Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մի հետաքրքիր բացահայտում է անում. Հայաստանում ոչ միայն ժողովուրդն է անպաշտպան, այլ նաեւ օլիգարխիան։ Որ ժողովուրդն անպաշտպան է ու ստրկացված, դա կարող է վտանգավոր չլինել ռեժիմի համար, բայց երբ օլիգարխիան է հայտնվում նմանատիպ իրավիճակում, դա ռեժիմի փլուզում է նշանակում։ Գագիկ Ծառուկյանը համարվում է Հայաստանի օլիգարխիկ հենասյուներից մեկը, եթե ոչ՝ առանցքայինը։
Նրա հայտարարությունն իր բոլոր հետեւանքներով վկայում է, որ Հայաստանում օլիգարխը ցանկացած պահի ունեզրկման, «բոմժացման» վտանգի տակ է։ Նախագահ չառաջադրվելու Ծառուկյանի հայտարարությունը հանրության կողմից այսկերպ է ընկալվում՝ ի՞նչ անի Ծառուկյանը, սպասի՝ ունեցած-չունեցածը ձեռքից վերցնե՞ն… Նույն արձագանքները հնչեցվում են քաղաքական դաշտում, մամուլում…
Այսօր, անկախ, թե ինչ նպատակ է հետապնդում Ծառուկյանը եւ հետագայում ինչ քայլեր կանի, նախագահին չսատարելու նրա հայտարարությունը կամա-ակամա անհամաձայնություն է ռեժիմի նկատմամբ։
Մյուս թեկնածուներին չսատարելն այս ֆոնի վրա նույնիսկ չի դիտվում։ Քաղաքական նոր շրջան է սկսվում՝ օլիգարխը չի սատարում բուրգի վերեւում նստածին։ Շենքի հիմքը տեղի է տալիս, ջուր է լցվում տակը… Սա բուրգի տապալման ամենապարզ ու բնական եղանակն է, որին հետեւելու է այլ ջրերի միացումը։
Կարդացեք նաև
ՀՀԿ-ականների մեկնաբանությունն այս հողի վրա պարզունակ է թվում… Ծառուկյանը կենդանի օրինակ է մյուս օլիգարխների համար, եւ նրանք սեփական կարեւորությունն ապացուցող փորձեր են անելու, որովհետեւ օլիգարխի համար ինչքն ու կյանքը գրեթե համարժեք են…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»