Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ նորընտիր ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգին անցնելը ավագանու անդամների կողմից ներկայացվեցին բնակիչներից ստացած որոշ առաջարկներ: Կապանի բնակիչները համայնքի ավագանուն դիմել էին քաղաքի փողոցային լուսավորության ժամերը վերանայելու խնդրանքով: Կապանի փողոցներում լուսավորությունը սկսվում է առավոտյան ժամը 7-ից, սակայն ԶՊՄԿ-ում եւ Դինո գոլդում աշխատողներն առավոտյան ժամը 6-ից են աշխատանքի գնում, երբ փողոցներում լուսավորություն չկա, իսկ քաղաքում թափառող շների եւ շնագայլերի առկայությունը վտանգավոր է դարձնում նրանց ազատ տեղաշարժը, ուստի առաջարկում են ձմեռվա սեզոնին լուսավորությունն ապահովել ժամը 6-ից: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ քաղաքի լուսավորության գրաֆիկը վերանայվել էր եւ ժամային առումով ավելացում է եղել: Ըստ ներկայիս գրաֆիկի` լուսավորությունը սկսվում է առավոտյա ժամը 7-ից մինչեւ լուսաբաց եւ երեկոյան ժամը 18:00-ից մինչեւ 23:00:Այնուամենայնիվ, ներկայացված առաջարկը դրական պատասխան ստացավ, եւ այսուհետ քաղաքի փողոցները կլուսավորվեն առավոտյան ժամը 6-ից: Կոմբինատների աշխատողները թեեւ բազմիցս են դժգոհություններ հայտնել նաեւ երեկոյան ժամերի քաղաքի լուսավորության վերաբերյալ, քանի որ երեկոյան ժամերի հերթափոխից տուն վերադառնալիս` կեսգիշերվա 12:30-ին կամ 1-ին, ամբողջ ճանապարհն անցնում են թափառող շների խմբերի ուղեկցությամբ` այն էլ մթության մեջ, երբ քաղաքում լուսավորությունն արդեն անջատված է լինում:
Նիստի ժամանակ առաջարկ եղավ նաեւ վերանայել եւ բարձրացնել բակային հավաքարարների աշխատավարձերը, ովքեր այսօր ստանում են 45 հազար դրամ, սակայն աշխատանքի բարդությունը հաշվի առնելով` առաջարկվեց տարբերակված մոտեցում ցուցաբերել տվյալ խմբի աշխատողներին: Ասվածին ի պատասխան նշվեց, որ նմանատիպ առաջարկներ, ցածր աշխատավարձի վերաբերյալ դժգոհություններ եւ աշխատավարձերի բարձրացումների մասին առաջարկներ եղել են նաեւ քաղաքապետարանի ենթակա մյուս կառույցների աշխատողներից, բայց այս պահի դրույթամբ աշխատավարձերի վերանայում չի նախատեսվում: Ըստ քաղաքապետի` նշված խմբի աշխատողների աշխատավարձերը տեղին է համարում վերանայել 2013թ.-ի երկրոդ եռամսյակից սկսած եւ այդ հնարավոր բարձրացումները կարվեն աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման ժամանակ ավագանու անդամները միայն կողմ քվեարկեցին, դեմ եւ ձեռնպահ կարծիք հայտնողներ չկային: Եկող տարվա համար նույնն է մնացել մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարները` 4000 դրամ, ինչպես նաեւ պահպանվել է զեղչային համակարգը զոհված ազատամարտիկների, բազմազավակ, անապահով եւ այլ խմբի երեխաների համար: Վերանայվել եւ ավագանու կողմից հաստատվել է մանկապատանեկան ստեղծագործության խմբերի սաների վարձավճարները` 1000 դրամի փոխարեն 500 դրամ է դարձել: Մարզադպրոցներ հաճախող տարբեր սպորտաձեւերի համար ամսական վարձավճարն այսուհետ կազմելու է 500 դրամ (նախկինում1000 դրամ էր), իսկ թեթեւատլետներն ինչպես նախկինում, եկող տարի էլ մարզումների կհաճախեն անվճար սկբզբունքով: Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու կարուսելների տոմսի արժեքը նախկինում սահմանված 50-200 դրամի փոխարեն ավագանու քվեարկությամբ դարձավ 50-100 դրամ: Վերանայումներ եղան Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կինոցուցադրումների տոմսերի արժեքների մասով եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց եւ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանեց 230 հազար դրամ: Ավագանու քվեարկությանը եւ համատեղ քննարկմանը ներկայացվեց համայնքի սեփականություն հադիսացող հողամասերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրով նախատեսված գումարներն անհուսալի դեբիտորական պարտք ճանաչելու մասին որոշման նախագիծը: Առաջարկվեց տարիներ ի վեր կուտակված եւ այս պահի դրությամբ գոյություն ունեցող 4 մլն 223 հազար 259 դրամ անհուսալի դեբիտորական ճանաչված պարտքը դուրս գրել, քանի որ նման խնդիրների պատճառով բյուջեի մուտքային մասերը չեն ապահովվում, ինչն էլ հանգեցնում է ցածր ցուցանիշի գրանցմանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ