Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ հարցազրույցից:
-«Բարգավաճ Հայաստանի» որոշումը քաղաքական նոր կացություն է ստեղծել. ի՞նչ տեղաշարժեր կարող են հետեւել դրան, եթե նկատի ունենանք, որ Գագիկ Ծառուկյանի որոշմանն անհամբերությամբ սպասում էին ընդդիմադիր հատվածի որոշ ուժեր՝ անգամ դրանով պայմանավորելով սեփական քայլերը:
-Մի բան փաստ է` ԲՀԿ-ի որոշումը Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների վրա շոկային ազդեցություն ունեցավ, որովհետեւ նրանք ոչ միայն անհամբեր սպասում էին ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը, այլեւ շատ ավելի էին գովերգում նրա թեկնածության առաջադրումը, քան որոշ ԲՀԿ-ականներ: Եվ այդ իմաստով ՀԱԿ-ն այսօր կանգնած է երկընտրանքի առաջ. ի՞նչ անել:
ՀԱԿ-ի նպատակն էր քաղաքական դիվիդենտներ շահել ի հաշիվ ԲՀԿ-ի: ՀԱԿ-ն իր հոժար կամքով ընդդիմադիր դաշտի դափնիները հրամցրել էր «Բարգավաճ Հայաստանին»՝ փորձելով նրա «շոգեքարշից» կպած առաջ գնալ` ինչ-որ բանի հասնելու ակնկալիքով: Սակայն ԲՀԿ-ն այլ որոշում կայացրեց. «շոգեքարշն» այսօր տեղից չի շարժվում: Եվ բնական է, որ այդ որոշումը պետք է վատ ազդեր ՀԱԿ որոշ գործիչների վրա: Եվ հիմա կոնգրեսը ստիպված է ինչ-որ քայլերի դիմել:
-ՀԱԿ-ականներն արդեն շրջանառում են այն միտքը, թե ընդդիմադիր միակ ուժը կոնգրեսն է, ուրեմն ընդդիմադիրները պետք է համախմբվեն միակ թեկնածուի շուրջ, որը, ըստ իրենց, Լ.Տեր-Պետրոսյանն է: Հավանական համարո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի առաջադրումը, առավել եւս որպես ընդդիմության թեկնածու հանդես գալը:
Կարդացեք նաև
-Տեր-Պետրոսյանը խելոք գործիչ է, հետեւաբար, քանի որ հիմար չէ, կարծում եմ, երկրորդ անգամ նույն գետը չի մտնի: Ասել եմ ու կրկնում եմ՝ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կլինի քաղաքական ինքնասպանություն: Տպավորությունս այնպիսին է, որ նա փորձում է խաղաղ, հանգիստ, աննկատ հեռանալ քաղաքականությունից, դրա համար էլ աջակցում էր ԲՀԿ առաջնորդին: Եվ այսօր, քանի որ ամեն ինչ գնաց այլ ուղղությամբ, ստիպված են որոշել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Բայց փաստն այն է, որ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանն այլեւս չունեն 2008-ի վարկանիշը, ռեսուրսներն ու ամենակարեւորը` ժողովրդի հավատը:
-Այդ մասին խոստովանում են նաեւ ՀԱԿ անդամները:
-Այո, լսեք Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սուրենյանին, Արամ Սարգսյանին, Սուրեն Աբրահամյանին, ովքեր 2008-ին Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մարդիկ էին, լսեք ու կհամոզվեք ասածիս ճշմարտության մեջ: Պետք է կույր լինել ու չտեսնել, որ ՀԱԿ-ը գնում է քաղաքական մայրամուտ: Թերեւս նախընտրական շրջանում կփորձեն մի վերջին անգամ հանդես գալ դեմագոգիկ, ամբոխահաճո հայտարարություններով, միտինգներ կանեն, բայց այն, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում չունի այլեւս հեգեմոնիկ դեր` փաստ է:
Բնականաբար Տեր-Պետրոսյանը չի կարող լինել ընդդիմության միասնական թեկնածու: Ինձ համար անհասկանալի է միասնական թեկնածու ասվածը: Մեզանում ընդդիմությունը բազմաշերտ է, ուրեմն ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն, որը ազգային գաղափարախոսություն ունեցող, կայացած քաղաքական կառույց է, համագործակցել ծայրահեղ լիբերալների հետ` պետության ապագային առնչվող կարեւոր խնդիրների շուրջ:
Մանավանդ որ տարբեր կուսակցություններ ներկայացնող ՀԱԿ-ը պետությանն առնչվող կարեւորագույն հարցերում հանդես է գալիս կարծիքների առատությամբ: Այնպես որ ընդդիմության միասնական թեկնածու ասվածը բլեֆ է:
-ԲՀԿ-ի որոշումը` չսատարել որեւէ թեկնածուի, չի՞ ենթադրում չսատարել նաեւ գործող նախագահին:
-Չնայած ԲՀԿ-ն հայտարարեց, որ պաշտոնապես չի սատարելու որեւէ մեկին, բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ անդամ քաղաքական գործիչներն ու ԲՀԿ տեղային կառույցները պասիվ դերում կմնան: Մասնավոր զրույցների ժամանակ ԲՀԿ առանցքային գործիչները մշտապես ասել են` կցանկանան, որ գործող նախագահը վերընտրվի եւ ընտրությունների ժամանակ կսատարեն նրան:
Այնպես որ, չնայած ԲՀԿ-ն սատարելու որոշում չի կայացրել, բայց լինելով ժողովրդավարական կուսակցություն, մարդիկ ազատ կլինեն իրենց ընտրության մեջ: Չնայած դրան` կսատարեն թե չեն սատարի, կառաջադրեն թե ոչ, մեր ծրագրերը ամենեւին չեն փոխվելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»