Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Նախագահական ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է

Դեկտեմբեր 14,2012 18:00

«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով Ավանում եւ Նոր Նորքի մի հատվածում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները՝ ասաց. «Ես դրանք չեմ համարում պատգամավորի ընտրություններ: Ավանի ընտրությունները ստուգատես էր, թե ինչ կարող է անել պետական ապարատը, որովհետեւ իշխող կուսակցության կատարած թեկնածուի ընտրությունն էլ շատ հետաքրքիր էր: Այսինքն՝ մարդ, որը չուներ քաղաքական անուն, կենսագրություն, ոչ մի տեսակի քարոզարշավ չտարավ, չհանդիպեց մարդկանց, ուրեւէ մեկի առջեւ չերեւաց ու չպատասխանեց լրագրողների զանգերին, բայց հավաքեց X քանակությամբ ձայներ: Նախագահականի թեստը այն էր՝ պարզել, թե ինչ կարող է անել պետական մեքենան նախագահական ընտրություններից առաջ»:

Սաֆարյանը անդրադարձավ նաեւ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորություններին, ու ըստ նրա՝ վերջինի շանսերը բավականին մեծ են: «Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր թեկնածուների պարագայում ամենաթարմ դեմքն է, որպես նախագահի թեկնածու: Երկրորդը՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում չկան այն ելակետային նախադրյալները, որը նրանք ունեին 2008 թվականին: Սերժ Սարգսյանը նախագահ չէր դարձել, ժողովուրդը չէր տեսել նրա պաշտոնավարման ընթացքը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված էլ՝ այլ ակնկալիքներ կար. իսկ հիմա նրանք հետընտրական իմիջով են: Երրորդ՝ Գագիկ Ծառուկյանը 2008 թվականին պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, ուզենք թե չուզենք, այդ քաղաքական ուժը դաշտում լրջագույն ռեսուրսն էր, որն ուներ շատ լուրջ էլեկտորատ ու այս անգամ այդ ուժը չի կանգնում Սերժ Սարգսյանի կողքին եւ իր էլեկտորատին հասկացրել է չընտրել նրան: Եվ այս առումով Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակիցները քաղաքական ռեսուրսների առումով զիջում են նրան»,- մեկնաբանեց Սաֆարյանը, շեշտելով հետեւյալը. քանի որ Հայաստանում ընտրությունների ելքը մեծապես կանխորոշում է պետական մեքենան, անվերահսկելիությունը, վարչական եւ ֆինանսական լծակները, ըստ նրա՝ իհարկե չի կարելի թերագնահատել գործող նախագահին որպես մրցակից:

«Բայց որքան էլ քաղաքագետներն ասեն, թե Սերժ Սարգսյանը առաջին փուլով ընտրված է, ես հակառակն եմ պնդում, ստեղծվել են բոլոր պայմաններն ու նախադրյալները միանշանակ ասելու, որ երկրորդ փուլն առնվազն անխուսափելի է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31