Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական գազին օդ խառնելը «ֆանտաստիկայի» ժանրի՞ց է

Դեկտեմբեր 14,2012 10:39

Ռուսական «Գազէքսպորտ» ընկերության հետ կնքված պայմանագրում նշված է, որ ներմուծվող գազի ջերմատվությունը 1 խ/մ գազի համար 7900 կիլոկալորիայից պակաս չպետք է լինի: Ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար խոշոր սպառողները վճարում են ավելի բարձր սակագին, որը հաշվարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Երկրի հարավում, որտեղ իրանական գազ է օգտագործվում, որպես կանոն, գազի կալորիականությունը հասնում է 8000 կիլոկալորիայի՝1 խմ-ի համար: ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ԳՕՍՏ 5542-87 ստանդարտին: Երեկ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում կազմակերպված «Բնական գազի ջերմատվության եւ որակական հատկանիշներ» վերնագիրը կրող կլոր սեղանի ժամանակ այսպիսի փաստեր բերեց «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադեւոսյանը:

Քննարկումը կազմակերպվել էր, բնակչության մեջ փարատելու այն կարծիքը, թե գազի հետ օդ է մղվում:Հրավիրված էին նաեւ հասարակական կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներ: «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով. «Սպառողները մեզ ահազանգում ու ասում են, որ, համեմատած 2010 թվականի հետ, իրենք 2011-ին ավելի շատ գազ են օգտագործել ու բողոքում են գազի որակից: Ասում են` առաջ ջուրը ավելի շուտ էր տաքանում, քան հիմա»:

Ի պատասխան Հրանտ Թադեւոսյանն ասաց.«Ես չեմ հասկանում, թե որ մի խելոքի գլխում է ծագել այն միտքը, որ մեր ընկերությունը բնական գազի հետ օդ է խառնում: Բնական գազի հետ օդ խառնելը ուղղակի կհանգեցնի պայթունավտանգ իրավիճակի: Համեմատելով 2010 եւ 11 թվականների նոյեմբեր ամիսները` եկել ենք այն եզրակացության, որ 2011 թվականի նոյեմբերին օդի ջերմաստիճանը մոտ 10 աստիճանով ցածր է եղել: Ուստի պարզ է, որ սպառողը ավելի շատ գազ պիտի օգտագործի տան ջերմությունը պահպանելու համար»: Փոխտնօրենը նաեւ հավելեց, որ իրենց ընկերությունը օրական 3 միլիոն խ/մ գազ է ներկրում, իսկ ձմռան ամիսներին ներկրված գազի ծավալը հասնում է օրական 12 միլիոնի:

«Սպառողը մի օր 8500 կկալ ջերմատվության գազ է օգտագործում, իսկ մյուս օրը գազի ջերմատվությունը հասնում է 8000 կկալի, ու սպառողը անմիջապես զգում է ջերմատվության այս տատանումները, ի՞նչ անել»,- հետաքրքրվեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Գազի ջերմատվության տատանումներ իրոք նկատվում են: Մեր հետազոտությունների համաձայն` տարեկան կտրվածքով այն կազմում է մոտ 8 %, բայց բնական գազի ջերմատվության տատանումներն օրինական դաշտի սահմաններից դուրս չեն գալիս: Գուցե այնպես անե՞նք, որ սովորական սպառողներն էլ, խոշոր սպառողների պես ավելի թանկ վճարեն ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար»,-կարծիք հայտնեց ընկերության գլխավոր ճարտարագետը: «Պարոն Թադեւոսյան, հերիք է էս ժողովրդին վախեցնեք գազի գնի բարձրացումով: Դուք մի հատ կառավարությունից իմացեք ձեր երկրի ժողովրդի սոցիալական վիճակը, հետո խոսեք գազի գնի թանկացումից»,- հակադարձեց քննարկմանը ներկա «Սպառողների ազգային ընկերակցություն» հ/կ-ի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետը ներկաներին առաջարկեց միասին գնալ լաբորատորիա եւ բոլորի ներկայությամբ կատարել գազի որակական հատկանիշների ստուգում:

Նշենք, որ գազի որակական հատկանիշները ստուգող լաբորատորիաներ ունեն նաեւ Հրազդանի ՋԵԿ-ը, «Արարատցեմենտ» գործարանը եւ Երեւանի ՋԷԿ-ը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31