Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչ Սարգյուլ Սիրեկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») դատապարտել է 3 տարվա ազատազրկման եւ որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 4 տարի ժամկետով փորձաշրջան: Դատարանը պատիժը նշանակելիս հաշվի է առել, որ կինը նախկինում դատված չէ: Դատախազ Վրեժ Առաքելյանը պահանջել էր Ս. Սիրեկանյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման: Վերոհիշյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:
Սարգյուլ Սիրեկանյանը 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսը Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների:
Նշենք, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը նոյեմբերի 30-ին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրվող, Իջեւանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանի հանդեպ եւս կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նրան դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Վրեժ Առաքելյանը Կ. Օթարյանի համար պահանջել էր 3 տարի ազատազրկում:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Կարինե Օթարյանի դատավճռի դեմ եւ մտադիր է բողոքարկել նաեւ Սարգյուլ Սիրեկանյանի դատավճիռը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ