Ֆիննախի պաշտոնյան վստահեցնում է, որ հանրային գերակա շահի հետեւանքով ամուսնուն ու որդուն կորցրած կինը պիտի ուշադիր լիներ ու չվստահեր կասկածելի ընկերությանը:
Կառավարությունը՝ գայթակղված հանրային գերակա շահ գաղափարով, ինչ խաբեբայի ասես տարածքներ չի օտարել, արդյունքում հազարավոր մարդիկ անտուն մնացին, հազարավոր ճակատագրեր խաթարվեցին, իրացման գոտու բազմաթիվ բնակիչներ էլ այդ անարդարությունը չհանդուրժելով՝ լքեցին Հայաստանը, հանրային գերակա շահի իսկական զոհ դարձան մի քանի քաղաքացիներ, որոնք այդ խարդախությունների հետեւանքով սրտի կաթվածից մահացան: Բուզանդի 103 հասցեի բնակիչ 73-ամյա Ժենյա Պարսամյանն էլ կորցրել է իր երիտասարդ որդուն եւ ամուսնուն՝ պետության գերակա շահի հետեւանքով:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Ժենյան, երբ իրենց տան տարածքը օտարման գոտի հայտարարվեց եւ հայտնվեց տարածքը ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ընկերությունը, ընտանիքի անդամներով շատ ուրախացան, քանի որ տունը շատ հին էր, եւ իրենց էլ ձեռնտու էր վաճառել տարածքը: 2007 թվականին այս ընկերության հետ պայմանագիր է կնքվում՝ տարածքը տրամադրելու եւ փոխարենը տեղում շենք կառուցելուց հետո բնակարան ստանալու պայմանով: Ընդ որոմ, «Լիդեր Մոբիլը» պարտավորված էր 3 տարուց նոր բնակարանը հանձնել Պարսամյանի ընտանիքին, բայց այս ընկերությունը խաբել է եւ նոր բնակարան չի տվել ոչ միայն Պարսամյանների ընտանիքին, այլեւ Բուզանդի 105 եւ 107 հասցեի բնակիչներին՝ թվով 11 ընտանիքի: Չնայած այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հաստատել է, որ «Լիդեր Մոբիլը» մի շարք խարդախություններ է արել, եւ քրեական գործ է հարուցված, սակայն, ինչպես տիկին Ժենյան ասաց՝ դրանից իրենց ոչ հոգսն է թեթեւանում, ոչ էլ սրտերն է հովանում. «Ուզում են՝ թող կախեն էդ ընկերության ղեկավարին, ուզում են՝ արձան թող կանգնեցնեն, մենք այնպիսի վնասներ ենք կրել, որ դրան ձերբակալելուց հետո էլ մեր վիճակը չի լավանա»:
Տիկնոջ ներկայացմամբ՝ պայմանագիրը կնքելուց հետո ստիպված են եղել այս տարիների ընթացքում վարձով բնակվել, տան ամբողջ գույքը վաճառել են, որպեսզի վարձերը կարողանան վճարել, իսկ արդյունքում այսօր ինքը, մահացած որդու երկու երեխաներն ու կինը եւ մյուս որդին անտուն են. «Որդիս չի աշխատում, առողջական խնդիրներ ունի, ես էլ 40 հազար դրամ թոշակ եմ ստանում, իսկ տան վարձը 50 հազար է, ես ո՞նց ապրեմ: Լավ, ինձ էլ բան չմնաց ապրելու, բա թոռնե՞րս, հա՞րսս, մյո՞ւս որդիս: Ո՞վ է մեր թշվառության համար պատասխան տալու: Կառավարությունը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել, ինչո՞ւ հենց սկզբից չեն պարզել, թե ինչ տեսակ ընկերության են տարածք օտարում»:
Բնակիչների մի շարք դիմումներից եւ բողոքի ակցիաներից հետո վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել, որը խնդիրն ուսումնասիրել է եւ պարզել, թե իրականում ինչ է կատարվել: «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Դավթյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է «Լիդեր Մոբիլը» խաբել բնակիչներին, իսկ կառավարությունը, ըստ պարոն Դավթյանի, այս դեպքում, ըստ պայմանագրերի, ոչ մի պատասխանատվություն չի կրում: Հայկ Դավթյանի խոսքերով՝ այ եթե խնդիրը «Վիզկոնի» կամ «Գապբնակշինի» հետ լիներ, այո, ընդունում ենք, որ կառավարությունը սխալ է թույլ տվել:
Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունը 2010 թվականի հունվարին պետք է բնակիչներից ոմանց արդեն պատրաստի բնակարաններ հանձներ, սակայն երբ ժամկետը լրացել է, անգամ այդ տարածքի հին տներն էլ չեն քանդվել՝ նորը կառուցելու համար, բնակիչներն «իրար են խառնվել»: Մինչդեռ պայմանագրում նշված է, որ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, իրավունք ունի ձեռք բերողից պարբերաբար պահանջել ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին, եւ ըստ էության քաղաքապետարանի «աչքից վրիպել» է, որ այդ տարածքում ոչ մի շինարարություն չի կատարվում, միայն վերջին 1 տարում է բացահայտվել, որ կազմակերպությունը ուղղակի խաբել է: Իսկ Հայկ Դավթյանն էլ վստահեցերց, որ նույնիսկ նախագիծ էլ չի եղել, բնակիչներն էլ իրենց խելքից են տուժել. վստահել են այդ կազմակերպությանը. «Օրինակ՝ տիկին ժենյայի հարեւանը կազմակերպությունից գումարն է վերցրել, ոչ թե բնակարանին սպասել: Կառավարությունը հայտարարել է գերակա շահ՝ օտարման ենթակա: Օրենքն էլ ասում է՝ ձեռք բերողը պիտի նախ՝ գնահատի գույքը ու բանկային հաշվին դեպոզիտ վճարի 115% բարձր գնով: Տիկին ժենյան ասել է՝ փող չեմ ուզում, տունը մի գնահատի, հետագայում բնակարան տվեք այդ տարածքում: Կառավարությոնը ոչ մի պարտականություն չունի: Պետությունը ի՞նչ կապ ունի, եթե նախագիծ չկար, պարզ էլ չէր, թե ինչ կարող էր անել կազմակերպությունը»: Իսկ «Լիդեր Մոբիլի» ներկայացուցիչը մշտապես տիկին Ժենյային վստահեցրել է՝ հաշվեհամարդ տուր, դրսից փող պիտի ստանամ ու կփոխանցեմ քեզ, բայց այդպես էլ չի փոխանցել:
Պարոն Դավթյանի պատմելով՝ «Լիդեր Մոբիլը» բնակիչներից ստացած տարածքը գրավ է դրել «Կոնվերս» բանկում, դիմացը միլիոններ ստացել (380 809 204 դրամ), որից մի քանի բնակչի վճարել է պահանջված գումարը, մնացածն էլ անհայտ է՝ ոնց է ծախսել, ինչի համար էլ վարկը ոչ նպատակային ծախսելու համար էլ քրեական գործ է հարուցված:
Ընդ որում, պարոն Դավթյանի ներկայացմամբ՝ կազմակերպությունը իրավունք չուներ առանց այդ բնակիչների համաձայնության իրենց բնակարանները գրավ դնել, ուստի բնակիչները շանս ունեն իրենց գույքը դատական կարգով վերադարձնել: Բացի այս, «Կոնվերս» բանկն էլ ինչ-որ «խաղեր է» տվել:
Հայկ Դավթյանի խոսքրեով՝ ՙԲանկը վարկի ներում է արել «Լիդեր մոբիլին»: Սա նշանկում է, որ բնակարանները գրավից ազատվում են, հետո բանկը հրաժարվում է դրանից: Բանկի խորհրդի անդամը մեր նիստից փախավ, պետք է նիստում դնեինք, որ բանկը կամովին հրաժարվեր գրավից»: Ըստ պարոն Դավթյանի՝ այն, ինչ կարող էր անել կառավարությունը, արել է. բացահայտել է «Լիդեր Մոբիլի» խարդախությունները, արդարադատության նախարարությանը հորդորել է հայցադիմում կազմել բնակիչների համար, որպեսզի վերջիններս էլ փաստաբան վարձեն եւ դիմեն դատարան ու իրենց տունը, որը այդպես էլ չի քանդվել, ետ ստանան:
«Մեզ բոմժ դարձրեցին, ամեն ինչից զրկեցին, ես ցամաք հացի փող եմ հազիվ հասցնում, փաստաբան ի վիճակի չեմ վարձելու: Այդ տունը 6 տարի լքված է եղել, տեղից էլ լավ վիճակում չէր ու հիմա ընդհանրապես բնակվելու ենթակա չէ: Փաստորեն, տունը ավերակ դարձրին, մենք էլ այս 6 տարիների ընթացքում հսկայական ծախսեր արեցինք ու վնասներ կրեցինք, էլ չեմ ասում՝ ամուսնուս ու որդուս մահը, ու դիմացը կիսաքանդ տուն ստանա՞նք: Ինձ նման հայրենիք պետք չէ, թող մեզ վտարեն Հայաստանից, գնալու եմ ԱՄՆ դեսպանատուն ու հրաժարվեմ հայրենիքից, ավելի լավ է՝ օտարների մեջ օտար լինեմ, քան յուրայինների մեջ՝ օտար»,- ձեռքը սրտին սեղմած՝ արտասվելով ասաց տիկին ժենյան:
Պարոն Դավթյանի խոսքերով էլ՝ տիկին Ժենյան իրենց էլ է դիմել փաստբան վարձելու համար. «Մենք ի վիճակի չենք բոլորի հարցերով զբաղվելու, հանձնարարականը տրված է արդարադատության նախարարությանը, բոլոր փաստերն ու հիմքերը տվել ենք, մնում է միայն մտնեն դատարան ու վերադարձնեն իրենց գույքը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ