Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը` Վեհափառ Հայրապետին. Միասին պահենք կրթության լույսը

Դեկտեմբեր 14,2012 15:50

Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախաձեռնել էին հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթը, որի շրջանակում ՀՀ հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են մրցույթի խորագրին համապատասխան միջոցառումներ. դպրոցականները ժյուրիի դատին էին ներկայացրել ուսուցիչների համատեղ ջանքերով բեմադրված ներկայացումներ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի խոսքում ասաց, որ խորհրդանշական է համարում միջոցառումը, որը եզրափակում է Մայր աթոռի եւ ԿԳՆ-ի միջեւ ծավալված բուռն համագործակցության շղթան. «Այս տարի մենք կարողացանք պահպանել ավանդական դարձած գաղափարներն ու ծրագրերը եւ մեր համագործակցությունը համալրեցինք նոր մոտեցումներով»:

Նախարարը փաստեց, որ մարդկության պատմության ընթացքում եղել է տեղեկատվական երեք հեղափոխություն. «Առաջինը վերաբերում էր գրերի գյուտին. այն ժողովուրդները, որոնք ունեցել են սեփական գրերը, կարողացել են ստեղծել աստվածային գիտելիքներ եւ փոխանցել դրանք սերնդեսերունդ: Երկրորդ հեղափոխությունը վերաբերում էր գրատպության հայտնագործմանը, երբ հնարավորություն ստեղծվեց գիտելիքը դարձնել զանգվածային եւ հասանելի: Այսօր մենք վկաներն ենք երրորդ տեղեկատվական հեղափոխության, երբ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները նոր փուլ են բացում մարդկության համար` գիտելիքի ստեղծման, փոխանցման եւ այդ գիտելիքի վրա հիմնված արժեքների տարածման համար»:

Իր խոսքն ուղղելով Վեհափառ Հայրապետին` Արմեն Աշոտյանն ասաց. «Պատահական չէ, որ եկեղեցին իր ուրույն եւ ճակատագրական դերակատարությունն է ունեցել գրերի գյուտի եւ հայատառ գրատպության ստեղծման գործում: Եկեղեցու կողմից պետական մարմիններին որպես ջահ փոխանցված կրթության լույսը, Վեհափառ Տեր, խնդրում եմ` պահենք միասին: Շարունակենք իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք թույլ են տալիս կյանքի կոչել մեր հավատն առ Աստված եւ կերտենք հայ քաղաքացու նոր կերպարը. քաղաքացի, որը գիտի, թե որտեղից է գալիս եւ ինչ արժեքներ է կրում»:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցը, որին մրցանակ հանձնեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Աստված օրհնի եւ պահպանի այս դպրոցը շեն ու պայծառ եւ պտղաբեր դարձնի մեր մանկավարժների ջանքերը` մեր զավակներին կրթելու եւ դաստիարակելու գործում»,-ասաց Վեհափառ Հայրապետը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31