Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ արվեստագետները բիզնեսում ապաշնորհ կլինեին». Մեր անվանիների մեկնաբանությունները

Դեկտեմբեր 14,2012 17:40

Դասական արվեստում ստեղծագործող արտերկրյա դեմքերը  «Առավոտին» մշտապես հավաստիացրել են, թե արվեստագետին անհրաժեշտ է ունենալ կողմնակի եկամուտ, որովհետեւ հույսը չի կարելի միայն պետության կամ հովանավորչական այլ տեսակների վրա դնել: Աշխարհում  բարձրակարգ արտիստները կարողանում են ստեղծագործական աշխատանքով բարեկեցիկ ապրել, ինչը չես ասի հայաստանցի արվեստագետների մասին:

«Առավոտը» մեր ճանաչված արվեստագետներից հետաքրքրվեց, թե մի քանի տասնյակ տարիների բեմական ու ստեղծագործական գործունեության արդյունքում արեւմտյան կոլեգաների օրինակով Հայաստանում ունե՞ն բիզնես:

Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը, նշելով, որ բիզնեսով զբաղվելու համար էլ է հարկավոր տաղանդ ունենալ, ասաց. «Եթե նկատի ունեք խորհրդային տարիներին աշխարհում կայացած համերգային հյուրախաղերի արդյունքում կուտակած գումարները, պետք է ասեմ, որ հոնորարի 80, եթե ոչ 90 տոկոսը պահում էր «Գոսկոնցերտը»: Ինքս երբեք չեմ փորձել բիզնես սկսել, որովհետեւ համոզված եմ, որ կլինեի անտաղանդ բիզնեսմեն…Եվ եթե զբաղվեի, հաստատ կունենայի սեփական ջութակս, թե չէ՝  65 տարեկան եմ ու մինչ այսօր նվագում եմ 1976թ. Կոմիտասի քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանի գործիքով, որը պետական հավաքածուից է»:

 

 

 

 

 

 

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը նշելով, որ քաղաքակիրթ երկրներում արվեստի ու արվեստագետի գինը լավ գիտեն եւ արվեստը հենց ինքնին խոշոր բիզնես է, հայտնեց հետեւյալը. «Վան Գոգը իր կյանքի ընթացքում չի վաճառել եւ ոչ մի նկար, իսկ այսօր նրա նկարները գնվում են միլիոնավոր դոլարներով: Կամ՝ Ավստրիան ներկայումս Մոցարտի թողած ժառանգությամբ միլիարդներ է աշխատում, մինչդեռ, խե՛ղճ Մոցարտ… Կարճ ասած՝ դասական մնայուն արժեքը եթե ոչ ստեղծման պահին, ապա դարեր անց էլ գին ունի: Ես ներկա եմ եղել, երբ աշխարհահռչակ տենորները՝ Դոմինգոն,  Պավարոտին, Կարերասը, մուտք գործեցին շոու-բիզնես՝ շատ ավելի բարձր հոնորարներ աշխատելու նպատակով: Սակայն այդ տիտանները ունեին գերնպատակ՝ ապացուցել աշխարհին, որ շոու-բիզնեսից բացի, որտեղ իշխում է առեւտրականի հոգեբանությունը, դասական արվեստով էլ կարելի է բարձր եկամուտ ապահովել: Ի վերջո,  ինչպես քաղաքական գործիչ, այնպես էլ բիզնեսմեն պետք է ծնվել: Ինչ վերաբերում է հայաստանյան բիզնեսին, իմ կարծիքով՝ դա ընդամենը առեւտրական տարրական հարաբերությունների մակարդակի է»:

 

 

 

 

«Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը  եւս գտնում է, որ բիզնեսմեն պետք է ծնվել. «Աշխատանքային գործունեությունս մոտենում է կես դարի. եղել եմ աշխարհի ավելի քան 40 երկրում, բայց է՛ն գումարները չեմ վաստակել: Բեմադրություններ եմ իրականացրել Սփյուռքի պարային խմբերում ու դարձյալ մի քանի զրոներով գումար չի եկել: Գուցե հնարավոր է՝ արվեստով  մարդ կարողանա հարստանալ, բայց իմ պարագայում՝ ոչ: Անգամ 1995թ. Սան Ֆրանցիսկոյի օպերայի եւ բալետի թատրոնից հրավեր ստացա՝ ղեկավարելու տեղի բալետային խումբը: Իհարկե հասկանում եմ, որ այնտեղի աշխատավարձը չես համեմատի մերի հետ, բայց կատեգորիկ հրաժարվեցի: Ես էլ իմ չափով բիզնեսմեն եմ. իմ բիզնեսն այսօր պար ստեղծելն է ու սերունդներ դաստիարակելը»:

 

 

 

 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ասաց, որ գիտակցական կյանքում արել է այն, ինչից հասկացել է. «Քառասունից ավելի թատրոններ եմ ղեկավարել, երբեւէ ինձ թույլ չեմ տվել տոնածառային հանդեսների համար սցենար գրել՝ հարգելով սցենարիստներին: Սփյուռքում տարիներ շարունակ բեմադրություններ եմ իրականացնում, ինչի դիմաց հոնորար եմ ստանում, բայց… Իմ աշխատանքը ոչ մի բանի հետ չեմ փոխի: Գուցե զբաղվեի բիզնեսով եւ լավ ստացվեր ինձ մոտ, բայց՝ չէ, իմը սա է»:

 

 

 

 

 

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը մեր հետաքրքրությանը պատասխանեց կատակով. «Բիզնես հիմնելու համար գոնե նախնական գումար ու բախտ է պետք, ինչը ես չունեմ: Իհարկե, լավ միտք է, բայց մեկ է, համոզված եմ, որ հաջողակ բիզնեսմեն պետք է ծնվել: Դեկտեմբերի 17-ին էլ համեցեք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ղեկավարածս երգչախմբի 75-ամյակին նվիրված երեկոյին ու այնտեղ կտեսնեք տասնյակ տարիների «բիզնեսիս» արդյունքը»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31