Եթե մինչ Գագիկ Ծառուկյանի որոշումը բոլորը սպասում էին, թե ինչ են որոշելու նա և Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա Ծառուկյանի որոշման հրապարակումից հետո մնաց միայն Տեր-Պետրոսյանի որոշման հարցը, որպես նախագահի ընտրության գործընթացի առանցքային հարցերից մեկը:
Կմասնակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր միայն երևի թե ՀԱԿ-ի, այսպես ասած, ֆանատներն են ի զորու պնդել, որ Տեր-Պետրոսյանը մասնակցելու դեպքում կարող է լուրջ մրցակցություն առաջադրել Սերժ Սարգսյանին և իշխող վարչակազմին: 2008 թվականին դա հնարավոր էր Տեր-Պետրոսյանի տասնամյա լռության և միֆականացման ֆոնին, իսկ այսօր այդ ամենն այլևս չկա, և Տեր-Պետրոսյանը, ըստ էության, վերածվել է «շարքային ընդդիմադիրի», ինչպես նրան զգուշացնում էր Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի ընտրությունից առաջ: Սակայն այն, որ ներկայումս ինքը ընդամենը շարքային ընդդիմադիր է, հենց Տեր-Պետրոսյանի բացթողումների հետևանքն է: Բանն այն է, որ նա շարունակեց իր քաղաքականությունը կառուցել իր անձի միֆական ընկալումների վրա` չնկատելով այն հասարակական փոփոխությունները, որ տեղի էին ունենում` այդ թվում նաև իր վերադարձի արդյունքում: Հետևանքը եղավ այն, որ չնկատելով այդ փոփոխությունները կամ չուզենալով նկատել` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց լայն հասարակությանը վաճառել մի ապրանք, որն այլևս ոչ մեկին պետք չէր՝ իր միֆականությունը կամ մոգականությունը: Մինչդեռ լայն հասարակությունը պահանջում էր շատ ավելի պարզ բան՝ իշխող համակարգի դեմ պայքարի կոնկրետ մեխանիզմներ:
Միֆականությունն այլևս չի աշխատում, իսկ մեխանիզմներ էլ Տեր-Պետրոսյանը հասարակությանն այդպես էլ չի առաջարկել: Հայ ազգային կոնգրեսը կարելի է համարել այդպիսին, բայց Տեր-Պետրոսյանն ի դեմս ՀԱԿ-ի իրականում ձևավորեց իշխանության հայելային պատկերը՝ որակների և արժեքների առումով: Այսինքն` մի կառույց, որտեղ ամեն ինչ հանձնված է մեկ անձի տնօրինության և կամ պետք է ենթարկվել նրան, կամ էլ պարզապես հալածման ենթարկվել: Ահա այս պաշարով Լևոն Տեր-Պետրոսյանն անկասկած չունի Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի հետ մրցակցելու հնարավորություններ: Նա, իհարկե, կարող է փորձել լարել իրավիճակը` օգտագործելով հավատարիմ երկրպագուների փոքր, բայց բավական կուռ բանակը: Սակայն դա արդեն կարող է ընդամենը քաոտիկ իրավիճակ ստեղծել, որից օգտվել, սակայն, հասարակությունն անկարող է, քանի որ հանդիսանում է բավականին տրոհված և հիասթափված, բավականին փոշիացած մի ռեսուրս: Փոխարենը` այդ քաոտիկ իրավիճակը կարող է Սերժ Սարգսյանի համար առիթ դառնալ ռեպրեսիվ և ուժային մեթոդներով լուծել հասարակական գործոնի հարցը, օգտվելով առիթից` հասարակությանը հասցնելով մի հարված, որից այն կարող է երկար ժամանակ ուշքի չգալ: Կամ քաոտիկ իրավիճակից կարող են օգտվել իշխող համակարգի առանձին սեգմենտները՝ լուծելով ներիշխանական հարցեր:
Այսինքն` մասնակցության որևէ դեպքում Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ, կամա թե ակամա, կօժանդակի կա՛մ ուղղակի Սերժ Սարգսյանին, կա՛մ իշխող համակարգին ընդհանրապես` վերջնականապես զոհելով իր հեղինակությունը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով: Իհարկե, կա նաև տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը նրան առաջարկի պայմանավորվել «պատվավոր երկրորդ» տեղի շուրջ և նույնիսկ երկրորդ փուլի առաջարկ կարող է անել, ինչը առերևույթ կարող է դիտվել անգամ 2008-ի համեմատ ավելի մեծ ձեռքբերում Տեր-Պետրոսյանի համար: Բայց Սարգսյանն, իհարկե, այդ քայլին կգնա միայն իրավիճակի հանդեպ բացարձակ վերահսկողության երաշխիքներ ունենալու դեպքում՝ եթե վստահ լինի, որ երկրորդ փուլում որևէ արտառոց, չնախատեսված իրավիճակ տեղի չի ունենա: Իսկ դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի համար այդ առաջարկն էլ, մեծ հաշվով, փակուղային է: Սակայն փակուղային է նաև չառաջադրվելու տարբերակը` նկատի ունենալով, որ այդ դեպքում Տեր-Պետրոսյանը պետք է կամ այլ թեկնածուի առաջադրի ՀԱԿ-ից, կամ էլ ՀԱԿ-ն էլ հանի խաղից՝ ինչպես ԲՀԿ-ն դուրս եկավ:
Կարդացեք նաև
Երկու դեպքում էլ բարդ գործընթաց է սպասվում: Եթե առաջադրվի այլ թեկնածու, ապա դա կարող է առնվազն ներքին, կուլիսային բավական լարված վիճակ ստեղծել ՀԱԿ-ում, քանի որ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանից ներքև բավական խառը հավակնություններ են, գումարած պարզապես գաղափարական և հայեցակարգային տարակարծությունները՝ Լևոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, այլ գործիչներ: Միգուցե շատ ավելի հեշտ կլինի անցկացնել ՀԱԿ-ի չմասնակցելու որոշումը, թեև, օրինակ, այդ տեսանկյունից էլ կան գործիչներ, օրինակ` Հրանտ Բագրատյանը, որոնք կարծես թե հստակ նշել են, որ չմասնակցելը սխալ է, և ՀԱԿ-ը պարտավոր է ունենալ իր թեկնածուն նախագահական ընտրություններում: Սակայն հաշվի առնելով այն, որ Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, դեռևս մեծ հեղինակություն և ազդեցություն ունի ՀԱԿ-ում, նա ըստ ամենայնի կկարողանա որևէ որոշում պարտադրել կառույցին, եթե իր թեկնածության մասով որոշի չառաջադրվել և զերծ մնալ պարտվածի կարգավիճակից: Առավել ևս, որ ՀԱԿ-ում երևի թե հստակ հասկանում են, որ 2013-ի գնացքը գնացել է վաղուց և խնդիրը արդեն առավել հեռահար ժամանակահատվածի հաշվարկով գործընթացներ ծավալելն է:
Այսինքն` այնուհանդերձ 2013-ի մասով առանձնակի պնդումներ ամենայն հավանականությամբ չեն լինի, փոխարենն ավելի հավանական է արդեն պայքարը հետագայում ՀԱԿ-ում ունենալիք ազդեցության համար:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
«Ժողովուրդ»