Բարգավաճի որոշման հրապարակումից հետո լրատվամիջոցներում եւ հանրության շրջանում գերիշխող կարծիքն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ առաջիկա նախագահական ընտրություններում միակ այլընտրանքը կարող է լինել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե վերջինս չառաջադրվի, ապա ընտրությունների ելքն արդեն այսօր կարելի է ազդարարել Սերժ Սարգսյանի «ընտրությամբ»։ Թե դրան ինչ կարող է հաջորդել, թերեւս, ՀՀ որեւէ քաղաքացու համար քննարկելի չէ՝ արտագաղթի նոր թափ, ապատիկ ու դեպրեսիվ տրամադրություններ, տնտեսական եւ սոցիալական վիճակի շարունակական անկում եւ այլն, եւ այլն։
Հասկանալի է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այն թեկնածուն չէ, ում շուրջը կարող է կոնսոլիդացիա տեղի ունենալ, ով կարող է իր հետեւից մարդկանց զանգվածներ տանել եւ ստեղծել այն նույն քաղաքական իրավիճակը, որն առկա էր 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Նա չունի անհրաժեշտ հեղինակություն, եւ խորհրդային ցինիկ բարքեր տեսած հայաստանցու մոտ նրա պաթոսն առնվազն ժպիտ է առաջացնում։
Այդուհանդերձ, երեկ արդեն լրատվական կայքերից մեկը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու վերջնական որոշում է կայացրել։ Այնինչ, Բարգավաճի որոշումից հետո ընդդիմադիր շրջանակներում տեսակետներ էին հնչում, որ դաշտն արդեն պարզաջրված է, եւ Կոնգրեսի համար Ծառուկյանի չառաջադրվելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Բայց եթե հավատանք վերոնշյալ կայքի հավաստի աղբյուրներին եւ մինչ այժմ ՀԱԿ-ի վարած քաղաքականությանը, Տեր-Պետրոսյանը չի ուզում առաջադրվել։ Եվ ուրեմն, ինչու այսպես ամայացվեց քաղաքական դաշտը, ինչու Սերժ Սարգսյանի համար նման նպաստավոր պայմաններ ստեղծվեցին եւ նախագահական երկրորդ ժամկետը, ի տարբերություն առաջինի, արդեն վայելելու նման հնարավորություն։ Հիմա ով եւ ինչ պիտի անի՝ առաջիկա ընտրությունների արդեն հայտնի ելքը թույլ չտալու համար։
Արդեն երկու օր է, մեր բոլոր փորձերը՝ զրուցել Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, անհաջողությամբ են պսակվում։ ՀԱԿ-ում որոշել են, որ որեւէ մեկն իրավունք չունի որեւէ բառ ասել առաջիկա ընտրությունների վերաբերյալ՝ մինչեւ համապատասխան որոշում չկայացվի (ճիշտ այնպես, ինչպես անում էր Բարգավաճը մինչեւ նախօրե, պարզապես դեռ հստակ չէ, թե «այդ մասին՝ հաջորդ դասին» պարբերության փոխարեն այս դեպքում ինչ է ասվելու ի պատասխան լրագրողների): Մենք մտադիր էինք Կոնգրեսի պատասխանատու անձանց ուղղել հետեւյալ հարցերը։
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի որոշումից հետո տեսակետներ են հնչում, որ Սերժ Սարգսյանի դեմ միակ այլընտրանքը կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը. Հայ ազգային կոնգրեսում ի՞նչ են մտածում այս մասին։
Ձեր կարծիքով, ո՞րն է ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառը։ Ինչպե՞ս կբացատրեք այն, որ 2008 թվականի հզոր համաժողովրդական շարժումից հետո Սերժ Սարգսյանն այս պահին գոնե լուրջ այլընտրանք չունի, եւ սա այն դեպքում, երբ եղել են Մարտի 1, ներքաղաքական խորը ճգնաժամ, տնտեսական աննախադեպ անկում, աննախադեպ չափերի հասնող արտագաղթ։
Ի՞նչ իմաստ ուներ այդքան ժամանակ վատնել քաղաքական կոնսուլտացիաների վրա, երբ ի սկզբանե էլ պարզ էր, թե ԲՀԿ-ն վերջում ինչ որոշում է կայացնելու։
Համաձա՞յն եք, որ այս իրավիճակի հիմքերը դրվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, որին հաջորդեցին հասարակության համար փակ ինչ-որ պրոցեսներ, եւ հենց դա մարդկանց հասցրեց լիակատար հիասթափության։
Ի՞նչ են, ի վերջո, մտածում Հայ ազգային կոնգրեսում այս ամենը հետ շրջելու եւ այս նախագահական ընտրությունների կանխորոշված ելքը խափանելու համար։
Մտադիր էինք նաեւ ճշտել՝ կա՞ ՀԱԿ-ում որեւէ մեկը, ով կարծում է, որ մարդ, ով ունի միլիոնավոր դոլարների հարստություն, ով հարկեր է թաքցնում, ով ամեն րոպե ենթակա է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգին, կարող է որոշում կայացնել Սերժ Սարգսյանի ցանկությունների շրջանակից դուրս։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»