Եվ այսպես՝ գալիք նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է, անցանկալի անակնկալների հավանականությունը հասցված է նվազագույնի, եւ, հետեւաբար, Սերժ Սարգսյանն այլեւս ավելորդ սեթեւեթանքների կարիքը չունի։ Ուստի եւ արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը եւ պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝գազի գնի թանկացման տեսքով։ Ինչը եւ երեկ արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Ամիսներ շարունակ անտեղյակության դիմակը դեմքին ԱԺ ամբիոնից հանրությանը մոլորեցնող այս պաշտոնյան, գազի գնի շուրջ ցանկացած հարցադրմանն ի պատասխան, ասում էր, թե բանակցությունները շարունակվում են, իսկ բանակցությունների ընթացքում որեւէ տեղեկություն բացահայտելը ճիշտ չէ։ Սակայն երեկ արդեն նրա կեցվածքն այլ էր. բանակցությունները դեռեւս չավարտած՝ նախարարը հայտարարեց. «Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, թե 2013թ. Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք թանկանա»։ Ասել է թե՝ Մովսիսյանն ու նրա ղեկավարը որոշեցին, որ արդեն իսկ կարելի է հանրությանը իրազեկել մի փաստի մասին, որը տեղի է ունեցել դեռեւս անցած գարնանը։ Ընդ որում, այդ մասին, չնայած նրանց գործադրած ջանքերին, հանրությանը հայտնի դարձավ մաքսային ծառայության հայտարարագրերի միջոցով, ըստ որոնց՝ անցած գարնանից ռուսական երկնագույն վառելիքը Հայաստանի սահմանին հասնում է 1000 խորանարդ մետրը ոչ թե 180 դոլարով (այսինքն՝ ներկայիս պաշտոնապես հայտարարված գնով), այլ 220 դոլարով։
Երեկ նախարարը ստիպված էր հրապարակավ խոստովանել, որ դեռ չի ուսումնասիրել մաքսայինի տվյալները՝ հասկանալու համար, թե որն է այդ տարբերության պատճառը։ Դե իհարկե, ի՞նչ կարիք կա նման մանր-մունր բաների համար ժամանակ գտնել, առավել եւս, որ բոլորն էլ ամեն ինչից տեղյակ են։ Այստեղ միայն մեկ հարց է անորոշ, ինչո՞ւ «Գազպրոմ»-ը որոշեց չսպասել մինչեւ նախագահական ընտրությունները։ Արդյո՞ք պատճառները քաղաքական են, թե՞ պարզապես «Գազպրոմ»-ը չի ցանկացել այս ամիսների ընթացքում արդեն իսկ թանկացած գազի համար որպես փոխհատուցում ընդունել «Հայռուսգազարդ»-ի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը։
Ամեն դեպքում, Մովսիսյանը երեկ հայտարարեց, թե գազի նոր սակագինը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջերին։ Իսկ մինչ այդ իշխանամերձ լրատվամիջոցներով փորձ է արվում հանրության ականջներին նոր «լապշաներ» կախել՝ ի դեմս «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման եւ երկու միլիարդ դոլար օգնության։ Մինչդեռ դա պարզապես անհնար է՝ զուտ ՀՄԿ-ի կանոնադրությունից ելնելով, ըստ որի՝ երկիրը նախ պետք է ծրագիր ներկայացնի, որը պետք է քննարկվի, ապա նոր հաստատվի։ Առայժմ Հայաստանը նման ծրագիր չի ներկայացրել, հետեւաբար, առնվազն հաջորդ տարի ՀՄԿ-ից հատկացումներ լինել չեն կարող։
«Ժողովուրդ»