Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ 27-ամյա երեք երիտասարդներ` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 9 տարի շարունակ մեղադրվում են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂ-ի Մատաղիս զորամասում ժակետային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Նրանց դատավճիռը կհրապարակվի ամսի 18-ին:
Նախքան դատական նիստի սկսվելը այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ դատարանի շենքի դիմաց, որին մասնակցում էին տարբեր իրավապաշտպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ, ովքեր պահանջում էին գտնել իրական մարդասպանին ու անմեղ ճանաչել երիտասարդներին:
Վերջիններս անեծքներ էին հնչեցնում նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հասցեին, ով ըստ նրանց, այս գործի քավորն է: Նշենք, սակայն, որ պարոն Ջհանգիրյանը օրերս https://www.galatv.am-ին տված հարցազրույցում ասել էր.«Գագիկ Ջհանգիրյանը մեղավորություն չունի, թող հանցագործները գտնվեն եւ պատժվեն»: Ավելին, նախկին զինդատախազը նշել էր նաև, որ ինքը չի ճանաչում այս գործի գլխավոր կասկածյալին` Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին (մականունը Գել է), որին մեղմ պատիժ սահմանելու համար իրեն ժամանակին գրություն էր ուղարկել ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Գել է, աղվես է, ինչ է, ես չեմ հիշում բնականաբար, բայց կարող եմ ասել, որ եղել է կապիտան»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալների շահերի նախկին պաշտպան Զարուհի Փոստանջյանը, հակադարձելով Գագիկ Ջհանգիրյանին, ասաց. «Ես կարծում եմ, որ ինքը շատ լավ է ճանաչում Գելին, որովհետև այդ ժամանակ նա էր զինվորական դատախազը, և անմիջական իր վերահսկողության ներքո էր գտնվում այս քրեական գործը, և ամեն ինչից նա քաջատեղյակ է, և բացի այդ, որ քաջատեղյակ է, նա ինքն է ապօրինությունների, այսպես ասենք, համահեղինակներից մեկը և կարելի է ասել գլխավոր հեղինակը»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ Իվան Գրիգորյանի դեմ, որպես մարդասպանության մեջ կասկածվողի, ցուցմունքներ կան, հետևաբար և այդ վարկածը պետք է պարտադիր քննության առարկա դառնա, մինչդեռ նոր նախաքննությամբ այն քննության առարկա չի դարձել,և փաստորեն չի կատարվել Վճռաբեկ դատարանի պահանջը: «Եթե չեն կատարել Վճռաբեկ դատարանի պահանջները, ապա ներկայիս դատարանը պարտավոր է ուղղակի կայացնի արդարացման դատավճիռ», -ասաց ԱԺ պատգամավորը:
Նույն պահանջը դատարանին ներկայացրեցին նաև փաստաբան Հայկ Ալումյանն ու սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը:
Փաստաբանի ու տուժողի իրավահաջորդի վերջին խոսքին կանդրադառնանք մի փոքր ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ