Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների գնա առանց իրական այլընտրանքի

Դեկտեմբեր 14,2012 10:53

Արդյոք ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի նախագահի թեկնածու կամ պետք է արդյոք, որ առաջադրվի։ Հարցը ունի երկու չափում՝ ռոմանտիկ ու պրագմատիկ, եւ չափումներից յուրաքանչյուրը պատասխանի իր տարբերակն է թելադրում։

Պրագմատիզմի տրամաբանությունը թելադրում է հենվել ճշգրիտ հաշվարկներին, եւ նախ հաշվարկել նախագահի թեկնածու առաջադրվելու արդյունքի նվազագույն- անհրաժեշտ շեմը։ 2008 թվականի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի համար նվազագույն շեմն այն է, երբ հնարավոր կլինի ընտրություններում արձանագրել այնպիսի արդյունք, որը կամ թույլ կտա լրջորեն վիճարկել իշխանական թեկնածուի լիդերությունը, կամ սեփական անձի շուրջ միավորման նոր գործընթաց սկսել, այնպիսի գործընթաց, որ հնարավոր կդարձնի ընդդիմության դոմինանտ լիդերի դերի պահպանումը։ Նման արդյունք արձանագրելու իմաստով եւ նպաստավոր, ե՛ւ աննպաստ պայմաններ են առկա։

Ամենանպաստավոր պայմանն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը գլխովին ձախողել է երկրի կառավարումը վերջին 5 տարիներին։ Սարգսյանի իշխանությունը բոլոր իմաստներով վատագույնն է, որ ՀՀ-ն օբյեկտիվորեն կարող էր ունենալ։ Օբյեկտիվորեն բառը հատուկ ենք շեշտում, որովհետեւ կարելի է ասել, որ եթե Հայաստանը Սիրիայի նման ավերակների չի վերածվել, ուրեմն՝ սա վատագույն իշխանությունը չէ։ Եկեք խուսափենք նման զուգահեռներից եւ արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը միակն է մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր իշխանություններից, որ որեւէ ասպարեզում նվաճում չի ունեցել, բան չունի ցույց տալու Հայաստանի ժողովրդին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության համար դա անկախությունն էր, հաղթանակը պատերազմում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության համար՝ տնտեսական ինչ-ինչ ցուցանիշներ։ Սերժ Սարգսյանը ոչինչ չունի ցուցանելու ժողովրդին։ Եւ եթե հաշվի առնենք, որ նույնիսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանությունը, որ տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր բաներ ուներ ցույց տալու ժողովրդին, պարտվեց, Վրաստանում, Սերժ Սարգսյանի իշխանությունը պիտի որ որեւէ՝ նույնիսկ տեսական շանս չունենա։

Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որովհետեւ կարեւոր է, թե ինչ վիճակում է այլընտրանքը։ Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ խոշոր տրամաչափի խարիզմատիկ գործիչ։ Բայց նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն այլեւս այն խոշոր միավորումը չէ, որ է՛ր ոչ հեռավոր անցյալում։ Մի քանի կազմակերպություններ եւ անհատներ դուրս են եկել Կոնգրեսից, Կոնգրեսում մնացած կուսակցություններից շատերը ներքին պրոբլեմներ եւ արտահոսք են ունեցել։ Տեր-Պետրոսյանը ինչ-որ իմաստով մեծ ջանք չի էլ գործադրել այս իրավիճակը թույլ չտալու համար, որովհետեւ մի ինչ-որ պահի նրա համար կարեւոր է եղել ոչ թե Կոնգրեսի ամբողջականությունը՝ որպես այդպիսին, այլ հեռանկարը, որով նա տարված է եղել։ Խոսքը ԲՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին է։ Թերեւս, սին են այն խոսակցությունները, թե Տեր-Պետրոսյանը հույս է ունեցել, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կաջակցի իրեն, որովհետեւ պրագմատիկ, սուպերպրագմատիկ քաղաքական գործիչ լինելով՝ չէր կարող չհասկանալ, որ խորհրդարանական ընտրություններում 30 տոկոս հավաքած քաղաքական ուժը չի կարող պաշտպանել 7 տոկոս հավաքած քաղաքական ուժին։ Տեր-Պետրոսյանը հույս ուներ, որ Կոնգրեսի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանը կհասնի նախագահի աթոռին։ Հասկանալի է, որ նման պայմաններում, առանց Տեր-Պետրոսյանի հովանավորության, Ծառուկյանը չէր կարող ղեկավարել երկիրը սրանից բխող հետեւանքներով։ Պրագմատիկ իմաստով սա գուցե թե հասկանալի հաշվարկ էր, բայց՝ միակողմանի, որովհետեւ նույնն է, թե մեզնից որեւէ մեկը որոշի նախագահական առաջիկա ընտրություններին մասնակցել այն հաշվարկով, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին կգիտակցի, որ իր պաշտոնավարության շարունակությունը չի բխում երկրի շահերից։ Պրագմատիզմը, ուրեմն, մինչեւ վերջ պետք է պրագմատիկ լինի եւ չփորձի անհնարինությունը դարձնել իրականություն։ Անհնարինությունը Ծառուկյանի իրական ընդդիմադիր լինելն է։ Եթե դու 100 տոկոսով անհնարինը դարձրիր 98 տոկոսով անհնարին, դեռ չի նշանակում, թե փոխեցիր անհնարինության էությունը։ Կարեւորն այն է, սակայն, որ ԲՀԿ-ի հետ կապված ծրագրի ձախողումը աղետի առաջ է կանգնեցրել ընդդիմադիր դաշտը և հօդս ցնդեցրել Տեր-Պետրոսյանի՝ վերջին մեկ տարվա ասելիքը։ Պրագմատիկ հաշվարկն, ուրեմն, որեւէ բան չի ասում Տեր-Պետրոսյանի առաջադրման օգտին, եթե հաշվի առնենք նաեւ, որ հանրային դեպրեսիան վերջին տարիներին ավելի է խորացել, արտագաղթը մեծ տեմպեր է հավաքել, արտագաղթի մտայնությունն ահագնացել է, իսկ Կոնգրեսի նկատմամբ հանրային վերաբերմունքն էականորեն վատացել է։ Արդարացի, թե անարդարացի՝ տվյալ պահին էական չէ։

Եւ ուրեմն, եթե Տեր-Պետրոպանը մնա պրագմատիկ հաշվարկների տիրույթում, չի աոաջադրի իր թեկնածությունը, մանավանդ որ ակնհայտ է՝ ԲՀԿ-ից որեւէ ստվերային աջակցության սպասելն անիմաստ է։ ԲՀԿ-ական բիզնեսմենները վտանգի տակ չեն դնի իրենց, առավելեւս՝ հանուն Տեր-Պետրոսյանի։ Այսքանը՝պրագմատիզմի մասով։ Ինչ վերաբերում է ռոմանտիզմին…

Ռոմանտիկ հաշվարկը, հակառակը, պարտադրում է Տեր-Պետրոսյանի առաջադրումը։ Ըստ այս չափման, նախ, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների գնա առանց իրական այլընտրանքի, սա առնվազն ճիշտ չէ Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եթե Տեր-Պետրոսյանը չի հաջողել սեփական անձից դուրս այլընտրանք ձեւավորելու գործում, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի կատարել այլընտրանքի իր դերակատարումը, նախապես իմանալով, որ դա կարող է վերածվել անձնական ֆիասկոյի։ Կարող է, բայց չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։ Բայց ռոմանտիկ հաշվարկի իմաստն այն է, որ այսպիսի բաների մասին այսպիսի իրավիճակներում պետք չէ մտածել, որովհետեւ դա միանշանակ բերում է ավելի մեծ ֆիասկոյի։ Տվյալ դեպքում կիրառելի է միմիայն Նապոլեոնի սկզբունքը՝ մարտի բռնվենք, հետո կերեւա։ Այս սկզբունքի շրջանակներում միայն զոհվելու իրական պատրաստակամությունն է, որ հաղթելու թեկուզ տեսական, բայց ինչ-որ հնարավորություն տալիս է։ Հենց զոհվել թույլ չտվող պրագմատիզմն է, որ երբեմն ի չիք է դարձնում նույնիսկ 100 տոկոսանոց թվացող հաղթանակը, գուցե թե հնարավոր է նաեւ հակառա՞կը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31