52-ամյա Աշոտ Սարիբեկյանը, ոչ այգեպանի, ոչ դռնապանի, անգամ ավտոկայանատեղիի աշխատակցի աշխատանք չի կարողանում գտնել: Այսօր Կոնգրես հյուրանոցում հաշմանդամների համար կազմակերպված աշխատանքի տոնավաճառում էլ Աշոտ Սարիբեկյանին չհաջողվեց որեւէ գործ գտնել: Նրա խոսքերով` «Ձեւական մի երկու գործատու հեռախոսահամարս են վերցրել, բայց ոչ մի հույս չունեմ, որ մի բան կստացվի»:
Aravot.am-ի հետ զրույցում Ա. Սարիբեկյանն ասաց, որ պատրաստ է ցանկացած աշխատանք անել, միայն թե իրեն չզգա «ոչ պետքական» եւ չմնա 17 հազար դրամ թոշակի հույսին. «Տերովին տերն ա տարել անտերին գելը: Համակարգը պետք է փոխվի, ես կարամ չէ՞, խոհարարի օգնական աշխատեմ, բայց չեն ընդունում, ճիշտ է մասնագիտություն չունեմ, բայց ձեռքիցս գալիս է տանը համարյա ամեն ինչ ես եմ պատրաստում»:
Մեզ հետ զրույցում «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը, մտահոգություն հայտնեց, որ այսօր աշխատունակ մոտ 100 հազար հաշմանդամ մարդուց 90 տոկոսը չի աշխատում: Նրա խոսքերով. «Եթե մենք սպասենք իդեալական երկիր կառուցելուն, շատ երկար կսպասենք, այդ պատճառով ինչ-որ կոնկրետ քայլեր պետք է անել, որից մեկը այսպիսի աշխատանքի տոնավաճառներն են: Այս տոնավաճառի նպատակն այն է, որ այնպիսի մոդել ստեղծել, որ եթե հաշմանդամն ունի աշխատանքային ներուժ, ունենա նաեւ հավասար հնարավորություն այդ ներուժն օգտագործելու: Եթե նույնիսկ այսօր նրանք հաշմանդամին չեն վերցնի աշխատանքի, ապա գոնե պատրաստ կլինեն անելու դա ապագայում, երբ կունենան համապատասխան աշխատատեղ: Մենք հրավիրել ենք այն գործատուներին, որոնք ռեալ թափուր աշխատատեղեր են առաջարկում, ու դրանց գոնե մի մասը կլրացվի հաշմանդամներով: Այսօր եզակի ընկերություններ են, որ հաշմանդամ աշխատակիցներ ունեն»:
«Տոսպ» ընկերության կադրերի բաժնի պատասխանատու Ռիտա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կարող բանվորուհիների թափուր աշխատատեղ ունեն, սակայն ոչ սայլակավոր հաշմանդամների համար, քանի որ իրենց աշխատավայրը հարմարեցված չէ: Ըստ տիկին Հարությունյանի, մի քանի հաշմանդամ կանայք արդեն հայտ են ներկայացրել:
Երեւանի թիվ 2 պետական տարածաշրջանային քոլեջում նույնպես թափուր աշխատատեղեր կան: Երեք հաշմանդամ մարդու արդեն ապահովել են աշխատանքով: Ըստ քոլեջի աշխատակազմի ղեկավար Անի Թորոսյանի`
«Մենք խտրականություն չենք դնում, եթե մարդը իր կարողություններով համապատասխանում է այդ աշխատանքին մենք այդ աշխատողին վերցնում ենք: Մեր քոլեջը հարմարեցված է եւ թեքահարթակ ունի եւ անվասայլակով հաշմանդամը կարող է ներս մտնել: Ճիշտ է դպրոցը հարմարեցրած չէ, բայց մենք կարող ենք հարմարեցնել, Զբաղվածության պետական ծառայությունը համապատասխան ծրագիր է իրականացնում եւ կօգնի այդ հարցում»: