Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքը ներսի կողմից. Եսի գոյատեւը միաժամանակն է

Դեկտեմբեր 14,2012 15:56

 Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաև երևույթների չափանիշը, միևնույն է, տերևաթափը սկսվում է առանց մարդու կամքը  հարցնելու: Մարդը հաստատ չգիտի ինչ է մտածում ձուկը իր մասին կամ մտածում է արդյո՞ք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա միևնույն է իրեն համարում է ձկների տիրակալ:  Միակը, որ ունի ես, իրեն շրջապատող` իր կարծիքով անես աշխարհում:

Ես գիտեմ, որ ճշմարտությունը որոնելը վտանգավոր բան է, բայց միևնույն է դժվար է կանգնեցնել մարդկային հետաքրքրասիրությունը` անհայտի սահմանն անցնելու…  Չնայած որ զարմանալի Թումանյանը երազում էր հասնել և միանալ անեսին , երբ ասում էր.

Դու Աստվա˜ծ ես, դու անհու˜ն ես, անանուն ես ու անես:  Ուրեմն որտե՞ղ է գտնվում  ու ձևավորվում մարդու եսը, և ինչու՞ է Աստված մահկանացուին ներշնչել եսով,  երբ ինքը` Աստված, անես է…

Թերևս եսը ձևավորվում է մարդու մարմնում, ցանկություններում կամ անսանձ երևակայության մեջ, որ նրան հրահրում է տիրելու, տիրապետելու, ուրիշներին իրեն ենթակա դարձնելու իր թաքուն, հաճախ չգիտակցված մղումներին:

Տեսնես հիմա որտեղ է, ինչ եզերքներում է թափառում մեր գյուղացի, երևելի իմաստուն Իսոյի Անդրիասի անհանգիստ եսը, որի գերեզմանի հետ կատարվածը իմ մանկության, թերևս ամենամղձավանջային պատկերն է, որ մինչև հիմա էլ այցելում է ինձ  հիվանդագին տեսիլքի պես: Երբ նա մահացավ, նրան թաղեցին ժամանակավոր, այսինքն` հող չլցրին դագաղի վրա: Գերեզմանափոսը ծածկեցին տախտակներով, նոր միայն հողով, որպեսզի Ռուսաստանի հեռավոր խորքերում ծառայող նրա թոռնիկը տեղ հասներ, վերջին հրաժեշտը տար իր պապին: Աշնանային զրնգուն օր էր, երբ գյուղի տղամարդիկ թոռնիկի համար բացեցին պապի գերեզմանը: Մենք, երեխաներին հատուկ հետաքրքրասիրությամբ, խցկվեցինք մեծերի արանքներում, որ տեսնենք, թե ինչպես են բացում դագաղը: Բայց առաջին պահին ոչ ոք չհասցրեց տեսնել մահացածի դեմքը: Հաստատ պապի դեմքը չտեսավ նաև լացող զինվոր թոռնիկը, քանի որ տեղի ունեցավ աներևակայելի մի բան. բացված դագաղից միանգամից դուրս հորդեցին հազարավոր սև գլխով, սրճագույն թիթեռներ և մի պահ ամպի պես կախվելով հավաքվածների գլխին` անմիջապես էլ անշնչացած թափվեցին գետին:

Ի՞նչ էր դա, մինչև հիմա էլ չգիտեմ, գուցե այդ տարաշխարհիկ թիթեռների մեջ էր մահացածի եսը, որոնք սակայն նույնպես հող դարձան: Եվ հիմա, վերհիշելով այդ սարսռեցնող տեսարանը, մտածում եմ, որ թերևս եսի գոյատևը միաժամանակն է, ինչպես և անգոյի գոյատևը` անեսը:

 

ՄԵՐՈՒԺԱՆ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31