Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԵՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ

Դեկտեմբեր 14,2012 15:41

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնհինգերորդ

ԴԱՍԵՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ

 

Եվ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով Ներսիսյանին ասաց՝ «ես պարտավոր էի Բարձրյալին անձամբ խնդրել ու աղաչել», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ինչու», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ես եմ ամենից շատ տուժածը», եւ Ներսիսյանը զարմացած հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ինչից եք ամենից շատ տուժած», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «նմանատիպ շառերից ու փորձանքներից», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞ր շառերն ու փորձանքները նկատի ունեք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «որը որ դո՛ւ նկատի ունեիր», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «ես այն կիսադատարկ ու չարաբաստիկ շիշը նկատի ունեի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդ կիսադատարկ շշի պատճառով իմ վրա ահագին խոսակցություն էկավ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ես հակառակը կասեի. ձեր պատճառով այդ կիսադատարկ շշի վրա ահագին խոսակցություն եղավ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝  «դուք Բարձրյալից միանգամայն ա՛յլ բան պիտի խնդրեք», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ պիտի խնդրեմ», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «պիտի խնդրեք, որ ձեզ հեռու պահի կիսադատարկ շշերից» եւ Ֆերեշեթի կիսատ բաժակին նայելով ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ կիսադատարկ բաժակներից» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «զարմանալի է, որ մինչեւ վերջ չեք խմել», եւ Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «որովհետեւ խոսքս կիսատ մնաց» եւ բաժակը վերցնելով՝ Ներսիսյանին հարցրեց՝ «կարելի՞ ա խոսքս վերջացնեմ», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին ասաց՝ «զարմանալի է, որ թույլտվություն եք խնդրում» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «առավել զարմանալի է, որ ձեր բաժակի պարունակությունը մինչեւ վերջ չեք կլանել», եւ Ֆերեշեթն արդարանալով ասաց՝ «որովհետեւ խոսքս կիսատ մնաց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «կարելի՞ ա խոսքս ավարտեմ», եւ Ներսիսյանն ապշահար նախ Ֆերեշեթին նայեց, հետո նայեց մեզ ու ասաց՝ «հիմա երեւի կմտածեք թե՝ սույն երիտասարդը միանգամայն բարեկիրթ անձնավորություն է եւ միշտ՝ որեւէ անհեթեթ արարք կատարելուց առաջ ձեր խոնարհ ծառայից թույլտվություն է խնդրում», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «պիտի էդ կիսատ շիշը բերելուց առաջ զանգեիր՝ թույլտվություն խնդրեիր», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բարեկիրթ մարդիկ որեւէ մեկին հյուր գնալիս նախապես զանգահարում ու տանտիրոջը տեղյակ են պահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եւ ոչ թե՝ կիսադատարկ շշերով ներխուժում են մարդկանց տները», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «պիտի նախօրոք զանգեիր՝ պարոն Ներսիսյանին ասեիր, որ գալիս ենք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զանգել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պապայի արեւ» եւ մի քիչ էլ մտածեց ու Վահանին նայելով ասաց՝ «որ բուֆետում նստած էինք, էրկու անգամ մտա՝ Մերուժանի կաբինետից զանգեցի, որ Լեւոն Հրաչեւիչին զգուշացնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «բայց էրկու անգամն էլ մաեստրոյի հեռախոսը զբաղված էր», եւ Ներսիսյանը հեռախոսին նայելով ու հոգոց հանելով բացականչեց՝ «ա՜խ, այս հեռախոսնե՜րը» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «անկախությունից հետո Հայաստանում ամենից անկախն այս հեռախոսներն են» ու մի քիչ էլ մտածեց եւ ինձ ու Վահանին նայելով ավելացրեց՝ «բայց հանկարծ չկարծեք թե՝ նախորդ ֆորմացիայի կարոտախտով տառապող տառապյալներից եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի լավ է մարդիկ պարապ մնան, քան՝ առավոտից իրիկուն միմյանց վրա դանոսներ գրեն» եւ մի քիչ էլ մտածեց, հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «այնպես որ, ես ձեզ միանգամայն հավատում եմ, եղբայր պատվական», եւ Ֆերեշեթը ոգեւորված հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես հավատում», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հեռախոսի զբաղված լինելու իմաստով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ զանգահարողները կարծում են թե՝ առավոտից իրիկուն սրանրա հետ շաղակրատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մինչդեռ ձեր խոնարհ ծառան առավոտից իրիկուն փիլիսոփայական լռության խորքերն է ընկղմված», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «իմ մասին էլ ասում են թե՝ խմող եմ, բայց ուրիշներն ինձնից շատ են խմում», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞վ է ձեր մասին նման կարծիք հայտնել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «մեկը՝ դու», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ժպտալով հարցրեց՝ «մի՞թե այդքան շատ եք խմել, որ ձեր խոնարհ ծառայի կատակը լրջից չեք տարբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթի կիսատ բաժակին նայելով ասաց՝ «ես ինչպե՞ս կարող եմ հարբեցող անվանել մեկին, որի բաժակի պարունակությունը ոչ մի կերպ չի նվազում», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «խոսքս կիսատ մնաց, դրա համար էլ կիսատ խմեցի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խոսքս որ վերջացնեմ, լրիվ կխմեմ», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ոչ մի կասկած չունեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համոզված եմ, որ ի վերջո ձեր խոսքը կավարտեք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «ոնց որ դու ես ասում՝ արաղը գայլ չի, որ անտառ փախչի», եւ Ներսիսյանն ասաց՝ «այդ խոսքերի հեղինակային իրավունքը ռուսներին է պատկանում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ռուսներն էդ խոսքը ոչ թե արաղի մասին են ասում, այլ՝ աշխատանքի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ռուսների համար խմելը կարեւորագույն աշխատանք է» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «իսկ օղին՝ աշխատանքային կարեւորագույն գործիք», եւ Ֆերեշեթը հիացած նայեց Ներսիսյանին ու ժպտալով ասաց՝ «ինչպես միշտ՝ հրաշալի ես բացատրում», եւ Ներսիսյանը խիստ  տոնով Ֆերեշեթին ասաց՝ «հաճոյախոսություններին վերջ տվեք եւ անմիջապես շարունակեք ձեր կիսատ թողած կենաց խոսքը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչ վերաբերում է ձեր անձին, ձեզ ոմանք թյուրիմացաբար հարբեցող են համարում, որովհետեւ, չգիտես ինչու, դուք խմելու ու խմիչքի պատճառով մշտապես այսպիսի անհեթեթ պատմությունների մեջ եք հայտնվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «թող Բարձրյալը ձեզ հեռու պահի այդ կիսադատարկ շշերից» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթի բաժակին նայելով ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ կիսադատարկ բաժակներից», եւ Ֆերեշեթը հիացած նայեց Ներսիսյանին ու ասաց՝ «ես հենց էդ էի ուզում ասեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝  «ինձնից երկար կապրես, Էֆենդի», եւ Ներսիսյանն արհամարհանքով նայեց Ֆերեշեթին ու խիստ տոնով ասաց՝ «ասացի՝  հաճոյախոսություններին վերջ տվեք» եւ մի  քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ձեր  խոնարհ  ծառայի կյանքի նպատակն ամենեւին էլ երկար ապրելը չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նամանավանդ՝ սեփական աշակերտներից երկար ապրելը» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ինչքան էլ աշակերտներն ապաշնորհ լինեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խմիչքի՛ ու խմելո՛ւ իմաստով ապաշնորհ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «ես հպարտ եմ, որ ինձ քո աշակերտն ես համարում», եւ Ներսիսյանն անսպասելի  գոռաց՝ «ասացի՝ «հաճոյախոսություններին վերջ տվեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եւ անմիջապես անցեք ձեր կենաց խոսքի եզրափակիչ մասին», եւ Ֆերեշեթն անմիջապես ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց եւ առաստաղին նայելով բացականչեց՝ «Աստվա՜ծ իմ, ինձ հեռու պահիր կիսադատարկ շշերից եւ կիսադատարկ բաժակներից» ու էդ ասելով՝ անմիջապես եւ մինչեւ վերջ խմեց, եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «այդքան բա՞ն», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «քիչ բան ե՞մ ուզում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սովորաբար Բարձրյալից ավելի նշանակալից ու ավելի կարեւոր բան են խնդրում», եւ Իշխանյան Վահանը ծիծաղելով ասաց՝ «մեր կուրսի տղերքից մեկը մի քանի ամիս առաջ գնացել ա եկեղեցի, մոմ ա վառել ու Աստծուց «Մերսեդես» ա ուզել», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Վահանին, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետո՞», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «մի քանի օր առաջ ախպերն Ամերիկայից ուղարկել ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ախպերն Ամերիկայից հինգ հազար դոլար ուղարկեց, ու ինքն էդ հինգ հազարով ահագին թարմ՝ ընդամենը տասը տարի քշած «Մերսեդես» առավ», եւ Ֆերեշեթն ասաց՝ «շատ լավ ա առել», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «չկա մի բնագավառ, որից մեր եղբայր Ֆերեշեթը գաղափար չունենա», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ հարեւանը տասը տարեկան «Մերսեդեսը» յոթ հազարով ա առել», եւ Ներսիսյանն արհամարհական  նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «մարդիկ Բարձրյալից «Մերսեդես» են խնդրում, իսկ դուք՝ ինչ-որ կիսադատարկ շշեր», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես ոչ թե կիսադատարկ շշեր եմ խնդրում, այլ խնդրում եմ, որ ինձ հեռու պահի կիսադատարկ շշերից», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «միայն Բարձրյալից խնդրելը քիչ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքդ էլ պիտի  տվյալ ուղղությամբ ջանքեր գործադրես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժտալով ավելացրեց՝ «կրտսեր Իշխանյանի այդ համակուրսեցու նման» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այդ երիտասարդը  «Մերսեդեսի» կապակցությամբ նախ Բարձրյալին է դիմել, իսկ այնուհետեւ՝ իր հարազատ եղբորը» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «սկզբում Բարձրյալից է ուզել, հետո նոր՝  եղբորից», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «ընդամենը մի շաբաթվա մեջ ախպերը փողն ուղարկեց», եւ Ներսիսյանը Վահանին հարցրեց՝ «ես այդ երիտասարդին ճանաչո՞ւմ եմ», եւ Վահանը հարցրեց՝ «իրա՞ն, թե՝ ախպորը», եւ Ներսիսյանն արհամարհանքով  պատասխանեց ու ասաց՝ «այդ ուզվորին» եւ մի քիչ մտածեց ու Վահանին ասաց՝ «եթե ձեր համակուրսեցին է եղել, պետք է որ հիշեմ», եւ Վահանը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին ասաց՝ «Սուրոյին դժվար թե հիշեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը միշտ դասերից փախնում էր», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «Էֆենդու դասերից էլ է՞ր փախնում», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Վահանին ասաց՝ «չհավատալու բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ ուրիշ ինստիտուտներից էին գալիս Էֆենդու դասախոսությունները լսելու», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշ ինստիտուտներից գալիս էին, բայց Սուրոն չէր գալիս», եւ Ֆերեշեթը  մի քիչ մտածեց ու Վահանին ասաց՝ «չհավատալու բան ես ասում», եւ Վահանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ուզում ես՝ հավատա, չես ուզում՝ մի հավատա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշում եմ, որ Էֆենդու դասախոսությունների ժամանակ ասեղ գցելու տեղ չէր ըլնում», եւ Վահանը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ ես չեմ հիշում», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «իզուր եք վիճում, բարեկամս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր պաշտպանությունից, իհարկե, չափազանց շոյված ու զգացված եմ, բայց, ցավոք սրտի, փաստերն առավել խոսուն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, փաստերը ոչ թե պարզապես խոսուն են, այլ՝ միանգամայն պերճախոս», եւ Ֆերեշեթը  զարմացած հարցրեց՝ «ո՞ր փաստերը», եւ Ներսիսյանը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «իմ դասախոսություններին այլ բուհերից իսկապես բազմաթիվ երիտասարդներ էին հաճախում», եւ Ֆերեշեթը ոգեւորված ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «միանգամայն իրավացի եք, բարեկամս», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ասեղ գցելու տեղ չկար», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ստիպված եմ ձեր ոգեւորության վրա սառը ջուր լցնել, բարեկամս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ դույլերով», եւ մինչ Ֆերեշեթը զարմացած կնայեր Ներսիսյանին, մաեստրոն ժպտալով ասաց՝ «ստիպված եմ արձանագրել, որ այս հարցում կրտսեր Իշխանյանն էլ է միանգամայն իրավացի», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ո՞ր հարցում», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սույն վիճահարույց հարցում», եւ Ֆերեշեթը  հարցրեց՝ «այսինքն», եւ Ներսիսյանը  ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «այսինքն, երկուսդ էլ իրավացի եք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «յուրաքանչյուրդ՝ յուրովսանն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31