Հատված ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից:
– Ամիսներ, տարիներ շարունակ մենք Ազատության հրապարակում ունեցել ենք անխոնջ և էմոցիոնալ Նիկոլ Փաշինյան, որն այսօր ԱԺ–ում է փոքր–ինչ կերպարանափոխված վիճակով։
– Ո՞վ է ասում, որ ինձ մոտ փոփոխություն կա։
– Ինքս եմ նկատում։ Իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում դարձել է բավականին զուսպ, ավելի խոհեմ, պահպանելով սուր և տեղին հումորը, ելույթ է ունենում առանց ավելորդ հուզականության, խանդավառության, իրողություններ, որոնք, օրինակ, անբաժան են Մարգարիտ Եսայանից, Համլետ Հարությունյանից, Հրանտ Բագրատյանից ու էլի մի քանիսից։
Կարդացեք նաև
– Ձեր ընկալումը կամ ուրիշների ընկալումը պետք չէ ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն։
– Իսկ ո՞վ այդպիսի ընդհանրացում արեց։ Կրկնում եմ՝ իմ սուբյեկտիվ կարծիքով Նիկոլ Փաշինյանն առաջվա նման էմոցիոնալ չէ, զուսպ է և հավասարակշիռ։ Ինչը ես համարում եմ պատգամավորի ճիշտ պահվածք։
– էմոցիոնալի և ոչ էմոցիոնալի խնդիր չկա։ Կա ադեկվատության խնդիր՝ իրավիճակին։ Չէ՛, ոչ թե իրավիճակին, այլ միջավայրին, դահլիճին, ամբիոնին։ Հանրահավաքի ամբիոնը հանրահավաքի ամբիոն է, հանրահավաքի ոճը՝ հանրահավաքի։ Խորհրդարանը ուրիշ տեղ է, ասուլիսը՝ ուրիշ, լրագրողն էլ ուրիշ տեղ է, չէ՞։ Եվ, բնականաբար, ես չեմ կարող հանրահավաքում նույն կերպ խոսել և նույն կերպ Ձեզ հիմա հարցազրույց տալ, կամ հարց հնչեցնել ԱԺ-ում։ Խնդիրն իրականում ասելիքի մեջ է, իսկ իմ ասելիքը չի փոխվել, մնացել է նույնը, և տեխնիկական դետալները պետք չէ իրար խառնել։
– Եթե մարդը 4-5 և ավելի տարիներ խոսում է նույն բաների մասին ու նրան լսող չկա, մեղմ ասած, վատ է։ Էլ ավելի մտահոգիչ է, եթե անփոփոխ ասելիքը լսում է օր օրի հանգչող լսարանը, այն էլ ՝ ականջի մի ծայրով։ Բայց այս մասին չէ, որ պիտի «քննարկումներ» անենք, ավելի լավ է կոնկրետանանք, չե՞ք կարծում, որ օրենսդիր Նիկոլ Փաշինյանը երթային կամ հրապարակային Նիկոլ Փաշինյանից տարբերվում է, և դա դրվատելի է։
– Ես հանրահավաքներում էլ եմ եղել շատ լուրջ և հավասարակշիռ ու երբեք էմոցիաների ազդեցության ներքո բան չեմ ասել, որոշումներ չեմ կայացրել։
– Փաստորեն, Ձեր մեջ երկու «ես» չկա։
– Իհարկե չկա և չի եղել։ Դուք կարող եք իմ բոլոր ասածները, ելույթների տեքստերը հավաքել-համեմատել, և կտեսնեք, որ դրանք համարժեք են իրավիճակին։ Այսինքն, եթե ուզում են ինձ էմոցիոնալի պիտակ կպցնել, ասեմ, որ դա իրականության հետ կապ չունի։ Իմ ասելիքը և լրագրության, և քաղաքականության մեջ եղել է համարժեք ու կմնա այդպիսին։
– Ողջունում եմ նույնությունը և առաջարկում եմ փարձաքննություն ենթարկել երկրորդ դիտարկումը ևս. ՀԱԿ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանն առանձնանում է անկախականի մտածելակերպով, հարցադրումների քաջությամբ և վերլուծությամբ։
– Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր տեղում առանձնանում է, որովհետև ինքն է ի սկզբանե այդպիսին։
– Իսկ գուցե ա՞յդ է պատճառը, որ հարազատ կուսակցությունում համախոհներ քիչ ունեք։
– Ես Հայաստանի Հանրապետությունում համախոհներ շատ ունեմ, այդ թվում՝ ՀԱԿ-ում և բոլոր տեղերում։
– Բոլոր տեղերում՝ չգիտեմ, բայց որ ՀԱԿ-ում լուրջ տարաձայնություններ ունեք, անժխտելի է։
– Նախ՝ տարաձայնություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Հա, այստեղ կա մի բան, որ իմ և՛ համաձայնությունները, և անհամաձայնությունները հրապարակային են։ Քաղաքականությունն ինձ համար նույնպես հրապարակային երևույթ է։
– Եվ վերջում մի «շաբլոն» հարց. ՀԱԿ–ից սպասելիքներ ունենա՞նք։
– Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
«Իրատես de facto»