Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արման Խաչատրյանի նախագահությամբ այսօր լսվեց 2010թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունիի մարտական դիրքերում հրազենային վնասվածքներից սպանված 6 զինվորների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի, սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի մոր՝ Սվետլանա Կարապետյանի եւ սպանված զինծառայող Ռոբերտ Հովհաննիսյանի հոր բողոքը: Նրանք բողոքարկում էին պաշտպանության նախարարության հատկապես կարեւորագույն գործերով քննչական բաժնի քննիչ Մուշեղ Բուլղադարյանի այս տարվա հուլիսի 28-ին կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման՝ քրեական հետապնդում չի իրականացվելու, իսկ քրեական գործի վարույթը կասեցվել է: Այսօր դատարան էին ներկայացել կողմերը:
Արթուր Սաքունցը ներկայացրեց իր բողոքը, հայտնեց, որ մարտական դիրքերում հրազենային վնասվածքներից սպանված ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի, զինծառայողներ Գարեգին Մովսիսյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Արտեմ Մանասյանի եւ Կարո Այվազյանի (ինքնասպանության) գործի նախաքննությունը տեւել է երկու տարի, սակայն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի նյութերը չի տրամադրել կողմին, հետեւաբար իրենք չեն կարողացել ծանոթանալ: Արթուր Սաքունցն ասաց, որ չի պարզվել գործի շատ ու շատ հանգամանքներ՝ մեղմացնող եւ ծանրացնող, չի ձեռնարկվել միջոցառումներ, մասնավորապես զինծառայող Մանասյանի մարմնի վնասվածքների պատճառի, Թադեւոսյանի կողմից զենք օգտագործելու… մասին:
Բողոքաբերը գտնում էր, որ Կարո Այվազյանին ապօրինաբար զինված ուժեր ներգրավելու համար (նախկինում դատված) քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին փոխգնդապետներ Վիգեն Պետրոսյանը, Սամվել Գեւորգյանը, քանի որ Այվազյանին արգելված էր զենք օգտագործել:
Որդեկորույս Սվետլանա Կարապետյանը, որը դեմ էր լուսանկարահանմանը, ասաց, որ իր տղան մեկ տարի 9 ամիս կապավոր է եղել եւ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու են նրան տեղափոխել առաջին գիծ: Նա ասաց, որ գործի նյութերի ամբողջությամբ չէր ծանոթացել, մասնավորապես բերեց մի օրինակ, թե ինչ հակասություններ է նկատել: Նա ասաց, որ վերջին հեռախոսազանգը որդու հետ եղել է 6.20, իսկ նախաքննական մարմինը նշել էր, որ ժամը 5-ին մահացած է եղել: «Ինչպե՞ս կարող էին մահացածները խոսել»,- արցունքները զսպելով հարցրեց նա: Դատարանը դիմեց քննիչ-պատասխանողին եւ ճշտեց, որ գործը 6 հատոր է՝ 240 ղջից բաղկացած: Քննիչը 6 հատորները տրամադրեց դատարանին:
Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 21-ին:
Տուժողի իրավահաջորդները հարցրին, թե ինչպես պետք է ստանան գործի նյութերը: Դատավորն ասաց, որ պետք է ծանոթանան դատարանում, իսկ պատճենահանման համար պետք է վճարեն տուժողի իրավահաջորդները: Իր հերթին քննիչը դատարանին հայտնեց, որ 6 հատորում տեղ չեն գտել «պետական գաղտնիք պարունակող» գաղտնի օպերատիվ գրությունները, ինչին հետեւեց Ա. Սաքունցի ռեպլիկը. «Պաշտպանության նախարարի հրամանն ավելի՞ն է, քան դատարանի որոշումը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ