Եվս 6 օր ու մեր քաղաքը կլուսավորվի նորովի. դեկտեմբերի 20-ին ամանորյա առաջին բացօթյա համերգով հանդիսավորությամբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ News.am-ը գրել է. ««Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաեւ որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումները եւս քաղաքապետարանի հետեւողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը»։
Հունվարի 5-ին՝ Ազատության հրապարակում, փոքրիկների համար նախատեսվել է նաեւ առանձին, մեկ ամբողջ օր տեւող միջոցառում՝ անվանի երգիչների եւ համույթների մասնակցությամբ։
Հունվարի 6–ին, սբ. Ծննդյան օրը եւս Ազատության հրապարակում նշվելու է համերգային ծրագրով՝ ազգագրական ու հոգեւոր կատարումներով։ Միջոցառումների օրերին բեմերը լինելու են թեմատիկ ձեւավորմամբ։
Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լիելու, որ տոնական օրերին Հանրապետության եւ Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։
Դեկտեմբերի 20–ից մեկնարկող տոնական միջոցառումները կամփոփի հունվարի 13–ի մեծ միջոցառումը, որը Արամ Սուքիասյանի բնորոշմամբ տոնական համերգների գալա–համերգ է հիշեցնելու։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ էլ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումների ընթացքում իրենց մասնակցությունը կունենան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար:
Սակայն մինչ դեկտեմբերի 20-ը ևս մեկ միջոցառում է լինելու: «Դեկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին կբացվի Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը Հյուսիսային պողոտայում: Տոնավաճառը Երևանում կանցկացվի առաջին անգամ և բաց կլինի մինչև հունվարի 13-ը», – հայտնում է Panarmenian.net-ը, տոնավաճառը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Պասկալ և Դիոդատո» սրճարանը: Տոնավաճառը կուղեկցվի Սուրբ ծննդյան երաժշտական փոքրիկ համարներով ու ելույթներով:
Երիտասարդները մեծ ոգևորությամբ են սպասում Ամանորին ու իրականացվող միջոցառումներին. «Որքան ժամանակ է` մտածում եմ, թե ինչպես նշեմ Ամանորը, որ տարբերվի մյուս բոլոր տարիներից, և միջոցառումների ցանկը իմանալուն պես հասկացա, որ այս տարի Ամանորը հրապարակում դիմավորելն ամենահետաքրքիր որոշումն է», – ասում է 22-ամյա Նարեն: Իսկ նրա ընկերուհուն՝ Օֆելյային էլ ամենաշատը դուր է եկել ազգագրական երգերի միջոցառումը: 23-ամյա Հրաչն էլ կարծում է, որ այս տարվա Ամանորն ամենապատրաստվածն է. «Նախ նկատելի է, որ բավականին շուտ սկսեցին նախապատրաստությունները, և հետո՝ այս տարի քաղաքն ավելի քան գեղեցիկ է, հուսով եմ տարին էլ այդպիսին կլինի», – ասում է նա: «Ես ամեն տարի անհամբերությամբ սպասում եմ Ամանորին հենց տոնական հաղորդումների, ֆիլմերի և իհարկե միջոցառումների համար, կփորձեմ Ամանորյա գիշերը հրապարակ գնալ, համոզված եմ՝ շատ լավ է անցնելու, մյուս միջոցառումներն էլ ոգևորիչ են, կփորձեմ ներկա լինել», – ասում է 20-ամյա Անուշիկը:
Տիգրանուհի Թասլակյան