Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա՞

Դեկտեմբեր 14,2012 14:52

Hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հետ

Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:

-Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապես կա «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարություն, նա կարող է խոսել: Այդ մարդիկ ովքեր են, որ նրանց անունով են խոսում: Հետո վերջապես ինչու մենք պարտավոր էինք անպայման պաշտպանեինք իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կպաշտպանենք: Երրորդ հերթին`այդ հարցով պետք է խոսեն ոչ թե էդ մարդիկ, այլ պետք է խոսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կտամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն ինչու՞ նման որոշում կայացրեց, քանի որ ամեն ինչ տանում էր նրան, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի:
-Չեմ ուզում էդ տեսակ բաներով զբաղվեմ: Ավելի լավ է իրենք խոսեն, իրենք բացատրեն, ես ինչու բացատրեմ: Դա անշնորհակալ գործ է: Թող իրենք խոսեն` լավ որոշում են արել, վատ որոշում են արել: Դա իրենց գործն է, մեզ չի վերաբերվում: Ամեն կուսակցություն ինքն է որոշում: Մենք միշտ բաց ենք աշխատել, ոչ ոք այդքան հստակ եւ բաց չի արտահայտվել եւ ոչ մի տեղ չենք հակասել: Մենք ասել ենք` նախ ծրագրի շուրջ պետք է ստեղծվի համախոհություն, միասնականություն: Երկրորդ`այդ համախոհությունը ստեղծվելուց հետո կարեւոր չի այլեւս ով կլինի միասնական թեկնածուն, բայց այդ համախոհությունը ստեղծվելուց հետո պետք է ճշտվի միասնական թեկնածուն, ոչ թե նախ ճշտվի միասնական թեկնածուն, հետո համախոհություն ստեղծվի: Մենք անձի խնդիր չեն ունեցել, մենք ունենք ծրագրի խնդիր, ծրագրից հետո մենք անշուշտ ունենք անձերի շուրջ մեր նախասիրությունները, հակակրանքներն ու համակրանքները: Բայց դա համարել ենք երկրորդական հարց:

-ՀՅԴ-ն ասել է, որ անձի հարց չի դնում, այլ մոտեցումների հարց է դնում: Արդեն հստակեցվե՞լ են մոտեցումները, եւ արդյոք քննարկվու՞մ է անձի հարցը:
– Խորհրդարանական ընտրություններից հետո մենք նույն բանն ենք ասել, որ մենք անձի հարց չենք դնում, նախ ծրագրի շուրջ պետք է գոյանա համաձայնություն, որից հետո մենք գանք եզրակացության: Եզրակացության գալուց հետո ոչ ոք նման որոշում ընդունելու իրավասություն չունի, մեր Գերագույն ժողովը պետք է որոշում ընդունի: Հիմա մարդիկ կարող են հավատալ, որ մենք կեղծ ենք, սուտ ենք, դա իրենց գործն է, բայց մեր կուսակցության մեջ ժողովն է որոշում: Ուզում են` հավատան, չեն ուզում` չհավատան:

Քանի որ ԲՀԿ-ն այլեւս դուրս եկավ քաղաքական ակտիվ գործունեության դաշտից` նկատի ունենալով, որ խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ տեղում գտնվող ուժը չի մասնակցում երկրի համար կարեւոր ընտրություներին, արդյոք սպասվու՞մ է, որ ՀՅԴ-ն կարող է դաշինք կազմել ընդդիմադիր դաշտում գործող այլ ուժերի հետ` ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ մյուսների: Կա՞ նման քննարկում օրակարգում:
-Մենք մեր ծրագիրը դեռ ավարտված չենք համարում: Կշարունակենք աշխատանքը, նույնիսկ ԲՀԿ-ի հետ կշարունակենք էդ աշխատանքը: Մենք չենք կարծում, որ ամեն ինչ վերջացավ, ամեն ինչ ջուրն ընկավ, այլեւս ոչ մի բան հնարավոր չի: Մենք մեր գործը շարունակելու ենք, Մեր արածները, մեր կատարելիք աշխատանքը պայմանավորված չի սրա կամ նրա պահվածքով, մենք շատ ավելի սկզբունքային եւ հիմնավոր ուղղություն ունենք:

– Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեցիք, որ չեք պաշտպանելու իր թեկնածությունը, բայց եւ չեք բոյկոտելու ընտրությունները: Դա ի՞նչ է նշանակում, կարող է ՀՅԴ-ն իր սեփական թեկնածուն ունենա: Այդ հարցը քննարկվու՞մ է:
-Կարող է, ինչու` չէ:

Նարինե ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31