Ըստ Արամ Կարապետյանի՝ ԲՀԿ կողմից ժամանակավոր նահանջ է, «դաշտը թողնել էր պետք»
Գործող իշխանությանը իրեն «այլընտրանք» համարող հիմնական քաղաքական ուժը որոշում կայացրեց նախագահական ընտրապայքարին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու որոշում: Բոլորն են գիտակցում, որ քաղաքական պրոցեսների տրամաբանությունը նշանակալի փոխվել է ԲՀԿ-ի կայացրած որոշման արդյունքում: Թերեւս մեկ հարց դեռ բավական երկար ժամանակ կքննարկվի մեր իրականությունում՝ ինչո՞ւ նման որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանը, դա իր եւ իշխանությունների միջեւ կայացած պայմանավորվածությա՞ն արդյունք էր, թե՞ այդ որոշման կայացման հիմքում դերակատարություն են ունեցել ռուսաստանյան շրջանակները…
Ի վերջո՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշման համար ի՞նչը կարող էր հիմք հանդիսանալ, ի՞նչ գործընթացների արդյունքում կարող էր խորհրդարանական՝ պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը նման որոշում կայացնել: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, դիտարկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունից հետո արված մեկնաբանությունները՝ բխեցրեց, որ փաստացի Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական բոյկոտ են հայտարարել նախագահական ընտրություններին. «Դա այդպես կարելի է անվանել: Հաջորդը՝ մեկնաբանություններում նշվում է, որ քաղաքական գործընթացները կարող էին տանել արյունահեղության: Ուրեմն ստացվում է, որ իրենք շատ լավ հասկացել են, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում: Այս գործընթացի հետեւում նախեւառաջ այդ հանգամանքն է։ Միգուցե կարելի է ենթադրել, որ որոշ հանդիպումների ընթացքում փորձ է արվել ձեռք բերել ստվերային պայմանավորվածություններ՝ ապագայի վերաբերյալ, ես դա չգիտեմ, կարծում եմ, որ դրա մասին շատերը չգիտեն, միգուցե եղել են: Բայց կարծում եմ, որ դա էլ է դիրքորոշում, որովհետեւ այն պրոցեսները, որոնք գնալու են 2013-ին երկրում, մի քիչ այլ իրավիճակ կարող էր ստեղծել, եւ այդ բոլոր պայմանավորվածությունները եթե եղել են, կարող էին կամ չաշխատել, կամ կիսատ-պռատ աշխատել»: Ա. Կարապետյանը կարծում է, որ ներկա պահին իրողությունն այն է, որ ԲՀԿ-ում հասկացել են, թե ինչ է կատարվում եւ ինչ է սպասվում, քանի որ արդեն խոհրդարանական ընտրություններ չէին, նախագահական ընտրապայքարը տրամաբանորեն ամբողջապես այլ գործընթացներ էր ենթադրում:
«Առավոտի» հարցին՝ իսկ ո՞վ շահեց ԲՀԿ-ի որոշումից, ԲՀԿ-ի քայլը առավելապես ո՞ւմ է ձեռնտու՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ քաղաքական տեսակետից մենք շահեցինք, որովհետեւ մի ուժ էլ միացավ բոյկոտի գաղափարին, եւ ինչպես էլ դա բացատրեն, հասկանալի է, որ դա բոյկոտ է: Եթե քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին եւ որեւէ թեկնածուի չի սատարում, եթե պրոցեսից դուրս է գալիս, ուրեմն նա բոյկոտում է։ Նկատի ունեմ՝ քաղաքական բոյկոտ, ոչ թե հասարակությանը ուղղված կոչով բոյկոտ: Այդ առումով շահում ենք մենք։ Ես կարծում եմ՝ քաղաքական առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չհաշեց, բայց մարդկային առումով՝ հետ քաշելով իր ստորագրությունը Սերժ Սարգսյանի հուշագրից, եւ եթե հետագայում ԲՀԿ-ն խաղերի մեջ չմտնի՝ միայնակ այդ հարցերը լուծելու համար, ապա կարծում եմ, որ նման պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը հստակորեն շահեցին»:
Կարդացեք նաև
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բոլոր քաղաքական ուժերը փորձեցին «սեպարատ բանակցությունների մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ»՝ հավելելով. «Երեւի թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ մնացած քաղաքական ուժերն էլ հասկացան, որ ամբողջ քաղաքական դաշտը կոնսոլիդացված չի լինելու, իսկ հասարակության հեղափոխականությունն էլ այդքան բարձր չի հիմա, այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե այդ գործընթացը կստացվեր, այսինքն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցությունը նախագահական ընտրապայքարում հանգեցնելու էր նրան, որ ԶԼՄ-ները, փորձագետները եզրակացնեին, որ ԲՀԿ-ն մասնակից դարձավ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը»:
Արամ Կարապետյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ի՝ ընտրական պրոցեսից դուրս գալով՝ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. «Իսկ ո՞ւմ է հաղթելու Սերժ Սարգսյանը հիմա… Այնպես որ՝ ընտրական գործընթացից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալը պետք չէ բնութագրել որպես պարտություն: Դա ժամանակավոր նահանջ է, դաշտը թողնել է պետք, որպեսզի հիմա Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը իրենց, այսպես կոչված, «չերեւացող օրակարգը» ցույց տան, թելադրեն, լուծեն հարցերը… Հետո այս թոհուբոհը կանցնի, կգա, չէ՞, մի պահ, երբ անհրաժեշտ է լինելու լուծել երկրի խնդիրները…»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ