Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեջրագործ քաղաքապետը լսեց ու խրատներ տվեց գործարարներին

Դեկտեմբեր 13,2012 20:58

Այսօր  Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հանդիպեց գյումրեցի մոտ 22  գործարարների հետ` նրանց խնդիրները լսելու, համատեղ լուծումներ փնտրելու ու այսպիսով Գյումրու տնտեսությունը զարգացնելու նպատակով: Հետաքրքիրն այն է, որ պարոն Բալասանյանը, ով մեծ հաջողություններ ունի գարեջրագործության ասպարեզում, գործարարների ամեն մի բողոքին  չէր հավատում` նշելով, որ ինքը ևս գործարար է, այդ ոլորտում փորձ ունի, և եթե կարողանան սպառման շուկան ճիշտ ուսումնասիրել, ապա հարցերը արագ կլուծեն:

Հանդիպման հենց սկզբում էլ պարոն Բալասանյանը  մեջբերեց իր գարեջրի գործարանի օրինակը` ասելով, որ այնպիսի մի բրենդ է ստեղծել Գյումրիում, որ օրումեջ Ռուսաստանից  զանգահարում ու իր գարեջուրն են խնդրում, իսկ ինքը ընտրում է ` ում տա, հիմնականում իր գարեջուրը  արտասահմանյան շուկա է արտահանում: «Դուք ասեք ի ՞նչ խնդիր ունեք, որպեսզի ինձ պարզ լինի, որովհետև հաճախակի պիտի հանդիպենք, պիտի տեսնեմ ես ինչո ՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել: Իհարկե, չենք կարող նախկինի պես  տեքստիլ կոմբինատ ունենալ, դա կլինի հեքիաթների աշխարհից, աբսուրդ մի բան, էն ինչ օրը գցեցին էդ հսկա կոմբինատը, հիմա էլ ֆասադն են քանդում ու վաճառում, մի քանի հոգի, բայց  բամբակը կարելի է  բերել չէ՞  Թուրքիայից ու Միջին Ասիայից», -ասաց Գյումրու քաղաքապետը:  Այստեղ Սամվել Բալասանյանի խոսքը ընդհատեց Շիրակի գործարարների միության նախագահ,  «Տավրոս» կոշիկի գործարանի  հիմնադիր Կարապետ Մովսիսյանը, ով սկսեց բողոքել, որ այսօր Երևանը փակում է  Գյումրիի ճանապարհը, բոլոր բիզնես ծրագրերը այնտեղ են իրագործվում, մի լավ կոշկակար կադր  որ հայտնվում է,  անմիջապես մեծ գումարներ են  տալիս  ու մայրաքաղաք տանում, իսկ շիրակցի գործարարը չի կարող այդքան վճարել, դա իրոք խնդիր է: Գործարարը դժգոհեց նաև, որ բիզնես ծրագիրը  անհասանելի  է իրենց բոլորին: Ըստ նրա,  նստածներից յուրաքանչյուրը 100 հատ բիզնես ծրագիր է ներկայացրել, սակայն  ոչ մեկը ոչնչի չի հասել:

Այս  գործարարը  առաջարկեց Գյումրու մասին խոսելիս այլևս ռիսկային բառը չօգտագործել, որովհետև բոլոր անհաջողությունները հենց այդտեղից են գալիս.գյումրեցի բիզնեսմենին նորմալ գումար չեն հատկացնում թե բանկերում, թե առանձնին ծրագրերով: Սակայն Սամվել Բալասանյանը  այնքան էլ չհամաձայնեց հնչեցրած մտքի հետ` ասելով, որ դա ավելի շատ բանկային տերմին է, Գյումրին 120 կիլոմետր մայրաքաղաքից հեռու է, սեյսմիկ գոտում է , դրա համար էլ ռիսկային  են անվանում, ինչքան էլ  որ խուսափենք այդ բառից :

Սամվել Բալասանյանն  ասաց, որ օրինակ մի մարդ Մասիս անունով Հոլանդիայից եկել ու ուզում էր ներդրումներ կատարել Գյումրիում, նա այստեղ պիտի կարել տար, Կանադա ու Եվրոպա արտահաներ, սակայն, ըստ քաղաքապետի, ամբողջ քաղաքով ազատ տարածք են ման եկել  ու չեն գտել: Գործարարներից մեկը, ոտքի կանգնելով, ասաց, որ Մասիսին լավ է ճանաչում, նրա հետ աշխատել է , սակայն Գյումրիում երիտասարդ կադրեր չեն մնացել,  մասնագետները 50-60 տարեկան են:Իսկ ջահելները մեկ-երկու կտոր բան կարել հենց սովորում են, թողնում ու Մոսկվա են գնում: Սամվել Բալասանյանը  ընդհանուր առմամբ չէր համաձայնում գործարարների հետ` նշելով, որ ամեն ինչ բարդացնում են ու որպես օրինակ մեջբերում էր կամ իր գերջրի գործարանը կամ հրուշակեղենի ֆաբրիկան: Քաղաքապետի ասելով`  հրուշակեղենի իր ֆաբրիկան պատրաստ է , կարող են և աշխատեցնել,  սակայն սպառման շուկան են ուսումնասիրում, ամենակարևորը շուկան է:

«Ճիշտ է,  ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, բայց ես 120 կլիոմետրի  վրա չե՞ մ  աշխատում, աշխատում եմ, մի հատ, Գոմցյան, ասա ինչպե՞ ս ես անում, որ հաջողությունների ես հանում», – Սամվել Բալասանյանը հարցրեց  «Լենտեքս» տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող տնօրենին: Կարեն Գոմցյանն էլ մի լավ քննադատեց կառավարությանն  ու պատգամավորներն, որոնք ուշադրություն չեն  դարձնում Գյումրիին: «Պետք է մթնոլորտը  փոխել, նախարարություններ բերել Գյումրի, այլապես ամեն մի փոքր հարցի համար  հասնում ես Երևան, սերտիֆիկատ ստանալու համար պիտի գնաս Երևան,  մի փոքր պահեստամաս մաքսազերծելու  համար 40 հազար պտի  վճարես, օդանավի ծախսի 20 տոկոսը, ես ներդրում եմ անում գործարան եմ սարքում, ասում են ինչի՞ ես սարքում, ինչքան մեծանաս ճնշումները կմեծանան, թող մի բան անեն կառավարությունն ու պատգամավորները , մեր քաղաքը մի քիչ աշխուժացնեն»-, դժգոհեց գործարարը, որին միացան մյուսները` այլ թարմ օրինակներ մեջբերելով ու տեսախցիկներից դուրս անկեղծ զրույց ծավալելու համար խնդրեցին դուրս հրավիրել  լրագրողներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31