Այս տարվա ընթացքում շուրջ 14 հազար արյունատվություն է կատարվել, այսինքն մեր ազգաբնակչության միայն 0.3 տոկոսն է ներգրավված դոնորության գործընթացին, ինչը բավարար քանակ չէ, մինչդեռ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ երկիրը ապահովում է արյան բաղադրամասերով միայն այն դեպքում, երբ նրա ազգաբնակչության 2-4%-ն է հանդիսանում է արյան դոնոր: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքերով, մեր երկրում պետք է լինի շուրջ 60 հազար արյունատվություն, սակայն թիվը պակաս է:
Պարոն Դաղբաշյանը բոլորին կոչ արեց մասնակցել արյան դոնորությանը, նույնիսկ եկեղեցուն հորդորեց, որ քարոզների ժամանակ այս գործընթացը կարեւորեն, որովհետեւ, ըստ պրոֆեսորի, դոնորը դա բարեգործական առաջին քայլերից է, երբ մարդը իր մի մասնիկը նվիրում է մեկ այլ մարդու կյանքը փրկելու համար:
Մասնագետը նաեւ վստահեցրեց, որ մեր ազգաբնակչությանը փոխներարկվող արյան որակական ցուցանիշները բավականին բարձր են եւ այն բավականին որակյալ հսկողության մեջ է:
Արյան հիվանդությունները, ըստ պարոն Դաղբաշյանի, աշխարհում ամենաթանկ բուժվող հիվանդություններից են: Բժշկի ներկայացմամբ՝ արյունաբանական կենտրոնում 4500 հիվանդներ կան, որոնցից 1100-ը երեխաներ են, եւ ի տարբերություն նախորդ տարիների, ավելացել են դիսպանսեր այցերի թիվը եւ որոշակի աճ կա նաեւ լեյկոզով եւ լինֆոմաններով հիվանդացությունների, որոնց բուժումը բավականին թանկ է:
Կարդացեք նաև
Չնայած բուժումը պետպատվերով է, սակայն մասնագետի դիտարկմամբ, երբեմն անհրաժեշտություն է լինում բարեգործական հիմնադրամների օգնության, որոնք շատ հիվանդների օգնում են դեղորայքով. «Այսօր մենք կատարում ենք բավականին բարդ քիմոթերապեւտիկ բուժում՝ գերմանական պրոտոկոլներով: Ունենք բավականին լավ ու բարձրակարգ բժիշկներ, որոնք իրենց մասնագիտական տվյալներով չեն զիջում համաշխարհային բժիշկներին: Ունենք 85% առողջացման ցուցանիշներ, իսկ եթե դեղորայքի ավելի լայն արսենալ ունենանք, ապա բուժման արդյունավետությունը կբարձրանա»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ժամանակակից սարքավորումների կարիք չունի՞ կենտրոնը, պարոն Դաղբաշյանն ասաց.«Մենք այսօր ունենք փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման կարիք, որովհետեւ հիվանդների 20-30%-ը փոխպատվաստման կարիք ունի եւ ցավոք, այդ հիվանդները մեկնում են արտերկիր եւ հույսը կապում են արտերկրի կլինիկաների հետ: Այժմ առողջապահության նախարարությունում կա ծրագիր՝ կստեղծվի համապատասխան բաժանմունք եւ Հայաստանում կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստումը: Դա բավականին մեծ եւ ծախսատար ծրագիր է, ես կարծում եմ կառավարությունը արդեն ունի այդ միջոցները ներդնելու, եւ այս բաժանմունքը տարածաշրջանում եզակին կլինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ