Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ռոբերտ Քոչարյան անունը քաղաքական դաշտից պետք է ջնջել՝ հավիտյանս հավիտենից: Ամեն»

Դեկտեմբեր 13,2012 21:26

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը ՀԱԿ-ի կազմում գտնվող այն անդամներից է, որը կողմ է եղել ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցության կուրսին: Aravot.am-ի հետ զրույցում նա այս առնչությամբ բացատրեց, որ ինքը կիսում է ցանկացած քաղաքական ուժի հետ կոնկրետ նպատակի շուրջ համագործակցությունը. «Մենք ԲՀԿ-ի հետ չենք միավորվել, չունենք ինչ-որ կոալիցիա, մենք ուղղակի ԲՀԿ-ի հետ պետք է համագործակցեինք, որպեսզի ԱԺ ընտրությունններում կեղծիքներ չլինեին: Միասնական շտաբ մտանք, որպեսզի ինֆորմացիան միասնական հավաքեին, թե որ տեղամասերում խախտումներ կան»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ի հետ համագործակցում էիք, որ ընտրակաշառքներ, կեղծիքներ չլինեին, բայց երբ ԲՀԿ-ն տրակտոր էր բաժանում՝ ՀԱԿ-ը իր աչքերը դրա առաջ փակում էր, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Տրակտոր նրանք բաժանում էին մինչեւ ընտրությունները եւ մինչեւ շտաբը: Գիտեք, բարեգործություն է դա, հասկանում եք»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ երբ որ ԲՀԿ-ն է բաժանում՝ բարեգործություն է, երբ ՀՀԿ-ն բաժաներ՝ կլիներ ընտրակաշա՞ռք, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն չի բաժանել: ՀՀԿ-ն  սկի պետական հասանելիքը չի տանում մարդկանց տա, բյուջեն տեղում սպառում է, ինչի՞ մասին է խոսքը: Բյուջեն, հատկացումները, այն, որ հոդվածներով բերում են ԱԺ, հաստատում են, դա անում են, որ այս  կաբինետից դուրս գա, մտնի այն կաբինետում նստածի գրպանը: Թող ՀՀԿ-ն փորձի, ինչ որ հատկացվում է  բյուջեով, ամեն մեկն ուղարկի ըստ իր նշանակության, այդ դեպքում կարիք չի լինի բարեգործության, եւ ժողովուրդն էլ կարիք չի ունենա ԲՀԿ-ի բարեգործության: Այստեղ է խնդիրը: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը»:

Արդյո՞ք ՀԱԿ-ի նկատմամբ մարդկանց վստահությունը չկորավ այս ընթացքում, երբ նույն Մարտի 1-ի հետ կապված ՀԱԿ անդամները հայտարարեցին, որ Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի մասնակցությունը զրոյական է, իրենք չգիտեն այդ մասին որեւէ բան, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես ինքս էլ ամեն առիթով ասել եմ՝ ես դատավոր չեմ, Մարտի 1-ի էջը փակված չէ: Մարտի 1-ը կքննարկվի, նորից գործը կբացվի, այդ գործի առնչությամբ վճիռ կկայացվի, եւ եթե Գագիկ Ծառուկյանը մեղավոր է, ինքն էլ կպատժվի: Ես չեմ կարող մարդուն քրեական հանցագործության մեջ մեղադրել՝ առանց նրա կարծիքը լսելու: Կարող է վաղը նա գալիս է դատարան, փաստերով ապացուցում , որ ինքը մեղավոր չի, դուրս է գալիս, որ ես խախտեցի անմեղության կանխավարկածը: Ես, ինչ է, երեխա՞ եմ, կամ մանկամի՞տ եմ, որ մարդու վրա այդպիսի բան ասեմ»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք ասում, որ մեղավոր է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ եք բա մյուսներին ասում, անմեղության կանխավարկած չկա՞, նա պատասխանեց. «Երկրի նախագահն է պատասխանատու իր երկրում տեղի ունեցած ցանկացած քաղաքական իրադարձության համար, մանավանդ՝ քրեական: ԲՀԿ-ն իշխանության մաս է կազմել, բայց երկրի պատասխանատուն գլխավոր հրամանատարն է: Եթե իմ տանը, սատանայի ականջը խուլ, մի ինչ-որ արհավիրք է տեղի ունենում, դրա մեղավորը իմ հարեւա՞նն է, թե՞ ես եմ: Հետո՞ ինչ, որ հարեւանիս հետ ամեն օր սուրճ եմ խմում: Ե՛ս եմ պատասխանատուն»: Մեր հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, նա առնչություն չունի՞ ԲՀԿ-ի հետ, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ունի: Ունի այնքանով, ինչքանով, որ մենք գիտենք, որ ունի: Փաստացի ես չգիտեմ՝ ունի՞, թե  չէ: Ու Աստված չտա, որ ունենա: Ռոբերտ Քոչարյան անունը քաղաքական դաշտից պետք է ջնջել՝ հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31