Լեգենդար լուսանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, նրան անվանում են «Ստամբուլի լուսանկարիչ»: Գրում է «Բի Բի ՍԻ»-ն թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակիր Օրհան Փամուկի «Ստամբուլ» վեպը նրա նկարներով է պատկերազրդված:
Հրապարակման հեղինակը գրում է, որ 70-ականներին Գյուլերը բազմաթիվ հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծել, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Ալֆրեդ Հիչքոքի, Մարկ Շագալի և Պաբլո Պիկասոյի: Արամ Խաչատրյանին նա լուսանկարել է Մոսկվայում:
«Պարզվեց, որ մենք իրար հետ չենք կարողանում շփվել: Արամ Խաչատրյանը ո՛չ հայերեն էր խոսում, ո՛չ ֆրանսերեն, ո՛չ թուրքերեն: Հայտնի երգահանը ապրում էր Ռուսաստանում ու նրան անվանում էին Իլյիչ: Արամ Իյլիչ», – պատմել է Գյուլերը և ավելացրել, որ անհնար է մարդու դիմանկարն անել ու չզրուցել հետը: «Ես նրան խնդրեցի դաշնամուրի մոտ նստել: Սակայն Արամ Խաչատրյանը այնպիսի կեցվածք էր ընդունում, կարծես դրսում 1905թ. է: Դա միայն նրան չի վերաբերվում: Սովետական Միությունից ում էլ որ նկարում էի, բոլորը 1905թ. կեցվածք էինք ընդունում»:
Քանի որ Գյուլերն ու Խաչատրյանը չէին կարող շփվել, նա որոշում է դադար վերցնել ու փոխել լուսավորությունը. «Երկու լամպ վերցրի: Մեկը 800 վատտ՝ դիմային լուսավորության համար, մյուսը նույնպես 800 վատտ՝ հետևի լուսավորության համար: Դրեցի ես այդ լամպերը մտցրեցի խրոցը վարդակի մեջ… ու լույսերը գնացին: Ամբողջ շենքում էին լույսերը գնացել: Նայում ենք պատուհանից դուրս. ամբողջ թաղամասի լույսերն էին գնացել»: «Հիմա ես գիտեմ, թե ինչպես էր հնարավոր հաղթել Սովետական Միությանը պատերազմում: Աղբյուրին ես միացնում 1600 վատտ, ու վերջ Սովետին»:
Կարդացեք նաև
Արա Գյուլերն ասում է, որ իրեն անվանում են Ստամբուլի լուսանկարիչ. «Բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ես ամբողջ աշխարհի լուսանկարիչն եմ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ