Ինչպես գիտեք, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 58204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա ինձ հրավիրել էին ԱԱԾ քննչական վարչություն:
Մամուլի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան հաղորդում եմ մանրամասնություններ այդ հանդիպումից:
Թեև հրավիրել էին «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թ. Արտաքին գործերի նախարարության և իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջև առնչությունների վերաբերյալ՝ կապված Տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումների հետ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ինձ տեղեկացրին, որ սա «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործի դրվագ է համարվում:
Հարցերը մասնավորապես վերաբերում էին 2002 թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կազմակերպած «էլեկտրոնային Կովկաս» կոնֆերանսին իմ առնչությանը: Հարցնում էին, թե արդյոք հիշում եմ այն իսկապես անց է կացվել, թե ոչ, մասնակցել եմ այդ կոնֆերանսին և նրա կազմակերպական աշխատանքներին, թե ոչ, գիտեմ արդյոք որքան գումար է հատկացված եղել դրա կազմակերպման համար և ինչպես, ովքեր են եղել ֆինանսավորողները, ովքեր են մասնակցել, ովքեր են եղել կազմակերպիչները:
Կարդացեք նաև
Ես պատասխանեցի, որ չնայած այդ շրջանից անցել է շուրջ տասը տարի, սակայն ես հստակ հիշում եմ, որ նման կոնֆերանս անց է կացվել Եվրոպական միության հովանավորությամբ, թեև ինքս չեմ մասնակցել կոնֆերանսին և առավել ևս նրա կազմակերպական աշխատանքներին: Ասացի, որ չգիտեմ նաև ֆինանսավորման գումարը: Ասացի նաև, որ այդ կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում` Ռուսաստանի հեռահաղորդակցության այդ ժամանակվա նախարարը: Հիշեցի նաև Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված այն կազմակերպչական հանդիպումը, որին հրավիրված են եղել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հատուկ հարց տրվեց, թե ես ինչու եմ հրաժարվել մասնակցել կազմակերպական աշխատանքներին: Պատասխանեցի, որ պատճառն իմ այդ ժամանակվա խիստ զբաղվածությունն է եղել: Նշեցի, որ ինքս այդ կոնֆերանսին նախորդող ժամանակաշրջանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էլեկտրոնային զարգացմանը նվիրված շուրջ քսան օտարերկրյա հյուրեր ներառող միջազգային սեմինարի կազմակերպմամբ էի զբաղված, որի պաշտոնական ֆինանսավորողների թվում կար նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մանրամասն հարցեր տրվեցին այդ ֆինանսավորման չափի ու բնույթի վերաբերյալ: Ինձ հիշեցրեցին, որ ես Վարդան Օսկանյանից ստացել եմ շուրջ երկու հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, և հարցրեցին, թե ինչպես է օգտագործվել այդ գումարը: Ես պատասխանեցի, որ մեր կազմակերպությունը այդ ֆինանսական միջոցները ստացել է ոչ թե Վարդան Օսկյանյան անձից, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես՝ ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի և սեմինարի ավարտից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին ներկայացրել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ մանրամասն բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:
Հատկանշական է, որ տվյալ հարցաքննությունը կատարվեց «Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծումից օրեր անց: Ինչպես հայտնի է, վերջինս ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն, այն է մեկնարկել ազգային խնդիրների առաջադրմանը և իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ իմ` որպես «Նախախորհրդարանի» համակարգողի, մասնագիտական և գործարար անցյալի վրա ստվեր գցելու անհաջող ձեռնարկումով, անուղղակի ձևով փորձ է արվում քաղաքական ճնշում ստեղծել «Նախախորհրդարանի» աշխատանքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ իրականում սա միայն բարձրացնելու է «Նախախորհրդարանի» հեղինակությունը և ավելացնելու է հետաքրքրությունը նրա աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև հերթական անգամ բացահայտելու է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգի ողջ սնանկությունը:
«Նախախորհրդարա» նախաձեռնության համակարգող՝ Գարեգին Չուգասզյան