Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակը ՀՀ-ում լրագրողների դեմ բռնությունների վերաբերյալ խեղաթյուրված փաստե՞ր է ներկայացրել

Դեկտեմբեր 14,2012 15:25

 «2010 թվականին զրպարտանքի ապաքրեականացմանը հետևեցին քաղաքացիական զրպարտանքի 30-ից ավել դատական հայցեր: Դրանցից շատերը ներկայացվել էին բարձրաստիճան պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ ԶԼՄ-ների: Հայաստանում նման մի շարք դատական հայցերի արդյունքում որոշ թերթեր ստիպված էին վճարել շատ բարձր տուգանքներ և կրեցին լուրջ վնասներ»,- ՀՀ-ում մամուլի ազատության վիճակն այսպես է ներկայացված ԵԽԽՎ Մշակույթի, կրթության, գիտության եւ ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովում՝ Մաթս Յոհանսոնի (լուսանկարում) պատրաստած զեկույցում :

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև «Հայկական ժամանակ»-ի նախադեպին, երբ թերթը ստիպված էր վճարել 6 մլն դրամ՝ երեք խորհրդարանականների՝ դատը հաղթելու արդյունքում: Զեկույցում ներկայացված է, որ թերթը կարողացավ վճարել այդ տուգանքները միայն իր ընթերցողների շրջանում անցկացված հանգանակության շնորհիվ»:

Իսկ ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման մասին ԵԽԽՎ-ում քննարկված զեկույցում գրված է. «2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտությունների ժամանակ Հայաստան ժամանեց ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, եւ Եվրոպական խորհրդարանի միջազգային դիտորդների միասնական պատվիրակությունը: Արդյունքում դիտորդական առաքելությունը արձանագրեց և զեկուցեց ընտրական գործընթացների վերաբերյալ հասարակական անվստահության պակասի մասին»:

ԵԽԽՎ-ին ներկայացված զեկույցում զեկույցի հեղինակ շվեդ պատվիրակը նշում է, որ ՀՀ-ում մի շարք հեռուստաալիքների կողմից կիրառվում է մի պրակտիկա՝ ըստ որի լրատվական հաղորդումներում նյութեր են օգտագործվում, որոնք վերցված են վճարվող քաղաքական գովազդներից: Ըստ պատվիրակի՝ այս հանգամանքը կասկածի տակ է դնում ՀՀ-ում լրատվության հանդեպ վստահությունը:

Զեկույցում մասնավորապես նշված է. «Հայկական լրագրողական որոշ խմբեր տեղեկացրել են այն մասին, որ մամուլի քաղաքական անկախությունը և նախընտրական արշավի ընթացքում կարևոր հարցերի ազատ լուսաբանման հնարավորությունը՝ ներառյալ կոռուպցիայի մեջ մեղադրանքները, լրջորեն խոչընդոտվում էին ինքնագրաքննության ճնշման արդյունքում»:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև լրագրողների դեմ անձնական սպառնալիքներին ու բռնություններին, նշվում, որ «դրանց թիվը աննախադեպ մեծ է՝ 33 դեպք՝ 2011 թվականի հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ 2012 թվականի առաջին հնգամսյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք՝ երկուսը ԱԺ ընտրությունների ընթացքում»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր լիազորություններ տալու մասին էլ պատվիրակը գրում է, որ այն հեռարձակողների վրա ճնշումը մեծացնում է՝ իշխանություններին քննադատելուց խուսափելու կամ այդ քննադատության տոնայնությունը թուլացնելու հարցում:

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԵԽԽՎ պատվիրակի պատրաստած զեկույցում հայաստանյան իրավիճակը օբյեկտիվ է ներկայացված: Նա պատասխանեց. «Պիտի ասել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ երեք բռնության դեպք է գրանցվել: 2011-ին վերաբերող տեղեկությունները ևս ստույգ չեն: Երբ խոսում են 33 դեպքերի մասին, այստեղ խոսքը տարբեր տեսակի ճնշումների և այդ թվում դատական գործերի մասին է ընդդեմ լրատվամիջոցների: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2011-ի ինը ամիսների ընթացքում գրանցվել է երեք ֆիզիկական բռնության դեպք: Միգուցե ԵԽԽՎ պատվիրակը մանրակրկիտ չի աշխատել ինֆորմացիա հավաքելու ժամանակ և ոչ ստույգ տեղեկություններ վերցրել, կամ նրան գցել են թյուրիմացության մեջ: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ-ում լրագրողների շրջանում ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է, այլ հարց է , որ 2011-ը աննախադեպ էր դատական հայցերի առումով՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: Այս տարի հայցերի հոսքը նվազել է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31