Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելություններ կատարեց «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների: Գյումրու համայնքապետը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին նվիրեց ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից հանգանակված գումարով Մուշ-2 նորակառույց թաղամասում գնված բնակարանը: Նշենք, որ այդ ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» և hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանի կողմից դեռ 3 ամիս առաջ պատրաստված` «Գյումրիում 11 անչափահասներից բաղկացած անօթևան ընտանիքը ապրում է վարձով բնակարանում» տեսանյութը հրապարակվել էր հայաստանյան առաջատար մի շարք էլեկտրոնային պարբերականներում:
«Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութում ներկայացվում են դրվագներ 14 անձից բաղկացած բազմանդամ անօթևան ընտանիքին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անակնկալ այցելությունից, որի ժամանակ էլ ընտանիքին նվիրվեց նշված բնակարանը:
«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն