Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասատու արուների լավ «թակարդներ» կան Հայաստանում

Դեկտեմբեր 14,2012 14:10

Վերջին երկու տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրի մի քանի համայնքներ հատկապես շատ են տուժել մեր երկիր ներթափանցած հարավամերիկյան ծագում ունեցող վաղահաս կարտոֆիլի ու լոլկի վնասատուներից: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա կարծիքով, չնայած վնասատուների հասցրած վնասի, Արարատյան դաշտավայրում պետք է շարունակել մորմազգիների մշակումը. «Որոշ առանձին  մասնագետների եւ ոչ մասնագետների կողմից իրարամերժ տեսակետներ են հնչեցվել, որ Արարատյան դաշտավայրի  համայնքների վնասված հողերում վաղահաս կարտոֆիլի ու մնացած այլ մորմազգիների մշակումը այլեւս նպատակահարմար չէ: Այդ առիթով վերջերս նախարարությունում ընդլայնված քննարկումներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին Հայաստանում բույսերի պաշտպանության ոլորտի լավագույն մասնագետներ, գյուղատնտեսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջերմոցային տնտեսության սեփականատերեր: Քննարկումների արդյունքում ձեւավորվեց այն հստակ կարծիքը, որ Արարատյան դաշտավայրում, անկասկած, պետք է շարունակել մորմազգիների մշակությունը, հատկապես վաղահաս կարտոֆիլի, սմբուկի, լոլիկի ու տաքդեղի մշակումը»:

Ըստ պարոն Պետրոսյանի, առանց վերը նշված մորմազգիների մշակման, ազգաբնակչության պահանջը այդ մթերքների նկատմամբ անհնար կլինի բավարարել հատկապես գարնան ամիսներին ու ամռան սկզբին:

Անցած տարի վնասատուի հասցրած վնասը հատկապես շոշափելի է եղել Մասիսի շրջանի ու էջմիածնի համայնքներում: Վնասատուի ազդեցությունը նվազեցնելու համար, գյուղփոխնախարարը բոլոր հողօգտագործողներին խորհուրդ տվեց  կարտոֆիլի տնկանյութը Արարատյան դաշտավայրում չտեղափոխել աշնանը.«Տնկանյութը խորհուրդ է տրվում Արարատյան դաշտավայր տեղափոխել միայն ցանքի նախօրեին եւ անմիջապես կատարել ցանք: Եթե կարտոֆիլի տնկանյութը հիմա տեղափոխվի եւ պահպանվի Արարատյան դաշտավայրի այն համայնքներում, որտեղ կա վարակ, կարտոֆիլի պալարները մինչեւ գարնանային տունկը կարող են վնասվել»: Պարոն Պետրոսյանը գյուղացիներին նաեւ հիշեցրեց, որ ցեցի թիթեռը շատ լավ զարգանում է նաեւ պահեստարաններում:

Փոխնախարարի հավաստմամբ`«Ջերմատան պայմաններում հնարավոր է վնասատուի դեմ 100 % արդյունք ապահովել:  Օգտագործվում են, այսպես կոչված, «ֆերոմոնային թակարդներ, որոնք գրավում են արուներին, եւ հնարավորություն է ստեղծվում ճիշտ ֆիքսել վնասատուի զարգացման պահը եւ կատարել պայքարի քիմիական միջոցառումներ»:

Ինչ վերաբերում է գյուղացիների այն պնդմանը, որ լոլիկի ցեցը Հայաստան է ներթափանցել թուրքական լոլիկից, փոխնախարարն ասաց, որ նման փաստեր չունի. «Մենք այլ երկրներից էլ ենք լոլիկ ներմուծում` Իրանից, Հունաստանից, Վրաստանից: Իսկ Թուրքիայից անմիջապես ոչ մի մթերք չի ներկրվում Հայաստան, այդ թվում` լոլիկ: Թուրքիայից Հայաստան լոլիկ է բերվում այլ մթերքների հետ միասին Վրաստանի տարածքով: Չեմ կարող բացառել, որ վրացական շուկայում լոլիկի վարակը ներթափանցած լինի Թուրքիայից»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31