Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու և այլ թեկնածուի չսատարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի որոշումը քաղաքական և հասարակական շրջանակներում հայտնվել է քննադատությունների թիրախում: Շատերը ԲՀԿ այս որոշումը համեմատում են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որոշման հետ, երբ 2008թ. փետրվարի 29-ին նա սեղմեց Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը:
Սակայն այդ գնահատականը միանշանակ չէ: Որ ԲՀԿ որոշումը առնվազն հեշտացրել է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը, միանշանակ է: Սակայն մի քանի էական տարբերություններ կան երկու իրավիճակների միջև:
Նախ, ի տարբերություն Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանը խաղից դուրս է գալիս առանց ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու և ստացած ընդդիմադիր քվեները Սերժ Սարգսյանի վրա բավական բարձր գնով վաճառելու: Այս պարագայում Ծառուկյանի որոշումը նախագահական մրցապայքարից առաջ իր էլեկտորատին կողմնորոշվելու որոշակի հնարավորություն է տալիս:
Երկրորդ՝ ԲՀԿ-ի՝ խաղից առաջ (և ոչ թե հետո, ինչպես ՕԵԿ-ի պարագայում) մրցապայքարից դուրս գալու որոշումը որոշակի դաշտ է բացում հատկապես ընդդիմադիր ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ, որը փաստացի միակ ֆիգուրն է Հայաստանում, որ կարող է կրկին ձեռնոց նետել իշխանությանը:
Երրորդ գործոնն այն է, որ Արթուր Բաղդասարյանն իր որոշման արդյունքում պաշտոն, բիզնեսներ և անձնական բարեկեցություն վաստակեց, մի խոսքով՝ հարստացավ: Գագիկ Ծառուկյանի պարագայում ավելի հնարավոր է հակառակը, որ իշխանություններն ավելացնեն ճնշումները նրա, նրա թիմակիցների և բիզնեսների նկատմամբ անցած մեկ տարում ցուցաբերած անհնազանդության համար:
Սակայն ՕԵԿ-ի 2008թ. և ԲՀԿ-ի ներկա որոշումների միջև մեկ ընդհանրություն կա՝ դրանք լուրջ հարված են կուսակցությանը, ինչը թերևս կարտահայտվի համապետական հաջորդ ընտրությունների ժամանակ (2012թ. խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ը բավական լուրջ դաս քաղեց անցած տարիների քայլերի համար):
Անցած մեկ տարում ԲՀԿ-ն՝ որպես կուսակցություն, որոշակի քաղաքական դիմագիծ էր ձեռք բերել: Ներկայում իրեն այլընտրանք համարող քաղաքական այս ուժի առջև կա միայն մեկ այլընտրանք՝ ոչ մի պարագայում չգնալ իշխանության հետ համագործակցության և շարունակել կուսակցության հետագա քաղաքականացումը:
Հակառակ պարագայում հայտնի են տխուր նախադեպեր:
Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
«Օրակարգ»