Վաղուց ուզում էի մի երկու բարի խոսք գրեի Վարդգես Գասպարիի մասին: Իհարկե, լրատվամիջոցների համար նա, ինչպես հիմա ընդունված է ասել, «ղժալու» չափազանց բարենպաստ նյութ է տալիս՝ պատեհ-անպատեհ պառկում է տարբեր տեղերում, գոռում-գոչում է, երբեմն քաղաքականապես «ոչ ճշգրիտ» պաստառներ է պահում: Բայց իր բոլոր էքսցենտրիկ դրսեւորումներով հանդերձ` այդ մարդը անկեղծ է եւ պաշտպանում է իր` ճիշտ թե սխալ, սկզբունքները: Գասպարին քաղաքացի է, համարձակորեն արտահայտում է իր գաղափարները, ընտրում է դրա համար իրեն հոգեհարազատ ձեւերը: Քաղաքացի լինելուն, անշուշտ, նպաստում է այն, որ նա ունի եկամուտի անկախ աղբյուր՝ փոքր բիզնեսի սեփականատեր է: Եթե մեր բնակչության գոնե 30 տոկոսը կազմված լիներ Գասպարիի նման քաղաքացիներից, մեր խնդիրների մեծ մասը կլուծվեր: (Ինչ խոսք, անպայման չէ պառկել, կարելի է ամեն ինչ ասել նաեւ կանգնած):
Սկսած մոտավորապես 90-ականների կեսերից` իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր երկրում անկախ սեփականատերերի խավ չձեւավորվի: Դա իշխանությանը ձեռնտու է երկու պատճառներով. նախ՝ ամեն ինչ կենտրոնանում է ձեռնասուն օլիգարխների ձեռքում, երկրորդ՝ սեփականությունից զուրկ լյումպենը կարող է ժամերով լացել աշխատավարձի կամ թոշակի վերաբերյալ, անեծքներ ուղղել իշխանությանը, բայց վերջինիս համար որեւէ վտանգ չի ներկայացնում՝ շատ-շատ անկարգությունների ժամանակ խանութ թալանի:
Գասպարիի դիրքորոշումն անկախ է իշխանությունից եւ ընդդիմությունից: Ինչպես ասացի, վերջերս նա օլիգարխներին դատապարտող պաստառ էր բռնել՝ մարտավարական տեսանկյունից ոչ կոռեկտ: Բանն այն է, որ օլիգարխների շարքում նշված էր Գագիկ Ծառուկյանը, իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀԱԿ հույսեր էր փայփայում, որ ԲՀԿ-ի հետ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն կանի: Ուստի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հորդորեց հանել Ծառուկյանին, ինչը Վարդգեսը սիրով արեց: Այսօր նման հորդոր կարող է եւ չհնչել՝ քաղաքականության մեջ ամեն ինչ փոփոխական է: Բայց Գասպարիի առավելությունն էլ այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նա պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի է:
Օրերս էլ նա «պառկացույց» է արել ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ՝ պահանջելով, որ ներկա եւ նախկին ՀԱԿ-ականները կայքերում իրար անձնական վիրավորանքներ չհասցնեն: Ինչ խոսք, խիստ արդիական պահանջ է, որը, բնականաբար, վերաբերվում է քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներին: Ճիշտ է, ինքը՝ Վարդգեսը, այդ պահանջին չի ենթարկվում, եւ երբ երեկ մի քանի իշխանավոր «սխալմամբ» դուրս էր եկել կառավարութան շենքի գլխավոր մուտքից, նա սկսեց բղավել՝ «սրիկա՛», «մարդասպա՛ն», որոնք նույնպես անձնական վիրավորանքներ են: Բայց, նույնիսկ իր հակասություններով, Գասպարին անկեղծ է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ