին, մեքենաները չեն անցնում, միայն կտրոնն են փակցնում` նա պատասխանեց. «Իհարկե, համաձայն չեմ եզրակացության հետ կապված: Այն, ինչ իրականացվում է, գործող օրենսդրությամբ է նախատեսվում»:

Էդուարդ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ապօրինի է իսկապես թեթեւ մարդատար եւ բեռնատար մեքենաների վարորդներին տուգանել` տեխզննման բացակայության համար. «Հարցրեք պարոն Օսիկյանին` ո՞ր իրավական ակտով է դա սահմանվում, ո՞ր: Չգիտեմ՝ ինչի են տուգանում, մենք չգիտենք ինչի են անում: Մեր կարծիքով ապօրինի է, եթե կա օրենքը` թող ասեն` այս իրավական ակտով»:

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն էլ բացատրեց, որ կառավարությունը չի կարող առանձին սահմանել, թե տեխզննման երբ տանում են մեքենաները` ինչը կոնկրետ ստուգեն. «Կառավարությունը պարզապես սահմանել է առանձին պայմաններ, որոնց դեպքերում արգելվում է տրանսպորտային միջոցի շահագործումը: Մասնավորապես` եթե անվադողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը, օրինակ` երբ անվադողերը մաշված են` արգելվում է վարել: Թե դուք որտեղ կանցնեք տեխզննում, կբավարարեն պայմանները ձեզ, թե չեն բավարարի, դա ձեր սեփական ռիսկն է, քանի որ տեխզննման ներկայացնելը թեթեւ մարդատարների համար կամավոր երեւույթ է»:

Մեր հարցին` իսկ ինչո՞ւ են տուգանում, եթե կամավոր է` նա պատասխանեց, որ իրենց վրա օրենքով կա պարտականություն. «Տուգանքը կիրառվում է ոչ թե տեխզննում չանցնելու, այլ` տեխզննման կտրոնը սահմանված տեղում չփակցրած վարելու համար: Եթե կան մեկնաբանություններ, դուք մեկնաբանեք` ինչպես ուզում եք»:

Մեր հարցին` որպես համակարգի աշխատող աբսուրդ չե՞ք նկատում այդ հարցում, որ տեխզննում անելը պարտադիր չէ, բայց կտրոն ունենալը` պարտադիր, դա հարկ է փաստորեն` նա պատասխանեց. «Որեւէ աբսուրդ չեմ նկատում: Կար պարտականություն` պետք է կատարենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31