Թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի պարտության համար Հանրապետական պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Հովհաննես Սահակյանը «մեղադրում» են հենց «Ժառանգություն» կուսակցությանը: Ըստ նրանց, եթե թիմը չգնահատեց Ստյոպա Սաֆարյանին՝ նրան գրելով նախընտրական ցուցակի հետին համարներում, դրանով իջեցրեց Ստյոպա Սաֆարյանի ռեյտինգը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Իմ անձնական դիտարկումները թիվ 1 ընտրատարածքում պայմանավորված են նրանով, որ ընտրողների զգալի մասը չէր հավատում ուղղակի, որ ես այդ ընտրություններում կհաղթեմ: Նրանք թերահավատ մնացին եւ դուրս չեկան տներից, անկեղծ ասած: Ես պիտի խոստովանեմ՝ ես չկարողացա համոզել նրանց, որ ես կարող եմ հաղթել»:
Հարցին՝ համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, որ թիմը ձեզ չգնահատեց՝ ձեր վարկանիշն ընկավ, նա պատասխանեց. «Ես այդ բառերով չեմ ձեւակերպի, բայց հաստատ եղել են դժգոհություններ՝ ինչու այսպես ստացվեց: Այսինքն՝ մեր ընտրողներից դժգոհություններ լսվել են, անկեղծ ասեմ: Չեմ կարող թաքցնել: Բայց պարոն Սահակյանի ասածին ավելացնեմ՝ հայտարարվել է նաեւ, որ «Ժառանգության» ցուցակը արժանիքների ցուցակ չէ: Որքանով է դա ճիշտ՝ ցուցակ կազմելու համար, ես դա չեմ քննարկի, բայց այն, որ մենք կանխավ հայտարարել ենք, որ դա արժանիքների ցուցակ չէ՝ դա հստակ է: Հետեւաբար այն կարծիքին չեմ, որ «Ժառանգությունը» պատշաճ չի գնահատել իմ արժանիքները: Այն կարծիքին եմ, որ առաջնորդվել է այլ չափանիշներով՝ ցուցակը կազմելիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև