Այսօր ԱԺ-ում Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից ճանապարհների գծերի հետ կապված հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ մի այնպիսի բան մտածել, որ երեք գծով ճանապարհներում վարորդները հասկանան, որ չեն կարող գծերի մեջտեղով մեքենան վարել, որովհետեւ լինում է, որ մի մեքենա է անցնում՝ մեջտեղով քշելով: Բացի այդ, նա ասաց, որ ոստիկանությունը մի տեսակ պատժիչ ֆունկցիա ունի, իրականում պետք է ունենա կանխարգելիչ ֆունկցիա:
ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը բարձրացրեց խցանումների խնդիրը՝ ինչպիսի՞միջոցառումներ կարելի է անել, որպեսզի նվազեցնել խցանումները:
Արթուր Օսիկյանն իր զեկուցման մեջ նշել էր, որ լրագրողները սկսել են ակտիվ լուսաբանել ոլորտը: Դրա հետ չհամաձայնեց Արայիկ Հովհաննիսյանը. «Նորաձեւություն է եկել, հենց նոր մեր լրագրողը եղավ Բաղրամյան պողոտայից, որտեղ իրար բախվեցին «Մերսեդեսն» ու …լուսաբանում են պատահարը, ոչ թե կանխարգելումը»:
Երեւանի քաղաքապետի խորհրդականն էլ առաջարկեց վթարված մեքենաները դուրս բերել երթեւեկելի մասից, որ խցանումներ չլինեն, որովհետեւ ապահովագրական ընկերություններն իրականում շատ ուշ են ժամանում ու լուրջ խնդիրներ են առաջանում: Այս հարցերին ի պատասխան՝ Արթուր Օսիկյանն ասաց, որ «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մի հարվածով բոլոր խնդիրները լուծենք»: Խցանումների հետ կապված նա վստահեցրեց, որ մի շարք լուծումներ տրվել են՝ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով: Ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ի հետ կապված խնդիրներին, նա նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում եւ շուտով ԱԺ-ում այդ հարցը կքննարկվի:
Կարդացեք նաև
«Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհել էր, որ ավելի մեծ է վնասը, քան ԱՊՊԱ-ից ակնկալվող փոխհատուցումը: Արթուր Օսիկյանն էլ պատասխանեց, որ «Եթե գործակալների կողմից ուշացումներ են լինում՝ մեզ ահազանգեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ